25 Ապրիլ, Շբ, Հինանց ԻԱ օր
Սիրելի՛ եղբայրներ և քույրեր ի Քրիստոս,
Այսօր խոսքս ցանկացա սկսել հատկապես այսպես, այս ողջույնով դիմել ձեզ, քանի որ ավետարանական ընթերցվածքը հենց դրա մասին է: Ղուկասի ավետարանում կարդում ենք. «Իմաց տվին նրան և ասացին. «Քո մայրը և քո եղբայրները դրսում կանգնել են և ուզում են քեզ տեսնել»։ Եվ նրանց ասաց. «Իմ մայրը և եղբայրները սրանք են, որ Աստծու խոսքը լսում են և կատարում» (Ղուկ. 8:20, 21):
Հիսուս Քրիստոս՝ Աստծու Որդին, աշխարհ եկավ ու ծնունդ առավ Սուրբ Կույս Մարիամից՝ այդպիսով հավիտենական անժխտելի կապով միանալով Աստվածամորը: Սակայն Նրա խոսքերը ցույց են տալիս, որ Աստվածորդին Իր հետ արյունակցական կապով կապվածներին ավելի մոտ չի համարում, քան Սուրբ Մկրտությամբ և Սուրբ Հոգով միավորվածներին: Եվ ցույց է տալիս նաև, որ աշխարհ եկավ համայն մարդկության փրկության, այլ ոչ թե միայն Իր հետ արյունակցական ազգակցություն ունեցողների համար:
Ավետարանական այս մի տողով միայն Տեր Հիսուս ձևակերպում է Աստծու ընտանիքի բանաձևը: Բայց այստեղ պիտի ուշադիր լինեք, սիրելի՛ հավատացյալներ. Տերն ասում է` որ Աստծու խոսքը լսում են և կատարում: Չի ասում միայն լսում են, այլև կատարում, քանզի լսողները շատ են, կատարողները՝ քիչ: Եվ սա արդեն իրական կոչ է` սթափվելու և դուրս գալու ինքնախաբեության վիճակից, երբ Աստծու Խոսքը միայն մասնակիորեն ենք կատարում՝ հարմարեցնելով այն մեր նախասիրություններին, ընտրելով միայն այն պատվիրանները, որոնք հարմար են մեզ:
Սիրելինե՛ր, եթե դուրս գանք մեր սիրելի «ես»-ի նեղ պատյանից ու նայենք մարդկության ընդհանուր պատմությանը, կտեսնենք, որ հարազատության զանազան կապերով կապված ենք միմյանց: Նախ՝ բոլորս էլ Ամենակարող Արարչի արարածներն ենք. բոլորս էլ սերում ենք Ադամից: Հետո՝ բոլորս ազգային նույն արմատն ունենք ու միավորված ենք միևնույն հայրենիքով: Սակայն երբ Քրիստոս խոսեց հոգևոր հարազատության առաջնայնության մասին, նա խոսեց այն մարդկանց մասին, որոնք միավորված են հոգևոր հարազատությամբ, այսինքն` Քրիստոսով: Իսկ այդ հոգևոր հարազատությանն առաջին անգամ առնչվում ենք Եկեղեցում՝ Քրիստոսի գլխավորած մարմնում, որտեղ Մկրտության սուրբ ավազանից վերածնվում ենք որպես Երկնային Հոր որդեգիր զավակներ, այնուհետև միավորվում Սուրբ Հոգով և Սուրբ Հաղորդությամբ:
Այստեղ ցանկանում եմ խոսքս մի պահ ընդհատել, սիրելի՛ եղբայրներ ու քույրեր, և ձեզ խորհելու հնարավորություն տալ: Յուրացնելու այն միտքը, որ Քրիստոս տվեց, ու ես էլ այսօր ներկայացնում եմ. մենք` այստեղ գտնվողներս, եթե մեզ իրապես քրիստոնյա ենք համարում, եթե ոչ միայն լսում ենք Հոր Խոսքը, այլև կատարում, եղբայրներ և քույրեր ենք... Միայն լսե՛ք, թե ի՜նչ քաղցր է հնչում՝ եղբայր և քույր: Որքա՜ն ջերմություն է արթնանում հոգումդ, երբ մտածում ես արյունակից եղբորդ կամ քրոջդ մասին: Իսկ այժմ նայե՛ք ձեր հարևանությամբ նստած հոգևոր քրոջը կամ եղբորը: Արդյո՞ք նույնն եք զգում: Կարող եք չպատասխանել, սիրելինե՛ր: Վստահ եմ` ո՛չ: Նույնիսկ կարող եմ ասել, թե ինչու: Որովհետև զավակներին ծնողն է միավորում և այն գիտակցությունը, որ միևնույն ծնողի զավակ են, միևնույն ծնողի դաստիարակությունն են ստանում ու խրատները լսում, նրանից ժառանգած ավանդույթներին հետևում: Իսկ մենք այդ գիտակցությունը չունենք ցավոք: Եկեղեցի գալով` չենք գիտակցում, որ մեր Բազումողորմ Ծնողի տուն ենք եկել: Սրտի այն թրթիռը չենք ունենում, երբ սիրելի հայրական օջախ ենք մտնում ու տեսնում մեր արյունակից հարազատներին:
Քրիստոս պատվիրան տվեց. «Սիրի՛ր մերձավորիդ քո անձի պես»: Իսկ սիրելն ինչպե՞ս է արտահայտվում, բարեկամնե՛ր: Ո՞վ է մեզ համար սիրո գլխավոր օրինակը: Իհարկե Նա, Ով այնքան սիրեց աշխարհը, որ մինչև իսկ Իր Միածին Որդուն նվիրաբերեց (Հովհ. 3:16): Եվ Հիսուս Քրիստոս էլ ցույց տվեց Իրեն ու միմյանց սիրելու, բարեկամանալու ճշմարիտ ճանապարհը՝ ասելով, որ Իր Հոր խոսքը պիտի լսենք ու կատարենք:
Սուրբ Հովհան Ոսկեբերանն այս առիթով ասում է. «Ինձ այդպիսի անգութ խոսքեր մի՛ ասա, թե ինչո՞ւ պետք է հոգ տանեմ: Ես նրա հետ ընդհանուր ոչինչ չունեմ: Մենք ընդհանուր ոչինչ միայն սատանայի հետ չունենք, իսկ բոլոր մարդկանց հետ շատ ընդհանուր բաներ ունենք: Նրանք մեզ հետ նույն բնույթն են կրում, բնակեցնում են միևնույն Երկիրը, սնվում են միևնույն կերակուրներով, նույն Ամենակալն ունեն, նույն օրենքներն են ստացել և կանչված են այն նույն բարուն, ինչ որ մենք: Այդ պատճառով էլ չասենք, թե նրանց հետ ընդհանուր ոչինչ չունենք, որովհետև դա չարի ձայնն է, սատանայական անմարդկայնությունը: Արդ, այսպիսի բաներ չասենք, այլ եղբայրներին վայել հոգատարություն ցուցաբերենք»:
Սիրելինե՛ր, հասկանում եմ` հիմա կասեք, թե դժվար է այդքան մարդու ճանաչել և նրանց մասին հոգ տանել: Բայց մի ճշմարտություն էլ գիտեմ, որ ավելի հեշտ է ուղղակի ասել, որ բոլոր մարդկանց էլ սիրում ես, քան իրականում միայն մի մերձավորի սիրել: Ուստի պետք է համբերությամբ զինվել, սկսել աստիճանաբար գործել ու քայլ առ քայլ մոտենալ նպատակակետին: Գիտեմ` շատ հաճախ տկարանում ու դժվարանում ենք նույնիսկ ինքներս մեզ ճշմարիտ ուղու վրա պահել, էլ ուր մնաց, թե ուրիշների մասին հոգ տանենք: Բայց հասկանում եմ նաև, որ Տիրոջ պատվիրածն ամենևին էլ անհնարին չէ, այլապես անիմաստ կլիներ. ուղղակի մեզանից անկեղծ նվիրում, անդադար աշխատանք ու զոհաբերություն է պահանջվում՝ նախ և առաջ հենց ինքներս