11 Նոյեմբեր, Բշ
Իրենց պտղից կճանաչեք նրանց (Մատթ. Է 16)
Տոնակատարությունն իր արմատներով հանգում է կելտական Սամհայն (հին իռլանդերեն Samhain- ամառվա ավարտ) տոնին, որը մեծ շուքով նշվում էր հոկտեմբերի 31- ին և խորհրդանշում՝ ցուրտ ու անպտուղ ձմռան գալուստը: Սա կապված էր խաշների արոտավայրից վերադարձի հետ և հին տարվա ավարտն ու նորի սկիզբն էր: Մինչ կաթոլիկ Եկեղեցու կողմից Ամենայն Սրբոց հիշատակությունը նոյեմբերի 1- ը տեղափոխելը տոնը Սամհայն անունով էլ հայտնի էր: Թեև անվանումը ՚ All Hallօws' Eve ՙ բառակապակցությունից է առաջ եկել, որը ՚ Բոլոր Սրբերի նախօրյակ ՙ է նշանակում, այդ աղերսը հազիվ նշմարելի է և առաջին հերթին դիվային ինչ-որ բան է հուշում լսողական ընկալմանը ( հմմտ. Hell - դժոխք, տարտարոս): Այս դիտարկումը փաստվում է գերմանական ՚Hellօween ՙ ռոք- խմբի առկայությամբ:
Պետք է նշել, որ այս տոնը, կելտական տարածքները Հռոմեական կայսրության կազմում ընդգրկվելուց հետո, ազդվել է հռոմեական դիցարանում պտուղների և մրգատու ծառերի Պոմենա (Pօmօna) չաստվածուհու պաշտամունքից: Հելոուինի ժամանակ խնձորի միջոցով կատարվող գուշակություններն այստեղից են վերցված:
Ձմռան շեմը կոխելը կելտերի պատկերացմամբ այն պահն էր, երբ մեռյալների հոգիները վերադառնում էին իրենց նախկին կացարանները՝ տաքանալու ու սննդառության նպատակով: Սակայն միայն մեռյալների հոգիները չէին անդրաշխարհից ողջերի երկիր գալիս, այլև ՝ չարքերն ու ամեն տեսակ չար զորություններ, որովհետև աստենականի և անդենականի սահմաններն այդ օր բացվում էին:
Կելտերն անդենական եկվորների և չար զորությունների բարեհաճությունը շահելու նպատակով նրանց համար առատ ընծաներ էին նախապատրաստում՝ միաժամանակ խարույկներ վառում ու զազրելի հանդերձանք ընդունում, որպեսզի նրանց իրենցից վանել կարողանան՝ յուրայիններ ներկայանալով :
Այսքանն էլ բավական է պատկերացում կազմելու, թե Սամհայնը զուտ հեթանոսական ծիսական արարողակարգ էր: Արդի հեթանոսներն այս տոնն իրենցն են համարում, թեև այն ավելի սատանիստների ջրաղացին է ջուր մատակարարում:
Երբ իռլանդացիները վերաբնակվում են ներկայիս ԱՄՆ- ի տարածքում, ապա իրենց սովորույթներն էլ հետներն են տանում, իսկ ամերիկյան էկլեկտիզմը հեշտ յուրացնում է Հելոուին վերանվանված Սամհայնն և այն 1846 թվականից ցայսօր տոնվում է:
Հելոուինն ԱՄՆ- ում Սուրբ Ծննդից հետո մասայականությամբ երկրորդն է, բայց անուշեղենի վաճառքի քանակով՝ առաջինը, ուստի՝ Հելոուինը նաև մեծ շահութաբերություն ապահովող աղբյուր է:
Ժամանակի պահանջներին բավարարում տալու նպատակով տոնն իր արտաքին դրսևորումներում թեև մեղմացած է ներկայանում, սակայն բնույթը բնավ փոփոխության չի ենթարկվել: Հիշենք, որ դեռևս անցյալ դարի 20-ականներին Հելոուինի տոնակատարությունների ժամանակ տեղ գտնող վանդալիզմի դրսևորումները (ապակիների ջարդում, նստարանների կոտրում, ծառերի այրում և նման բաներ) սկաուտական շարժման կողմից հավաքագրվում են ՚ Sane Hallօweenՙ (առողջ Հելոուին) կարգախոսի ներքո:
Հելոուինն այսօր ներկայանում է որպես անմեղ չարաճճիության ու օյիններ խաղալու, դիմակահանդեսի, զվարճության և ընդհանրապես, լավ ժամանակ անցկացնելու գրավական: Ցավոք, շատերն այս արտաքին շղարշից այն կողմ չեն տեսնում և ակամա չարի կամակատարներ են դառնում:
Հեթանոսական ծիսակարգի ու արդի Հելոուինի միջև հարազատությունն ի ցույց դնելը դժվարություն չի ներկայացնում: Այսպես՝
1.Հելոուինի գիշերը տեղի ունեցող տնային այցելությունները խորհրդանշում են մեռյալների սննդառության փափագն ու չար զորություններին ընծայաբերությունը: Այս ամենին մասնակից են դառնում նաև երեխաներն իրենց ՚Trick օr Treat ՙ (թարգմանական տարբերակներից է ՚ հյուրասիրիր, այլապես ՝ կզղջասՙ- ը) զվարճությամբ:
2. Զազրելի դիմակները ներկայացնում են չար զորություններին, որոնք ձգտում են ինչ – որ չարիք գործել:
3. Անուշեղեն տրամադրողները, թե այն տներն են ներկայացնում, ուր մեռյալներ են այցելել, թե վախեցած այն մարդկանց, որոնք փորձում են չար ոգիների բարեհաճությանն արժանանալ:
4. Դդումից (սկզբնապես շաղգամից ու կարտոֆիլից) պատրաստված լապտերները (Jack-օ-lanterns ) դեգերող հոգիների նշանակն են:
Հելոուինն ուղեկցող վառ կերպարները, ընկալելի սիմվոլիկան ու ենթագիտակցականին ուղղված ազդակները, որոնք արխետիպային բնույթ են կրում, ինչպե նաև համատեղ գործողություններից ծագող խմբային էֆեկտը, երեխաների նեգատիվ գրգռումը պսիխոֆիզիկական, էմոցիոնալ, ներշնչական ուժեղ ազդեցություն են գործում բոլոր ներկաների, բայց հատկապես երեխաների ու դեռահասների վրա:
Այս ամենի կանխատեսելի արդյունքն այն է լինում, որ մասնավորաբար երեխաների ու դեռահասների, որպես առավել խոցելի խմբերի, գիտակցության բարոյալքում է տեղի ունենում, իսկ Բարու և չարի, Գեղեցկի և այլանդակի, Ճշմարտության և ստի համամարդկային պատկերացումները նենգափոխվում են: Դեն է նետվում մահն և մարդկային տառապանքները ծաղրի առարկա չդարձնելու, մարդկային արտաթորանքներն և զոհի արյունը, նույնիսկ խաղային իրադրություններում, որպես անուշեղեն չօգտագործելու, վանդալիզմի և նմանատիպ բաների նկատմամբ բնական պատշաճությունը: Էլ չենք խոսում դիվահարության համար պարարտ հող նախապատրաստելու վերաբերյալ:
Ավելորդ չենք համարում այստեղ ներկայացնել բարձր տարիքի երեխաներին Հելոուինի ժամանակ առաջարկվող ՚ խաղերից ՙ մեկը, որը ՚ Ծեր մահացած Ջոյի անձավ ՙ է կոչվում: Խաղի ՚ իմաստն ՙ այն է, որ աչքերը կապված երեխան մութ անձավում, ուր զետեղված են Ջոյի մարմնի մասերը, պետք է գուշակի, թե մարմնի ինչ մասի է հանդիպել:
Տեղին է հավելել, թե ինչ նյութերով են ներկայանում այդ Ջոյի մարմնի մասերը: Այսպես, լպրծուն վերմիշելը փորոտիքն է խորհրդանշում, կեղևազուրկ լոլիկը՝ սիրտը, երկու խաղողահատիկներ՝ աչքերը, սառը նրբերշիկները՝ մատները, հում կարտոֆիլը՝ քիթը, տոմատի տաք հյութն՝ արյունը: Հատկանշական է, որ որպես ոսկորներ առաջարկվում է օգտագործել համապատասխանող ցանկացած ոսկոր: Տիրող արժեհամակարգի նենգափոխումն ակնհայտ է:
Այս ամենն անպայման նկարահանելու ու տոնակատարության վերջում ցուցադրելու խորհուրդ է արվում:
Արժե խոսել նաև ՚ վհուկների ըմպելիքի ՙ մասին: Այն պատրաստվում է նարնջի ու արքայախնձորի հյութերից և իմբիրի գարեջրից, իսկ, որպեսզի ըմպելիքը թշշա և պղպջակներ արձակի, անհրաժեշտ է կերակրի սոդա ավելացնել: Հավելում եղածին սառցե դաստակ է զետեղվում:
Ցավով պետք է նշել, որ օտար լեզվի հեշտ յուրացման պատրվակով նախ անգլիական թեքումով դպրոցներ, ապա՝ մյուսներն էլ է Հելոուինը ներթափանցել:
Հելոուինին նվիրված ժամանակակից միջոցառումների համեմատական կրոնագիտական վերլուծությունը բացապարզում է դրանց սատանայապաշտական նկարագիրը: Այս միջոցառումների ժամանակ մեծարման առարկա են հանդիսանում չարքերը, վհուկները, հրեշները, վամպիրները, մոլագարները, չար ոգիներն ու սրանց նմանները, իսկ վերջիններս սատանայապաշտության ստորին կարգի ներկայացուցիչներն են: Արտաքին դրսևորումներն ու գունային երանգները բնորոշող ատրիբուտիկան, սիմվոլիկան, ներկայացվող կերպարները, ռեժիսուրան ու կատարվող գործողությունների բարոյագիտական ուղղվածությունն ևս ակնբախորեն սատանայապաշտությունն են մատնացույց անում:
Հելոուինի միջոցով սատանիստական գաղափարների տարածումը նրանով է հատկորոշվում, որ, նորեկների ուղղված լինելով ՝ ենթագիտակցականն է թիրախ օգտագործվում և այդպիսով հետագայի համար ծիլեր գցում: Նորեկների անիրազեկությունը շահարկելով՝ հատուկ մշակված խաղային մարտավարությամբ սատանայապաշտական տարրական ուսուցում է իրականացվում :Միջոցառումների բուն նպատակը քողարկված է գործողությունների առատությամբ ու գործող կերպարների անբռնազբոսությամբ:
Հելոուինի մասնակիցներին դեռևս երկրորդական բաներն են հասու: Նրանց շփման ոլորտը տիրոջ ծառաներով ՝ սատանայապաշտության ստորին կարգի ներկայացուցիչներով է սահմանափակված և սատանայապաշտական արարողակարգի դեռևս դրվագային մասնակիցներ են:
Կարևոր հանգամանք է նաև այն, որ Հելոուինի մասնակիցների մոտ թյուր կարծիք կա, թե հավաքի առիթ է ծառայել Ամենայն Սրբոց հիշատակը: Իրականությունն այն է սակայն, որ սատանան ՚ ստի հայր և ի սկզբանե մարդասպան ՙ(Հովհ. Ը 44) լինելով , որ լուսավոր հրեշտակի կերպարանքով էլ ներկայանալ կարող է (Բ Կորնթ. ԺԱ 14), չի դադարելու մարդկությունը կործանելու իր ծրագրից՝ առանց միջոցների խտրության :
Հելոուինը բացահայտ հակաքրիստոնեական ուղղվածություն ունի և սատանիստական գաղափարաբանական կաղապարները հենց քրիստոնեական մշակույթի կրողներին են հրամցվում, որով քրիստոնյաներն իրենք ակամա գործիք են դառնում՝ դիվային ուժերին սպասարկող :
Արդ չեղծենք Աստուծո Պատկերը մեր մեջ, հեռու վանենք Աստուծո որդեգրությունից մեզ հրաժարվելու հրապուրող ազդակները, Աստուծո Ճշմարտությունը ստի հետ չփոխարինենք (Հռոմ. Ա 25) :
Գևորգ սարկավագ Համբարձումյան