26 Նոյեմբեր, Գշ
Ղուկասի ավետարանում նկարագրվում է, թե ինչպես Հիսուս Քրիստոս ժողովրդին ուսուցանելուց հետո Պետրոսին առաջարկում է ձկնորսության գնալ (Ղուկաս 5:1-11): Պետրոսը պատասխանում է, որ ձկնորսության հարմար պահը չէ, որ իրենք ողջ գիշեր ծովում են անցկացրել, սակայն ոչինչ չեն կարողացել որսալ, ջրերի հոսքն անհաջող է, և ձկներն այդ կողմերը չեն հասնում: Ուստի չարժեր անգամ ուռկան նետել, քանի որ որևէ բան որսալու հույս չկար և իրենք իրենց գործի վարպետը լինելով՝ քաջ գիտեին, որ ջրի հոսանքը լավ որս չի խոստանում և այդ ժամին ձկնորսության դուրս գալը զուր գործ է: Այնուամենայնիվ, հնազանդվելով Տիրոջ խոսքին, Պետրոսը ասում է. «Բայց քո խոսքի համար ուռկանները կգցենք»: Պետրոսն ուռկանները տարածում է Հիսուսի ցույց տված ուղղությամբ, և ահա միանգամից ուռկանները շարժվում են՝ լեցուն լինելու ազդանշան տալով: Պետրոսն ու Անդրեասն սկսում են վեր քաշել ուռկանները, որ սպառնում էին պատռվել՝ չդիմանալով ձկների ծանրությանը: Անհրաժեշտ էր ուրիշների օգնությունը: Այն ժամանակ նրանք նշան են անում իրենց գործընկերներին, որոնք մյուս նավակի մեջ էին, որ գան և օգնեն իրենց: Իրենց արհեստից հասկացող ձկնորսները համոզված էին, որ այդ ժամանակ, նման քամու և ջրերի առկայության դեպքում այնտեղ այդքան առատությամբ ձուկ գտնվել չէր կարող: Հետևաբար, հայտնապես և բացարձակորեն Հիսուսի գործածը հրաշք էր: Երբ Պետրոսը տեսավ այս, ընկավ Հիսուսի ծնկների առաջ և ասաց. «Հեռացի՛ր ինձանից, Տե՛ր, որովհետև ես մեղավոր մարդ եմ»: Հիսուսն ասաց Պետրոսին. «Մի՛ վախեցիր, այսուհետև դու մարդկանց պիտի որսաս՝ կյանքի համար»:
Ավետարանական այս հրաշագործությունն իր պատկերավոր արտահայտությունն է գտել Մատենադարանում պահվող բազմաթիվ բարձրարժեք մանրանկարներով հարուստ Օխուի Ավետարանում (ՄՄ 10908): «Ձկնորս առաքյալները» տեսարանում պատկերված է ծովը՝ ձկներով, իսկ վրան՝ ձկնորսների նավը երկու առաքյալներով: Ի դեպ, նավի պատկերը հիշեցնում է Ջուղայեցու՝ նմանատիպ կառուցվածքով՝ կիսակլոր, առագաստներով նավերը:
Հնագույն ձեռագիր հետևյալ Ավետարանում (Թ, 888/159) «Հրաշագործ ձկնորսությունը» պատկերում Հիսուս նավակի մեջ է երկու աշակերտների հետ՝ Պետրոսի և Անդրեասի: Առաջինը ուռկանը քաշելու դիրքի մեջ է, մյուսը՝ թևճակով զբաղված և զմայլած նայում է Հիսուսին: Ներկայացված տեսարանը ճշգրտորեն համապատասխանում է Ղուկասի ավետարանում նկարագրված դրվագին (Ղուկաս 5:2-7), որտեղ խոսվում է Սիմոն Պետրոսի նավակի մասին, հակառակ Մատթեոսի և Մարկոսի պատմածի, որոնց համաձայն ուրիշ անձեր էլ կային նավակի մեջ: Նկարը ունի ՅՍ ՔՍ վերտառությունը:
Զաքարիա Աղթամարցու «Հիսուսի քարոզը ծովի վրա» նկարում (Մատ. ձեռ. № 6402, 1371թ.) մեկ տեսարանի մեջ տեղավորված են մի քանի դեպքերի հաջորդական գործողությունները: Նման կարճառոտ լուծումների դեպքում կարևոր նշանակություն է տրվում ձեռքերի շարժմանն ու դեմքին, որոնց կապն ու փոխհարաբերությունը մյուս կերպարների հետ դառնում է արտահայտչականության հիմնական գործոն:
Մեկնաբանելով Տիբերիական ծովում ձուկ որսալու մանրամասները՝ Եղիշեն գրում է. «Եւ քանզի թուով են երկոտասանք, և երկու են լարք ուռկանին, և չորք ծագ լարացն, յորոց երեք-երեք զմի-մի ծագ առնուն, քանզի երեք կրկինդ է անվթար հաստատութիւն, մի կողմն ընդ արևմուտս, միւսն՝ զոյգ նմին ընդ արևելս, և երկուսն՝ ընդ հիւսիս և ընդ հարաւ: Եւ բոլորակ պարուրաձև. զամենայն աշխարհս ի ներքս առեալ փակեցին…ասացից քեզ և զուռկանն և զուռկանավորսն, և զորս ձկանցն ի քէն ոչ թաքուցից…ծովն աշխարհս է, ուռկանն՝ քարոզութիւն Տեառն, ծագք ուռկանին չորք աւետարանք, ուռկանաւորք՝ երկոտասան առաքեալքն, որսք ձկանցն՝ ամենայն ազգք հեթանոսաց, իսկ խանձոցն ի միջին՝ մարմին և արիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի, և միջոցք ամենայնի՝ հաւատք ճշմարիտք»: Այլաբանական այս բացատրությանը հետևում է ձկնորսության ընդհանրական խորհրդի մեկնությունը. ձկնորսությունը Աստծո և մարդու մերձեցման խորհրդանիշն է. մերձեցում, որ իրականացվում է մի կողմից Հոգու զորության, այն է՝ Աստծո «վերոյ ի վայր» խոնարհումով, այսինքն՝ մարմնացմամբ ու տնօրինական գործունեությամբ, և, մյուս կողմից, մարդկային հավատի «ներքոյ ի վեր» ուղղումով, որ «ըստ իմնալի խոհականութեանն, զերկրաւորս յերկնայինսն մերձեցոյց»: Վերին և ստորին իրականությունների մերձեցման նպատակը մարդու ոգեղինացումն ու փրկությունն է: Եղիշեի վերոբերյալ մեկնաբանություններն օգնում են ճիշտ հասկանալու այլաբանական այն իմաստը, որ տրվել է ձկնորսության պատկերագրությանը հայ միջնադարյան կերպարվեստում:
Կազմեց Գայանե Սուգիկյանը