մեզ ուղղելու, որպեսզի կարողանանք Աստծու խոսքը մեր կյանքում կիրառել, ու հավատացե՛ք, երբ սկսենք դա իրապես անել, կտեսնենք, թե որքան դյուրին է սիրել մեր հավատակից եղբորը կամ քրոջը, որովհետև սովորել ենք սիրել Հորը: Հավատացե՛ք, սիրելինե՛ր, Երկնային Հայրը բոլորիս հավասարապես է սիրում, և Նրա Որդին խաչվեց հավասարապես բոլորիս համար, ուստի կոչ եմ անում ամենքիս դադարել փարիսեցիներ լինելուց ու մարդկանց դասակարգելուց, մեր «ես»-ը բարձրացնելուց և ուրիշներին նվաստացնելուց: Գիտեմ, միևնույն է, շարունակում եք ուրիշների թերություններն ու սխալները տեսնել, բայց հիշեցե՛ք ժողովրդական խոսքը, որ հարազատներին չեն ընտրում: Մեր մեղավոր ու կրքերով տարված արյունակից հարազատին փորձում ենք զգուշորեն խրատել, օգնել նրան դարձի գալու, աղոթում ենք նրա համար, ի վերջո միայն համբերում ենք, սակայն չենք դադարում հարազատ լինելուց: Ճիշտ նույն կերպ պետք է մեր հոգևոր հարազատներին վերաբերվել: Հովհանես առաքյալն իր առաջին ընդհանրական նամակում գրում է. «....ով չի սիրում եղբորը, մնում է մահվան մեջ։ Ամեն ոք, ով ատում է եղբորը, մարդասպան է. և գիտենք, որ ամեն մարդասպան իր մեջ հավիտենական կյանք չունի։ Սերը նրանով ճանաչեցինք, որ Հիսուս իր կյանքը տվեց մեզ համար. մենք էլ պարտավոր ենք մեր եղբայրների համար տալ մեր կյանքը։ Ով այս աշխարհի բարիքներից ունենա և տեսնի իր եղբորը մի բանի կարոտ ու փակի իր սիրտը նրա առաջ, Աստծու սերը ինչպե՞ս կարող է բնակվել նրա մեջ։ Որդյակնե՛ր, խոսքերով և լեզվով չսիրենք, այլ՝ գործով և ճշմարտությամբ» (Ա Հովհ. 3:14-18)։ Ուստի, սկսենք մեր ընտանիքի անդամներից, սիրելինե՛ր, որովհետև ինչպես առաքյալն է գրում. «Իսկ եթե մեկը յուրայիններին և մանավանդ ընտանիքին խնամք չի տանում, հավատն ուրացել է և ավելի չար է, քան անհավատը» (Ա Տիմ. 5:8)։ Այնուհետև մեր սրտերն ուղղենք մեր հավատակից հարազատներին, գործընկերներին, հարևաններին և այլոց: Միայն այս կերպ կարող ենք սիրող սիրտ ունենալ և հաստատվել այն ճանապարհին, որ տանում է դեպի մեր Հայրը, Ում սերն էլ մեր հանդեպ անսպառ է ու հավիտենական: Եվ չմոռանանք, սիրելի՛ քույրեր ու եղբայրներ, որ ամենատես Աստված առաջին հերթին մեր սրտերին է նայում, ուստի, ամեն կերպ խուսափենք մեր հարազատների հանդեպ նույնիսկ սրտում մեղք գործելուց:
Արդ, մաղթում եմ ամենքիս, սիրելի՛ հարազատներ, սիրելի՛ եղբայրներ և քույրեր ի Քրիստոս, որ աստվածային սերը թագավորի մեր սրտերում, Սուրբ Հոգին ամրացնի մեր հոգևոր հարազատության կապերը, և մենք էլ Աստծու խոսքի ոչ միայն լսողները, այլև նախանձախնդիր կատարողները լինենք: Աստծու սերը, շնորհն ու խաղաղությունը լինի ամենքիս հետ: Ամեն:
Տեր Գրիգոր քհն. Գրիգորյան