Կար-չկար մի մարդ, ով մի օր հավատաց Աստծուն: Նա նկատեց, որ այն տախտակը, որի վրա սովոր էր թեժացած թավան դնել՝ իրականում սրբապատկեր է: Զգուշությամբ ձեռքն առավ այն ու սիրելի Պատկերը նկատեց դրա վրա… Իսկ հետո ի՞նչ պիտի անի:
Հնարավոր է ուղղակի չնկատի կեղտը: Չէ որ դա այնուամենայնիվ սրբապատկեր է: Նա լաթի կտորով կմաքրի ամենճարպոտ կեղտաբծերը, կկախի պատվավոր տեղում, մարդկանց կկանչի՝ ուրախացեք ինձ հետ միասին, սրբապատկեր է գտնվել: Տեսեք, թե ինչպիսին է Նա՝ իմ Աստվածը: Ահա՛ Նրա պատկերը: Մարդիկ նայում են, հարգում իրենց ընկերոջ կրոնական զգացմունքները: Բայց սրբապատկերը չի տպավորում նրանց: Հին է, մաշված, Պատկերն էլ չի երևում: Եվ ընդհանրապես, պարզ չէ, թե ով և ինչ է նկարել: Եվ նրանք միմյանց ետևից խոհանոց են գնում, իրենց աչքին սովոր թավաների մոտ: Այդպիսի պատկերը նրանց պետք չէ: Մարդը վազում է նրանց ետևից, թափահարում իր սրբապատկերը՝ տեսեք, թե ինչ հրաշք է, ինչպիսի ներկեր են: Մարդիկ ծամածռվում են՝ ո՛չ, այդպիսի աստված մեզ պետք չէ: Թավայի համար տակդիրն ավելի լավ է:
Բայց հնարավոր է, որ պայքար սկսի մաքրության համար: Խորը ներծծված կեղտը, զզվելի մակագրությունները կզայրացնեն նրան: Դրանք այնպես են ներթափանցել ներկի շերտի մեջ, որ արդեն հեշտությամբ չեն մաքրվի: Մարդը վերցնում է կացինը, ռանդան ու սկսում աշխատել: Տաշեղները մի կողմ են թռչում և ահա, աստվածանարգ մակագրություններն ու ճարպոտ կեղտաբծերը տաշված են: Նրա առջև նոր տաշված տախտակ է, որի վրա դեռևս նկատվում է նախկին Պատկերը: Ռեկորդային կարճ ժամանակում մաքրություն արեց: Եվ կացինն ու ռանդան վերցնելով՝ հարևանների մոտ գնաց՝ տեսեք, սրբապատկերներ եմ կեղտից մաքրում: Ամենն ինձ մոտ բերեք, իմ կացինն ամենասուրն է: Ինչպե՞ս, չե՞ք ուզում: Այդպես էլ կեղտո՞տ եք թողնելու: Դո՞ւր է գալիս այդպես: Հենց ձե՛զ է պետք կացնով…
Սակայն հնարավոր է նաև, որ մարդը սկսի սրբապատկերը վերականգնել: Սրբապատկերը նուրբ գործ է: Ամենալավ ներկերն ու վրձինները կփնտրի: Այսպես ողջ կյանքը կարող է որակյալ նյութերի փնտրտուքի մեջ անցկացնել: Բայց կարող է նաև ձեռքի տակ ընկածով բավարարվել: Ձեռքը կվերցնի վիրադանակը, հատուկ վրձիններն ու թուղթը… Բայց ոչ բոլորն են կարող նկարել, իսկ վերականգնել՝ առավել ևս: Նա երկար տարիներ կաշխատի իր սրբապատկերի վրա, կջնջի, նորից կնկարի, կթարմացնի, կմշակի: Եվ նրա սրբապատկերը մե՛կ վրուբելյան դևին կնմանվի, մե՛կ՝ Չեբուրաշկային: Փոխարենն՝ անհատական ստեղծագործություն է:
