Օգոստոսի 24-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանն այցելեց Նուբարաշեն Բ-6 թաղ. 14-ի առաջին հողակտորում բնակվող Խաչատրյան ընտանիքին: Բազմաթիվ դժվարություններ տեսած, բայց լավատեսությամբ լեցուն տիկին Ռիման (73 տ.) պատմեց, որ տասներեք տարի է, ինչ ինքն իր տղայի, հարսի և չորս թոռների հետ բնակվում է ինը մետրանոց տնակում, որի տանիքը վերանորոգման կարիք ունի: «Բնակարանի հարցով շատ անգամներ եմ դիմել պետությանը, բայց ապարդյուն: Իմ վաստակածով կարողացա այս տնակը գնել, բայց այժմ հնարավորություն չունենք այն նորոգելու: Տղաս առողջական խնդիրների պատճառով երկար ժամանակ ի վիճակի չէ աշխատելու, միայն ես եմ աշխատում: Փորձում ենք գոյատևել իմ աշխատավարձի և ընտանեկան նպաստի գումարներով»,- ասաց տիկին Ռիման:
Ընտանիքի հետ զրույցից հետո Տեր Գրիգորը տիկին Ռիմային հաձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր ամերիկաբնակ Կարեն Վարդանյանը: Տիկին Ռիման անչափ շնորհակալ էր Վարդանյան ընտանիքին՝ օգնության ձեռք մեկնելու համար:
Ողորմության առաքինության վերաբերյալ թե՛ Սուրբ Գիրքը և թե՛ հայրաբանությունը հորդորում են. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, քանի որ Իմ այս փոքր եղբայրներից մեկին արեցիք այդ՝ Ինձ համար արեցիք»,- ասում է Տերը (Մատթ. 25:40), «Ողորմություն տվողին ձեռք մեկնողն աղքատ մուրացկանն է, բայց ողորմություն առնողը՝ Աստված» (Ս. Հովհան Ոսկեբերան): Այս հորդորների մասին է վկայում հետևյալ պատմությունը. «Ցարգրադ քաղաքում մի մարդ էր ապրում, որ չափազանց առատաձեռն էր աղքատների հանդեպ: Երբ նա քայլում էր քաղաքի փողոցով, նրան բազմաթիվ աղքատներ էին հետևում և նրանցից յուրաքանչյուրին նա ողորմություն էր տալիս: Մի անգամ նրա մտերիմ ընկերներից մեկը նրան հարցրեց՝ ի՞նչն է ստիպում քեզ այդքան ողորմած լինել: Նա պատասխանեց. «Տասնամյա պատանի էի, երբ մի օր եկեղեցի մտա և ժողովրդին ուսուցանող հոգևորականից լսեցի, որ աղքատին ողորմություն տվողը տալիս է մեր Տիրոջը՝ Հիսուս Քրիստոսին: Կասկածեցի հոգևորականի խոսքերին, բայց հետո տեսա աղքատի, ում գլխավերևում Քրիստոսն էր: Անցորդներից մեկն աղքատին հաց տվեց, այդ հացն ընդունեց Քրիստոս և հացի փոխարեն օրհնեց անցորդին: Տեսնելով այդ հրաշքը՝ հավատացի, որ ճշմարիտ է այն, որ աղքատին ողորմություն տվողը, Քրիստոսին է տալիս: Այդ ժամանակվանից որքան կարողանում էի, ողորմում էի կարիքավորներին»»:
Կարինե Սուգիկյան