25 Նոյեմբեր, Բշ
Ամեն ինչ լուծում ունի: Մեր խնդիրների լուծումներից մեկն այն մարդկանց աղոթքները փնտրելն է, որոնց մասին գիտենք, որ աղոթում են ու մեզ համար էլ կաղոթեն: Դա օգնություն է մեր հոգուն: Որովհետև բազմաթիվ դժվարին պահեր են լինում մեր կյանքում, երբ զգում ենք, որ կորցնում ենք «ոտքի տակի հողը», ինչպես այն քանանացի կինը, որ Քրիստոսին ասաց. «Կործանվում եմ, զավակս տառապում է» (հմմտ. Մտթ. 15:22): Ինչ-որ մեկի երեխան հիվանդ է, մեկ ուրիշինը մահացել է, երրորդը հոգեբանական խնդիրներ ունի, հաջորդը դիվահար է, մյուսը ընկճախտով է տառապում, ամենատարբեր խնդիրներ են: Եվ մենք մի այնպիսի կետի ենք հասնում, երբ թվում է, թե այլևս ոչ մի ելք չկա: Լուծումը չենք գտնում ու ասում ենք. «Տե՛ր Աստված, մի լուծում ուղարկիր ինձ»:
Բացառվում է, որ Աստված քեզ անօգնական թողնի, թեկուզև ամենավերջին պահին, բայց կօգնի:
Եվ ես այժմ ասում եմ, որ ամեն ինչ լուծում ունի: Իսկ ինչպիսի՞ն է այն: Չգիտեմ, թե յուրաքանչյուրի համար այն ինչպիսին է, ամեն մեկի համար տարբեր է: Այնպիսին չէ, ինչպիսին դու ես պատկերացնում, այլ այնպիսին, ինչպիսին Աստված կուղարկի: Բայց տեսել եմ, որ երբ հասնում ես անդունդի եզրին կամ արդեն հատակն ես շոշափում, ապա կյանքումդ ինչ-որ լուծում է հայտնվում: Բացառված է, որ Աստված քեզ անօգնական թողնի, թեկուզև ամենավերջին պահին, բայց կօգնի:
Բայց երբ որևէ ողբերգություն ենք ունենում, ապա ցավի ժամանակ մոռանում ես այդ ամենի մասին ու մտածում ես, որ քո խնդիրը չափազանց մեծ ու անլուծելի է: Ահա այսօր մի աղջիկ ինձ էլեկտրոնային նամակ է ուղարկել: Չգիտեմ, թե նա որտեղից է, ինձ շատ մարդիկ են գրում, ամեն մեկն իր ցավով, ես կարդում եմ այդ նամակներն ու ասում. «Տե՛ր Աստված, օգնիր նրանց: Ես չեմ կարող այդ մարդկանց խնդիրները լուծել, մարդկային ուժերից վեր է դրանք լուծելը»: Այդ աղջիկն ինձ ասաց.
- Խելագարվում եմ, օր ու գիշեր լաց եմ լինում:
Հետո ասաց, որ արդեն յոթ ամիս է, ինչ բժշկի նշանակած դեղերը չի ընդունում: Գրեցի, որ սկսի կրկին խմել դրանք: Բայց նա ասաց.
- Չեմ ուզում դրանք խմել, ուզում եմ, որ Աստված ինձ օգնի:
Ասացի.