Բայց հնարավոր է սրբապատկերը մասնագետներին տա, թող ուղղեն ինչ կկարողանան: Նրանք հենց դրա համար են: Եվ ահա, մասնագետներից մեկը ձեռքն է առնում սրբապատկերը. «Հրաշալի է, տասնյոթերորդ դար: Այստեղ կուղղենք, այնտեղ կներկենք, մի քիչ կծխահարենք, որպեսզի հնի նմանվի»: Լծվում է աշխատանքի, սկսում է հենց հին պատկերի վրայից նկարել և ինչ-որ այլ բան է ստացվում, որն այնքան էլ Պատկերին նման չէ: Բայց չէ՞ որ ինքը տասնյոթերորդ դարի գործերով զբաղվող աշխարհի ամենալավ մասնագետն է: Դե, եթե աշխարհինը՝ չէ, ապա թեմինը՝ հաստատ: Մարդը վախենում է, խլում է սրբապատկերը նրա ձեռքից ու վազում մեկ այլ մասնագետի մոտ. «Ի՞նչ տասնյոթերորդ դար: Տասնչորսերորդ է: Նա ամեն ինչ փչացրել է: Բայց ոչինչ, մենք կուղղենք»: Եվ ևս մեկ շերտ ներկ է դրվում, սակայն կրկին այն չէ: Եվ ևս մեկ փորձագետ, ևս մեկ շերտ… Մարդը հանգիստ չի գտնում: Իսկ փորձագետները վիճում են, յուրաքանչյուրն իր թվագրումն է պնդում, աշխատանքի իր եղանակները: Իսկ էլ ի՞նչ ակնկալես նրանցից: Իրենք են իրենց մասին ասում. «Մենք միայն ենթավարպետներ ենք: Վարպետն ուրիշ է»:
Հնարավոր է նաև հարցին հանգիստ ու խելամիտ մոտեցում ցուցաբերել: Վերականգնել չի ստացվում, փչացնել չեմ ուզում, այսպես թողնել էլ չի կարելի: Կարելի է թղթե սրբապատկեր գնել եկեղեցու մոմավաճառի կրպակից ու փակցնել վրայից: Ինչ է, միայն ե՞ս եմ այդպես վարվում: Հարևաններինն էլ այդպես է:
Սակայն մարդը կարող է սրբապատկերը թանգարան տանել: Այնտեղ կորոշեն, թե ինչպես վարվել դրա հետ: Եվ կկախեն ճիշտ տեղում: Հնարավոր է փող էլ տան: Հոգսից կազատվեմ՝ նրանք ամեն ինչ իմ փոխարեն կանեն:
Բայց հնարավոր է…
Ո՞րն է ամենալավը: Սրբապատկերը Վարպետին տանել: Վճարելու հնարավորություն չկա, բայց կարելի է աշակերտել Նրան: Իսկ ինչ վճարի մասին է խոսքը, Նա այդ սրբապատկերով կզբաղվի, որովհետև այն արդեն մեծ արժեք ունի Իր համար: Նա նախաստեղծ լույսը կտեսնի դրա մեջ: Քանի որ ասում են դա Իր սեփական արարածն է: Միայն թե պետք չէ Նրա արվեստանոցից հեռանալ, այլապես կկարծի, թե այդ սրբապատկերը քեզ պետք չէ: Նրա կողքին կանգնիր: Փորձիր նախաստեղծ գեղեցկությունը նկատել: Նա կհուշի քեզ, թե որ գծերն են ոչ պատահական, և որոնք է պետք ջնջել: Իսկ հետո Նրա աշխատանքին մասնակցիր: Ներկերը բացիր, վրձինները լվա: Ոչ թե այն պատճառով, որ Նա առանց քեզ չի կարող գործել, բայց եթե Նա թույլ տա սեփական աշխատանքիդ մի փոքր մասնիկը ներդնես, ապա այդ սրբապատկերն աշխարհում ամենաթանկարժեքը կլինի քեզ համար: Իսկ Նա թույլ կտա: Նա սիրում է ընկերակցությունը: Ենթավարպետների հետ էլ ծանոթացիր, նրանք շատ բաներ կհուշեն ու կհիշեցնեն քեզ, կքաջալերեն: Չէ որ նրանք էլ իրենց տեղն ունեն այդ արվեստանոցում: Վարպետն Ինքն է նշանակել նրանց՝ նորեկների մասին հոգ տանելու համար: Եվ մի օր Նա կվստահի, որ մի փոքր գիծ էլ դու դնես, և դա երջանկություն կլինի: Իսկ եթե սկզբում ծուռ ստացվի, ոչինչ, Նա կուղղի:
Հետո, երբ այլ մարդկանց հանդիպես, ովքեր սրբապատկերներ ունեն՝ կասես. «Գնանք ինձ հետ, ես ճանաչում եմ Վարպետին: Նա քո Պատկերին կվերադարձնի նախկին գեղեցկությունը: Ես իմ օրինակով գիտեմ, քանի որ Նա արդեն սկսել է իմ Պատկերի վրա աշխատել»:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի