Մարտի 8-ին, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը սիրիահայ համայնքից Խաթուն Հալաջյանին (77 տ.) հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր ամերիկաբնակ Կարեն Վարդանյանը: Երեք տարի առաջ տիկին Խաթունը Սիրիայում ծագած պատերազմի պատճառով Հայաստան է եկել և վարձակալությամբ բնակվում է Շինարարների 99/14 հասցեում: Տիկին Խաթունը նշեց, որ միայն կենսաթոշակի գումարով դժվարանում է տան և կոմունալ վարձերը վճարել: «Տան վարձի վճարման հարցում մի որոշ ժամանակ եղբայրս ինձ օգնեց, ժամանակ առ ժամանակ հինգ դուստրերս են օգնում, ովքեր ամուսնացած են, բայց ֆինանսական խնդիրներ ունենալու պատճառով՝ իրենք էլ մշտապես չեն կարողանում օգնել»,- ասաց տիկին Խաթունը՝ իր երախտագիտությունը հայտնելով Տեր Գրիգորին և աջակից անձին՝ ուշադրության ու հոգածության համար:
Ըստ Սուրբ Գրքի և Հայ եկեղեցու դավանանքի՝ մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի երկրորդ գալստյան ժամանակ մեռելները մարմնով հարություն են առնելու (Ա Կորնթ. 15:35-54), որպեսզի «կանգնեն Քրիստոսի ատյանի առաջ, որպեսզի յուրաքանչյուրն իր մարմնով ընդունի երկրի վրա իր կատարած բարի կամ չար գործերի հատուցումը» (Բ Կորնթ. 5:10): Եվ որպեսզի մարդը հավիտենական երանելի կյանքին արժանանա, պետք է աստվածահաճո կյանքով ապրի, նորոգի իր կյանքը պահեցողությամբ, որ կոչում է իրեն մեղքերից հրաժարվելու, դեպի Աստված դառնալու և ունեցածը ի բարին գործածելու: Հարստության ճիշտ գործածության վերաբերյալ Հակոբոս առաքյալն իր ընդհանրական նամակում հետևյալ զգուշացումն է տալիս հարուստներին. «Դո՛ւք էլ լսեցեք ինձ, հարուստնե՛ր: Լացե՛ք ու դառնորեն ողբացե՛ք այն դժբախտությունների համար, որ գալու են ձեր գլխին, որովհետև ձեր հարստությունը փտություն է, ձեր հագուստները՝ ցեցի կեր: Ձեր արծաթն ու ոսկին ժանգոտ են, և նրանց ժանգը ձեր դեմ վկայություն կլինի ու կրակի պես կլափի ձեր մարմինները, քանի որ իր վախճանին մոտեցող այս աշխարհում դուք միայն ա՛յս գանձերը դիզեցիք» (Հակոբոս 5:1-4):
Կարինե Սուգիկյան