- Բայց Աստված ասում է, որ դրանք ընդունես: Չէ՞ որ Աստված է քեզ այդ բժշկին ուղարկել, այլ ոչ թե չարը: Նշանակում է, չենք կարող մեզ չօգնել այն դասական եղանակներով, որ կյանքն է տալիս: Քրիստոս Ինքը բազմիցս ասաց մարդկանց. «Գնացեք քահանաների մոտ» (հմմտ. Մտթ. 8:4, Ղուկ. 5:12-14): Գնացեք ձեր ժամանակաշրջանի բժիշկների մոտ, նրանց օգնությունը փնտրեք, նրանք ինչ-որ բան կարող են ձեզ տալ, որովհետև ինքնուրույն չես կարող գլուխ հանել:
Բանն այն է, որ այդ աղջիկը, որ տանջվում է իր խնդրի պատճառով, չի կարող պատկերացնել, որ որոշ ժամանակ անց այդ ամենը կանցնի: Մենք՝ մարդիկս, հակված ենք մեր ցավը չափազանցնելու, այսինքն այն, ինչ այսօր քեզ տանջում է, մտածում ես, որ տասնհինգ տարի անց էլ է տանջելու: Դու չափազանցնում ես այդ ու տարածում մինչ անվերջություն, փոխարենն ասես. «Այսօր խնդիր ունեմ: Դե լավ: Հնարավոր է, որ վաղն այն այլևս չի լինի: Տարիներ անց, արդեն հեռվից դրան նայելով՝ կասեմ. «Ախր ինչո՞ւ էի այդպիսին ու այդպես տանջվում էի»:
Այո, մենք խորտակվում ենք ու ոչ միշտ` մի գդալ ջրում, երբեմն՝ իսկապես բաց ծովում, բայց նաև ամեն ինչ շատ ենք չափազանցնում: Եվ ամենամեծ խնդիրը հենց մեր ուղեղում է թաքնված, որովհետև ամեն ինչ այնտեղից է սկիզբ առնում, որովհետև խնդիրը հենց ինքը՝ խնդիրը չէ, այլ այն, թե դու ինչպես ես դրան նայում: Այսինքն, թե միտքդ ինչպես է դա քեզ մատուցում: Հոգով տառապելն ու դա չափազանցնելն ամենաուժգին տառապանքն է:
- Երբ վերջնագծին ես հասնում, ապա շուտով հրաշք է տեղի ունենում,- ասում էր մի անդամալույծ,- Աստված ինձ չի լքում: Հաճախ լուծումն այն ժամանակ է գալիս, երբ հասնում ես մի պահի, որից հետո այլևս առաջ գնալու տեղ չկա: Այդ ժամանակ ես Աստծուն ասում եմ. «Եթե Դու ոչինչ չանես, ապա ես այլևս չեմ կարողանա այսպես ապրել»:
Եվ իսկապես, այնպիսի մի բան էր տեղի ունենում, որ նրա կյանքում իրերի դասավորությունը փոխվում էր: Նախ և առաջ նա հոգեպես էր փոխվում և խնդրին ավելի ուրախ էր նայում, ավելի լավատեսորեն, հույսով և հավատով: Ես նրան ասացի.
- Նախ պետք է հավատանք, որ ինչ-որ լավ բան կլինի, որպեսզի մեր խնդիրներից մեկի լուծումը գա: Եթե հույսով չես սպասում, ապա չի գա: Որոշ մարդիկ «ավարտի ազդանշան» են տալիս իրենց դժվարության ու հուսահատության մեջ, և վերջնական հետևություն են անում, որ իրենց կյանքում ոչինչ չի փոխվի՝ վե՛րջ, ամեն ինչ ավարտվեց: Իսկ քանի որ նրանք հավատացին, որ ոչինչ չի փոխվելու, ուրեմն ոչինչ էլ չի փոխվում:
Շատ կարևոր է հավատալ փոփոխությանը, բժշկմանը, հրաշքին, մեր կյանքի, կողակցի, զավակի բարելավմանը: Այսինքն, որպեսզի մեր հոգում հույս լինի առ այն, որ ինչ-որ լավ բան է մոտենում, այլ ոչ թե՝ հուսահատություն ու հիասթափություն: Օրինակ՝ հիվանդին յուղով օծում ես, ուրեմն ուղղակի, ձևականորեն մի՛ արա այդ, այլ հավատա, որ հիմա, օծման շնորհիվ, մի շատ կարևոր բան տեղի կունենա նրա հոգում ու մարմնում:
Ախր մենք սկսում ենք լուծում փնտրել՝ առանց հավատք ունենալու: Քրիստոս ի՞նչ էր հարցնում հրաշք գործելուց առաջ. «Հավատո՞ւմ ես» (Հովհ. 11:26): Այսինքն «հավատո՞ւմ ես, որ Ես կարող եմ քեզ ուրախություն, ապաքինում տալ, որ կարող եմ հարություն տալ երեխայիդ»: Երբ ինչ-որ մեկն ասում էր. «Հավատում եմ», այդ ժամանակ հրաշք էր տեղի ունենում, որովհետև հավատը նշանակում է հոգիդ բաց անել, վստահել, ուրախությունը քո մեջ առնել:
Դա նաև կախված է այն բանից, թե մեզ ինչպես են դաստիարակել: Մեզնից շատերն այնքան էլ չեն հավատում, որ արժանի ենք ուրախանալու: Մենք, ինչ-որ առումով, ուրախությունն ու երջանկությունը պատժի հետ ենք կապել: Այսինքն, երբ շատ ենք ուրախանում, ասում ենք. «Վա՜յ, լավ չէ: Այսօր այսքան ծիծաղեցինք, ուրեմն լաց ենք լինելու»: Ո՞ւմ է պետք այդպիսի ծիծաղը, եթե սպասելու ենք, որ վաղն ինչ-որ վատ միջադեպ պիտի լինի: Այսինքն անթույլատրելի է ուրախանալ և հենց ուրախանում ես, միանգամից սպասում ես, որ հիմա մռթիդ հողաթափով հարված ես ստանալու:
Սարսափելին այն է, որ մենք սովորել ենք այդ հողաթափը Աստծո ձեռքը դնել: Մենք մտածում ենք, որ Աստված, ըստ էության, չի ցանկանում, որ մենք ուրախանանք, ուզում է տեսնել, թե ինչպես ենք լաց լինում, տանջվում, ինքներս մեզ խարազանում, մեղքի զգացում ունենում ու լուծում չենք գտնում: Որ մեզ այն երեխաների պես է նայում, ովքեր տանջում են միջատներին՝ ծակում են նրանց մարմինները, թևերն են պոկում, և մենք մտածում ենք, որ Աստծուն հաճելի է նայել մեզ, երբ մենք այդպես տանջվում ենք:
Եթե դու այդպիսի հոգեբանություն ու տրամադրվածություն ունես, ապա քո կյանքում ոչինչ չի կարող փոխվել: Շատ կարևոր է հավատալ, որ լուծումն այնպիսի բան է, որին մենք արժանի ենք և, որ Աստված ուզում է մեր բոլոր խնդիրների պատասխանները տալ:
Մենք չենք ծնվել, որպեսզի լաց լինենք: Լացը որոշակի պահի համար է՝ հինգ րոպեի, հինգ օրվա: Ողջ կյանքի համար չէ: Դե լավ, լաց եղիր, որպեսզի հոգիդ Աստծո հետ հաշտվի, որպեսզի ներում ստանաս, որը Քրիստոս է քեզ տալիս, որպեսզի ընդունես ներման Խորհուրդը՝ Սուրբ Հաղորդությունը, Խոստովանությունը, բայց չէ՞ որ չես կարող ողջ կյանքդ լաց լինել ու բողոքել: Ո՞ւմ ես քո մեջ ընդունել: Նրան, Ով վի՞շտ է: Ո՛չ: Քրիստոս ուրախություն է: Նա քո խնդիրների լուծումն է:
Հետևաբար, պետք է ընդունել և հավատալ, որ լուծում գոյություն ունի:
- Հա՛յր, չեմ կարողանում ամուսնանալ: Ես չեմ ամուսնանա:
Եթե հավատացել ես դրան, ուրեմն չես էլ ամուսնանա, լուծում գոյություն չունի: Բայց եթե ասես. «Գիտեմ, որ Աստված որոշ ժամանակ անց մի լուծում կուղարկի և ես հուսով սպասում եմ դրան», ապա լուծումը կգտնվի:
Մի կնոջ ասացի.
- Հավատա, որ նա, ում հետ ամուսնանալու ես,- ինչպես որ իրականում էլ այդպես է,- այժմ գոյություն ունի:
Որովհետև նա երեսուն տարեկան էր: Ես նրան ասացի.
