Արարչաստեղծ բնությունը տարվա բոլոր եղանակներին յուրահատուկ գեղեցկություն ունի, բայց ամառը մարդուն բացառիկ հնարավորություն է տալիս՝ հիանալու ողջ արարչագործությամբ: Ըստ հայրաբանության՝ Արարչին հնարավոր է ճանաչել Նրա արարչագործությամբ: Եթե մարդ ուշադրությամբ նայի անգամ ամենափոքրիկ դաշտային ծաղկին, ապա կբացահայտի արարչագործության հրաշքը: Ծաղիկները ոչ միայն մարդու կյանքն են զարդարում, այլև կարող են ներքուստ փոխել նրան՝ խաղաղեցնել, քաջալերել և ոգեշնչել:
Երբևէ Քրիստոսի հետևորդը խորհե՞լ է, թե ինչ կարող են իրեն հիշեցնել ու ուսուցանել ծաղկաշատ այգիները: Հայրաբանական խոսքի համաձայն՝ ծաղկանոցներին նայելով՝ մարդ նախ և առաջ պետք է հիշի, որ իր հոգին կոչված է նրանց նմանվելու, կոչված է զարդարելու իրեն աստվածային ծաղիկներով՝ քրիստոնեական առաքինություններով: Թեև ծաղիկները տարբեր են, բայց նրանք բոլորը գեղեցիկ են և շոյում են մարդու աչքը։ Այդպես էլ մարդկանց հոգիները․ թեև տարբեր են, բայց եթե զարդարված են առաքինություններով, ապա գեղեցիկ են և ուրախություն են պարգևում Արարչին: Այդ պատճառով, երբ մարդ նայում է ծաղիկներին, պետք է իրեն այս հարցն ուղղի՝ իմ հոգում աճո՞ւմ են առաքինության ծաղիկներ՝ խոնարհություն, սեր, ողորմածություն, քաջություն, մեծահոգություն, բարություն, թե՞ աճում է միայն փուշ ու տատասկ՝ կրքեր ու մեղքեր: Հոգին կարող է նման լինել ոչ միայն ծաղկանոցի, այլ նաև աղտոտված և անպիտան մի վայրի, ինչը ևս մարդուն խորհելու առիթ կարող է տալ՝ արդյո՞ք իմ հոգին էլ այդպիսի մի վայրի չի վերածվել՝ աղտոտվելով ոչ մաքուր մտքերից, խոսքերից և գործերից:
Այս հարցումները շատ հաճախ քրիստոնյաներին կարող են տխուր բացահայտման առջև կանգնեցնել, բայց ոչ հուսահատեցնել, այլ կարևոր ու փրկաբեր քայլերի մղել: Ինչպես աղտոտված վայրում չեն կարող աճել ծաղիկներ, այնպես էլ ոչ մաքուր հոգում չեն կարող աճել քրիստոնեական առաքինություններ: «Աստված իմաստությունը, գիտությունը և ուրախությունը տալիս է այն մարդուն, որը հաճելի է Իր առջև, իսկ մեղավորին տալիս է հավաքելու և դիզելու հոգս, որպեսզի նա ձեռք բերածը տա այն մարդուն, որը հաճելի է Աստծու առջև» (Ժող. 2:26),- ասում է Սուրբ Գիրքը: Այսպիսով, յուրաքանչյուր քրիստոնյայի նպատակը իր հոգին աղտոտված վայրից առաքինության ծաղիկներով զարդարված ծաղկանոցի վերածելն է: Հոգին մաքրելու կարևոր այդ աշխատանքի մեջ Եկեղեցու հայրերն առաջարկում են այն մաքրել նախ քարերից, աղբից և մոլախոտերից, այսինքն՝ մաքրել մեղքերի աղտոտվածությունից՝ գողությունից, անառակությունից, հպարտությունից, հիշաչարությունից, փառասիրությունից, նախանձից, դատելուց և այլ մեղքերից: Հոգին մաքրելու միակ միջոցը ապաշխարությունն է, որը քրիստոնեական կյանքի հիմքն է և առանց այդ խորհրդի հնարավոր չէ քրիստոնեաբար ապրել: «Ապաշխարեցե՛ք, որովհետև Երկնքի Արքայությունը մոտեցել է» (Մատթ. 3:2),- ասում է Քրիստոս:
Հողը մաքրելուց հետո այգեգործն սկսում է այն փորել, որպեսզի կարողանա սերմանել: Ինչպես քարացած հողում հնարավոր չէ սերմանել, այնպես էլ մեղքերից քարացած հոգում հնարավոր չէ ոչինչ սերմանել․ նախ պետք է այն փափկացնել: Եթե հողը փորում են բահով ու բրիչով, ապա հոգու հողը՝ ապաշխարությամբ, պահեցողությամբ, Ս. Գրքի ընթերցանությամբ, Ս. Պատարագին մասնակցությամբ, կյանքի փորձությունները համբերությամբ տանելով և այլ աստվածահաճո ջանքերով: Ապա փափկեցված հողում այգեգործը սկսում է սերմանել սերմեր կամ տնկել ծաղիկների սածիլներ: Նույն կերպ մաքրված և մշակված հոգում ընկած Աստծու խոսքն սկսում է աճել, ինչպես ասում է Ավետարանը՝ մի սերմնացան ելավ սերմ ցանելու, աստվածային յուրաքանչյուր խոսք, յուրաքանչյուր պատվիրան երկնային մի սերմ է: Օրինակ, երբ Տերը պատվիրում է սիրել միմյանց, չի նշանակում, որ մարդ պետք է արհեստականորեն ձգտի սիրո ապրումն զգալ, այլ նշանակում է, որ մարդ պետք է ձգտի սիրուն, այսինքն՝ պատրաստ լինի սիրո գործեր անելու, այդ ժամանակ սերը՝ որպես աստվածային գեղեցիկ ծաղիկ, կաճի նրա հոգում: Որպեսզի ծաղիկները ճիշտ աճեն, այգեգործը պետք է խնամի դրանք, այսինքն՝ ջրի, հողը պարարտացնի, ծաղկի շուրջը քաղհան անի: Եթե դա չանի, ծաղիկները կչորանան, կամ էլ մոլախոտերը կխեղդեն: Այդպես էլ մարդու հոգին պահանջում է խնամք և մշակում: Ջրելը համարվում է աղոթքը և Ս. Հաղորդությունը, իսկ խնամքը՝ Եկեղեցու հայրերի գրվածքները: Հայր Պաիսիոս Աթոսացին ասել է, որ եկեղեցու հայրերի գրվածքները հոգու վիտամիներ են, որ շատ են նպաստում հոգու աճին: Ուրիշ ի՞նչ է անհրաժեշտ ծաղկի աճի համար: Ծաղիկները կարիք ունեն պաշտպանվելու մի շարք վտանգներից, որ սպառնում են նրանց․ դրանք են՝ ցուրտը, գողերն ու վնասատուները: Նույնկերպ և մարդու հոգին կարիք ունի իմաստուն և բազմազան պաշտպանության այն ամենից, ինչը սպառնում է նրան և ինչը կարող է նրան վնասել: Եվ վերջապես, վերջին պայմանը, որ շատ կարևոր է, որպեսզի ծաղիկներն աճեն և ծաղկեն․ պահանջվում է բարենպաստ եղանակ՝ տաք ամառ, պայծառ արևային օրեր և ամենակարևորը՝ ցրտահարության և այլ վտանգների բացակայություն: Եթե երկար ժամանակ ցուրտ լինի կամ անձրև գա, ապա ոչ մի ծաղիկ չի աճի, և այգեգործի բոլոր ջանքերը զուր կանցնեն: Այդպես լինում է նաև մարդկային հոգու հետ․ որպեսզի այնտեղ ինչ-որ բարի բան աճի, անհրաժեշտ է Աստծու օգնությունն ու օրհնությունը: Եթե չկա Աստծու օգնությունը, որքան էլ մարդ աշխատի, նրա ջանքերը զուր կանցնեն: Այս մասին Քրիստոս ասում է. «Առանց Ինձ դուք ոչինչ անել չեք կարող» (Հովհ. 15:5) Մարդը մշակում է, ջրում, խնամում, իսկ աճեցնում է Աստված: Եթե քրիստոնյան այս ամենի մեջ հետևողական լինի, ապա իր հոգում աստիճանաբար կաճեն առաքինության երկնային ծաղիկներ և որոշ ժամանակ անց մարդու հոգին կնմանվի ծաղկաշատ այգու, ուր աճում են ամենագեղեցիկ և անուշաբույր ծաղիկները: Այդպիսի հոգում Աստված կբնակվի, ինչպես բնակվել է աստվածահաճո կյանքով ապրող սրբերի հոգիներում: Ահա, թե ինչի մասին պետք է խորհի մարդ, երբ անցնում է ծաղկանոցների կողքով:
Կազմեց Կարինե Սուգիկյանը