- Նշանակում է, որ նա գոյություն ունի: Ուղղակի դուք չեք հանդիպել: Ապրիր՝ մտքումդ ունենալով երազանքդ, հույսդ, աղոթքդ: Ի՞նչ է աղոթքը: Մի՞թե հենց դա չէ: «Ես աղոթում եմ» նշանակում է, որ իմ ողջ ուժերով ուզում եմ, որպեսզի պատահի այն, ինչ ուրիշին եմ ցանկանում:
Այսպիսով, պատկերացրու այն մարդուն, ում հետ ամուսնանալու ես:
- Բայց ես նրան չեմ ճանաչում:
- Ոչինչ, որ չես ճանաչում: Հոգիդ գիտե, որ ինչ-որ մեկը պատրաստվում է հանդիպել քեզ և այդպես էլ կլինի:
Այն մարդիկ, ովքեր մշտապես տրտնջում են, բողոքում ու հուսահատությամբ են կյանքին նայում՝ լուծում չեն գտնի:
Այդ սպասումն ու հույսի հոգեբանությունն է, որ մեր կյանքում գործնական լուծումներ է առաջարկում այնտեղ, որտեղ չենք սպասում: Այն մարդիկ, ովքեր մշտապես տրտնջում են, բողոքում ու հուսահատությամբ են կյանքին նայում՝ բնականաբար լուծում չեն գտնի. նրանց հետ հակառակն է տեղի ունեցել՝ նրանք տարվել են տրտունջով, լացով, անելանելի վիճակով ու լուծում չեն գտնում: Որովհետև երբ Աստված որևէ լուծում տա նրանց, նրանք կրկին իրենց նախկին փորձառությանը կվերադառնան: Նրանց մի խնդիրը լուծում ես, իսկ նրանք ասում են.
- Հա՜, բայց… ես սա էլ ունեմ:
Դա էլ ես լուծում.
- Այո, բայց այդպես չէ, այո, բայց…
Սրանք այն մարդիկ են, որ միշտ դժգոհ են: Դժգոհ մարդը լուծումներ չի գտնում, ոչ թե այն պատճառով, որ դրանք գոյություն չունեն, այլ որովհետև ինքը պատրաստ չէ իր հոգին բաց անել դրանք ընդունելու համար: Նրա կյանքում այսպես կոչված տրտնջումը գոյություն ունի:
Աստծուց լուծում ստանալու համար շատ կարևոր է Քրիստոսի ոգու ու Նրա մթնոլորտի վրա տրամադրվել: Այսինքն Քրիստոս խոսում է սիրո, խոնարհության, ներման, աղոթքի, ողորմածության ու բարության մասին: Ով նման միջավայրում է ապրում, որն ըստ էության Աստծո միջավայրն է, նա համաձայն Քրիստոսի է ապրում և Քրիստոս էլ նրան լուծում կտա: Որովհետև երբ դու Աստծո հետ համաձայնության մեջ ես ապրում, Ով բոլոր խնդիրների լուծումն է հանդիսանում, ապա անհնար է լուծում չգտնել:
Բայց երբ Քրիստոսի պատվիրանների ոգու համաձայն չես ապրում… Այսինքն Քրիստոս ասում է. «Ներիր քո թշնամիներին», իսկ դու ներքուստ չարիք ես կամենում ուրիշին: Օրինակ՝ ինչ-որ մեկը հիվանդացել է, իսկ դու հոգուդ խորքում ասում ես. «Տեղն է քեզ», և այդ կերպ չարախնդում ես կամ անիծում նրան: Դրանից հետո այլևս չես կարող Աստծուց լուծում ստանալ, որովհետև հեռանում ես Քրիստոսի ոգուց ու մթնոլորտից, որը սեր է, խոնարհություն ու ողորմածություն:
Սիրո միջավայրում ապրող մարդիկ են գտնում խնդիրների լուծումը:
Հետևաբար, խնդիրների լուծումը գտնում են այն մարդիկ, ովքեր գտնվում են սիրո միջավայրում ու եկեղեցական մթնոլորտում: Նրանք Աստծո կողմից լուսավորված են լինում: Նրանք լուծումը գտնում են ոչ այն ժամանակ, երբ ուզեն, ոչ այսօր. հնարավոր է վաղն այն գտնես, իսկ միգուցե որոշ ժամանակ անց: Բայց ամեն դեպքում հոգուդ ներսում ձայն կլսես, որ քեզ կասի. «Քեզ համար լուծումն այս է»: Եվ թունելի վերջում լույս կտեսնես, կտեսնես քեզ տանջող ու վշտացնող խնդրի լուծումը:
Իսկ լուծումն ի՞նչ է նշանակում: Լուծումն այն է, ինչ մի չինական ասացվածքում է ասվում. «Կյանքում երկու բանի համար մի անհանգստացիր՝ նրա, որ լուծում ունի և նրա, որ չունի»: Որովհետև երբ որևէ բան լուծում չունի, դա արդեն որպես եղելություն ես ընդունում, որ լուծում չունի:
Օրինակ՝ մի ընտանիքում հիվանդ կա. նա հարբուխով հիվանդ չէ, այլ լուրջ, տարիներ ձգվող հիվանդությամբ՝ անդամալուծությամբ կամ մեկ այլ շատ լուրջ բանով: Այստեղ արդեն չես կարող ասել. «Լուծում եմ ուզում, որպեսզի այս վիճակը փոխվի»: Օրինակ՝ երեխան անդամալույծ է: Ի՞նչ կարող ես անել: Սկսում ես աստիճանաբար որպես իրողություն ընդունել այն, ինչ չի լուծվում: Նախ կգոռգոռաս, կնյարդայնանաս, կկռվես, կվիճես Աստծո հետ, հանրության, քաղաքական գործիչների և ողջ աշխարհի հետ, բայց 3-4 տարուց կասես. «Դե ի՞նչ արած: Պետք է ապրել: Իմ երեխան է, իմ դրությունն է և փոխել չի լինի: Ես ընդունում եմ այդ, սիրում եմ նրան ու գրկում»:
Որոշ խնդիրների լուծումը դա է: Խնդիրներ կան, որ արտաքին լուծում չունեն, այլ դրանց լուծումը միայն մեր մեջ է: Այսինքն միայն այն ժամանակ, երբ հոգիս դա ընդունում է ու ես հանգստանում եմ: Իսկ արտաքնապես այն չի փոխվում: Վերջ:
Կիպրոսում ընկերներ ունեմ, որոնց երեխան Դաունի համախտանիշով ծնվեց: Նրանք այլ, առողջ երեխաներ էլ ունեն, իսկ վերջինի մոտ այդ հիվանդությունն է: Նրանք չգիտեին այդ մասին և միայն երեխայի ծնվելուց հետո տեսան: Նրանք նախ լուծում էին փնտրում: Բայց ի՞նչ լուծում պիտի գտնես: Լուծում գոյություն չունի: Նրանք վրդովվում էին, ոչ մի խորհուրդ չէին ընդունում, չէին կամենում սփոփանքի խոսքեր լսել: Երբ որևէ մեկը վերամբարձ խոսքեր էր ասում Աստծո մասին, նրանք լսափողը կախում էին, որովհետև ասում էին.
- Ես քեզ ուղղակի խնդրում եմ: Քեզ մոտ ամեն ինչ կարգին է, և դու դեռ ինձ պետք է հեռախոսով խորհուրդներ տա՞ս, որ նայեմ երեխային ու մտածեմ, որ դա իմ երեխան է և այլն, և այլն: Ես համաձայն չեմ դրան:
Բայց ահա մեկ, մեկուկես տարի անց ասում են.
- Այդ երեխան մեր ուրախությունն է:
Նրանք այժմ տանում են դա, կուլ են տվել: Ոչ բռնի կերպով, բայց ինքդ ես որոշում և ասում. «Ես կապրեմ այս երեխայի հետ»:
Ահա այսպիսին է որոշ խնդիրների ևս մեկ լուծումը:
Իսկ ինչ-որ մեկն ասում է.
- Եթե Աստված լուծում չգտնի ինձ համար, ես ինքնասպան կլինեմ:
- Իսկ ի՞նչ ես ուզում:
- Հապա մի քթիս նայիր: Մի՞թե սա քիթ է: Իսկ ականջնե՞րս:
- Ինչե՞ր ես խոսում:
- Ես գոհ չեմ ինձանից:
Կյանքում բաներ կան, որ այնպես չեն լուծվում, ինչպես մենք ենք ուզում: Պետք է ընդունել այդ, հաշտվել, սիրել ինքներս մեզ այնպիսին, ինչպիսին կանք: Բնականաբար, եկեք փոխենք այն, ինչ հնարավոր է փոխել:
Դու ինձ կասես.
- Իսկ նա չէ՞ր կարող վիրահատության դիմել:
Այն ժամանակ, երբ ասաց ինձ այդ մասին, չէր կարող: Դա 1992թ.-ին էր: Ընկերներիցս մեկն էր: Այն ժամանակ ես քրիստոնեական հավատքն էի ուսուցանում, իսկ նա լիցեյում էր սովորում և ասաց.
- Եթե Աստված մինչև Սուրբ Ծնունդ լուծում չգտնի ինձ համար, ես ինքնասպան կլինեմ:
Ես պատասխանեցի.
- Մի՞թե դա լուծում է:
Նա մի արտասահմանյան երգ էր լսել «Ինքնասպանության որոշում» վերնագրով: Երբ հոգումդ «ինքնասպանություն» բառն ընդունես որպես քո խնդիրներից ելք, ապա իսկույն բժշկի մոտ վազիր: Նշանակում է ամեն ինչ լուրջ է: Երբ մտածես, որ մահը խնդրիդ լուծումն է, նշանակում է քեզ մոտ ընկճախտ, հուսահատություն կամ վհատություն է առաջ եկել: Պարզ է, որ խոստովանահորդ մոտ կգնաս, եկեղեցի կգնաս՝ աղոթելու, բայց եթե այդ վիճակը կպչուն է, ուղեկցվում է անառիթ լացով ու համընդհանուր հուսահատությամբ, եթե ամեն ինչ սև երանգներով ես տեսնում, նայում ես արևին և փոխարենը խավար ես տեսնում, ոչինչ քեզ դուր չի գալիս, ապա լուծումը խոսքերով չէ, ուղիղ բժշկի մոտ վազիր, դու բուժման կարիք ունես, քեզ օգնություն է հարկավոր:
Բազմաթիվ մարդիկ տառապում են, բայց անհրաժեշտ դուռը չեն թակում: Նրանք ոչ այն դռներն են թակում, որ պետք է:
Որովհետև շատերը տանջվում են, բայց չեն գնում ու անհրաժեշտ դուռը թակում: Այլ դռներ են թակում: Օրինակ՝ երեխաներ են ինձ մոտ բերում, որպեսզի դիվահալած աղոթքներ կարդամ նրանց վրա, իսկ երեխաների մոտ զուտ հոգեբանական խնդիրներ են: Բնականաբար այդ աղոթքները չեմ կարդում, քանի որ չեմ կարող բացահայտ նորմալ վիճակում գտնվող երեխայի կամ երիտասարդի վրա աղոթք կարդալ ու ասել. «Դուրս արի, անմաքուր դև»: Երեխայի մոտ ամեն ինչ կարգին է, այսինքն, իհարկե ոչ ամեն ինչ է կարգին, բայց նա դիվահար չէ, քանի որ կարողանում է եկեղեցի գնալ, աղոթել, Սուրբ Հաղորդություն ստանալ: Այլ նրա հոգում նյարդաբանական կամ հոգեբանական տիպի խնդիրներ են:
Հետևաբար, որոշակի բաներ կսիրենք այնպես, ինչպես կան: Բայց կան այլ բաներ, որոնց մասին այն ասացվածքում է ասվում. «Կյանքում երկու բանի համար պետք չէ անհանգստանալ՝ նրա համար, որ լուծում ունի, և նրա համար, որ չունի»: Լուծում չունեցողների համար ասացինք, որ ընդունում ենք այնպես, ինչպես կան: Իսկ լուծում ունեցողների համար պետք է ինչ-որ բան անել: Այսինքն, այն կինը, ում ամուսինը նրան ծեծում է, չի կարող ասել. «Ելքը այս փաստն ընդունելու մեջ է»: Ելքը դա ընդունելու մեջ չէ, այլ պետք է նստել ու խոսել դրա մասին, և դուք պետք է ընդհանուր լեզու գտնեք, ինչպես որ մի ամուսնական զույգ արեց, որ վերջերս ինձ ասաց.
- Մենք նստեցինք ու ասացինք. «Այլևս չի կարող այսպես շարունակվել: Մենք պիտի հասկանանք, թե ինչ է կատարվում և ինչ-որ լուծում գտնենք: Ամիսները, տարիներն անցնում են, իսկ մենք չենք կարողանում ընդհանուր լեզու գտնել: Կռվում ենք, իրար ուտում: Պետք է լուծում գտնել: Այլապես մինչև յոթանասուն, ութսուն, հարյուր տարեկան դառնալն այդպես կշարունակվի»:
Այս պարագայում պետք է բառի լավ իմաստով ոտքը գետնին խփել, իրավունքներդ պահանջել, հասկանալ պատճառը, որպեսզի մեկը մյուսին ու նրա հոգու կարիքները հասկանա, որպեսզի հասկանա, որ «Ես քեզ հետ չեմ ամուսնացել, որպեսզի կյանքս կործանեմ, որպեսզի սիրտս սևանա, որպեսզի մեկս մյուսիս քաղցկեղի հասցնենք: Պետք է հասկանանք, թե ինչ է մեզ հետ կատարվում»:
Որոշ դեպքերում լուծումը կայանում է նրանում, որպեսզի փնտրենք ու փոփոխությունների գնանք մեր կյանքում: Փոխիր այն, ինչ քեզ դուր չի գալիս: Նույնիսկ Սուրբ լեռան վրա, ծանոթներիցս մեկը, ով չէր կարողանում մի վանքում մնալ, պայքարում էր դրա դեմ, մի տարի պայքարեց, երկու, երեք, իսկ հետո ուրիշ վանք գնաց: Այն ժամանակ նա հարցրեց.
- Արդյո՞ք ես լավ վարվեցի:
Դե, խելագարվելու փոխարեն, ավելի լավ է գոնե ինչ-որ բան անել, ինչից հոգիդ կկարողանա կրկին կյանք առնել, ծաղկել ու որպեսզի ինչ-որ մեծ բանի հասնես: Որովհետև ինչ-որ մեկն ինձ ասաց.
- Մի՞թե ամուսնալուծությունը լավագույն լուծումը չէ, այն բանի համեմատ, որ պետք է տառապանք կրեմ, որը երբեք չի ավարտվի:
Պատրաստ որոշումներ, դեղատոմսեր տալը հեշտ չէ: Որովհետև եթե հիմա ասեմ. «Ամուսնալուծություն», ապա ոմանք կասեն. «Հայրն ասաց, որ ամուսնալուծությունը նորմալ է, ով ուզում է, թող բաժանվի»:
Ես նման բան չեմ ասել, այլ ասել եմ, որ որոշակի դեպքերում, որոշ մարդկանց համար գերադասելի է, որ ինչ-որ բան տեղի ունենա, որպեսզի այդ «համակարգը» փոխվի, քան միասին կործանեն միմյանց: Որոշ խնդիրների լուծումը հետևյալն է՝ պետք է ինչ-որ բան փոխել տանը, մեր հարաբերություններում, ընտանիքում, աշխատավայրում:
Օրինակ՝ ինչ-որ մեկին աշխատավայրում անընդհատ արհամարհում են, թիկունքից դանակով հարվածում, անարգում ու ծաղրում: Նա չի կարող ասել. «Ես քրիստոնյա եմ և կզոհեմ ինձ: Հանուն ո՞ւմ: Ես ընտանիք, երեխաներ, աշխատավարձ ունեմ»,- այնտեղ պետք է իրավունքներդ պաշտպանես: Այդ պատճառով էլ եկեք պարզաբանենք, թե ինչ է նշանակում «ես քրիստոնյա եմ», «ես խոնարհ եմ»:
Եկեղեցում դա կոչվում է խելամտություն, որ Աստված մշտապես լուսավորի մեզ, թե ինչ պատասխան տանք կյանքի յուրաքանչյուր մարտահրավերին: Երբեմն պետք չէ ոչինչ անել, այլ ամեն ինչ ընդունել այնպես, ինչպես կա: Իսկ մեկ այլ դեպքում պետք է ոտքը գետնին զարկել ու ասել. «Ո՛չ, սա պետք է փոխել: Վե՛րջ: Երկուշաբթի օրվանից ուրիշ մարդ եմ լինելու: Ես երջանիկ լինելու իրավունք ունեմ, անհնար է, որ մազերս թափվեն, ճերմակեն, որ ես հիվանդանամ, կնճռոտվեմ, որ ստամոքսս ցավի, որ գիշերները չկարողանամ քնել: Ես որևէ լուծում կգտնեմ»:
Եվ կրկին ասում եմ՝ լավ է, որ այս դարաշրջանում ենք ապրում, որովհետև այն ամենն, ինչի մասին այժմ խոսում եմ, հնում հեքիաթի կնմանվեր: Այն ժամանակներում կինը համբերում էր ամուսնու ծեծին: Վերջ: Ուղղակի ասում էր. «Ամուսինս ժամանակ առ ժամանակ ապտակում է ինձ»: Եվ միայն ընկերուհու հետ էր դա քննարկում: Իսկ այսօր ուրիշ է: Օրինակ՝ վերջերս ընտանեկան բռնության դեմ պայքարի միջազգային օրն էր նշվում: Այսպիսով, որոշ խնդիրների լուծումը պետք է տանը գտնենք: Բայց մի հարց էլ կա: Ամուսնու հանդեպ կիրառվող բռնության դեմ պայքարի օր էլ կա: Նման ամուսիններ էլ կան, որ իրենց կանանց կողմից են ծեծի ենթարկվում: Գիտեմ այդպիսի մարդկանց: Սակայն, հարցը նրանում չէ, որ մենք խմբակցությունների ու ճամբարների բաժանվենք և հաղթողներ ու պարտվողներ փնտրենք, այլ, որպեսզի տանը բոլորս էլ հաղթող լինենք սիրո մեջ և փոխադարձ համաձայնության մեջ ապրենք:
Ամուսնական զույգեր կան, որ ինձ չեն ասում. «Ուզում եմ լուծում գտնել»,- այլ փոխարենը հարցնում են, թե իրենցից ով է ճիշտ: Ես ասում եմ.
- Դե լավ, եթե ասենք, որ այս մեկն է ճիշտ, հետո ի՞նչ ես անելու: Մի՞թե չես ասի. «Իսկ Հայրն ասաց, որ ես ճիշտ եմ»:
Նշանակում է, որ հաջորդ վեճի ժամանակ նա կօգտագործի դա ու կասի. «Հայրն ինձ ասաց, որ ես եմ ճիշտ»:
Բանն այն է, որ տանը չի հաղթում նա, ով ճիշտ է: Քրիստոս Իր իրավունքով չհաղթեց: Նա հաղթեց չարին, որովհետև համաձայնեց զրկվել Իր իրավունքից և խաչվել: Սա պարադոքսային տրամաբանություն է, որը Եկեղեցին մեր կյանքերից ներս է բերում: Եթե մեկը կարող է ինչ-որ բան զոհաբերել ընտանիքի բարօրության համար, սակայն իր հոգուն չվնասելով, ապա թող անի: Նա կփնտրի, կնահանջի, կփոփոխվի, սակայն այն աստիճան, որ պահպանի հոգու հավասարակշռությունն ու հանգստությունը: Իսկ եթե դա քայքայում է հոգիդ, ապա պետք է այլ ելք գտնել:
Ծայրագույն վարդապետ Անդրեյ (Կոնանոս)
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի