Գրքեր

Ինչպես կենդանացնել հոգին

Կյանքը տարբեր կերպ կարելի է ապրել: Կարելի է լի, հագեցած, վառ, իրադարձություններով և գործերով հարուստ կյանք ապրել, ընդ որում այնպիսի, որից չես ամաչի: Եվ ընդհակառակը, այնպիսի կյանք, որի բազմաթիվ դրվագներ չես ցանկանում հիշել, ուզում ես մոռանալ և թաղել՝ ասես չեն էլ եղել: Մեկը իր կամ մեկ ուրիշի մասին կասի՝ դա կյանք չէ, այլ գոյություն պահպանել: Մեկն էլ՝ ո՛չ այն է ապրում է, ո՛չ այն է քնած է…
Մարդն իրականում ոչ միշտ է ընդունակ գնահատական տալու, թե ինչպե՞ս է ապրում և ապրու՞մ է արդյոք: Շատերն ինքնաքննությունն անհրաժեշտ չեն համարում, շատերն էլ ծուլանում են իրենց հարկադրել՝ անհանգստանալ, տանջվել:
Սակայն այն, ինչ վերաբերում է ընդհանրապես կյանքին, նույնը նաև վերաբերում է քրիստոնեական, հոգևոր կյանքին: Նույն կերպ մենք մեզ վտանգում ենք՝ ոչ թե ապրելու, այլ գոյատևելու, անիմաստ կյանք անցկացնելու, քնելու, եթե… Եթե, այնուամենայնիվ, որոշում չկայացնենք՝ և՛ մեզ անհանգստացնելու, և՛ տանջելու, և՛ ստիպելու:
«Ինչ-որ թուլացել եմ, չեմ կարողանում կենտրոնանալ, բնական վիճակիս վերադառնալ… Ոչնչի ուժ չունեմ… Չեմ կարողանում դիմագրավել գայթակղություններին, պայքարել դրանց դեմ… Ոչինչ չեմ զգում, հոգիս ասես մեռած է…»: Այսպես կամ մոտավորապես այսպես են բնութագրում իրենց վիճակը բազմաթիվ քրիստոնյաներ, դժվար է չհավատալ, երբ նույնը ինքս եմ բազմիցս ապրել: Դեռ ավելին…
Բայց իսկապե՞ս այդքան անելանելի են այդ վիճակները, փակուղային, որից միայն Աստծո շնորհը կարող է դուրս բերել:
Ամեն բարի բան շնորհից է, և առանց Աստծո մենք ոչինչ չենք կարող անել: Բայց մի՞թե ընդհանրապես չենք կարող ոչինչ անել: Թե՞, բայց և այնպես, կան որոշակի միջոցներ՝ իրադրություն փոխելու, այդ թվում՝ հոգևոր վիճակ: Կան Աստծո սահմանած օրենքներ, կա այդ օրենքների փորձառությամբ ձեռք բերված գիտելիք, որը մեր նվաճումն է կամ՝ քաղել ենք մեզանից փորձառու և իմաստուն մեկից, կա նաև այդ գիտելիքի վրա հիմնված գործողություն:
Շփումից բարձրանում է ջերմաստիճանը. փորձը վկայում է, որ ափերի մեջ երկու փայտիկները միմյանց շփելով, համառ ջանքով կարելի է կրակ ստանալ: Մնում է համառություն դրսևորել:
Ունե՞նք այս գիտելիքի նման, փորձի վրա հիմնված գիտելիք, թե ինչպես վերակենդանանալ հավատի մեջ, ինչպես արթնացնել քնած հոգին, ինչպես ստիպել՝ զգալու մեռած թվացող սիրտը: Ու՞մ կարելի է դիմել այս հարցով, եթե փորձառություն չունես: Բոլոր սուրբ հայրերին, որոնց բազմահատոր գործերը մեր գրադարակների վրա են, ովքեր այսպես, թե այնպես այդ մասին են խոսում: Ե՛վ աբբա Դորոթեոսը, և՛ սուրբ Իսահակ և Եփրեմ Ասորիները, Իգնատիոս Բրյանչանինովը և շատ-շատերը… Կա քահանա, ում մոտ պարբերաբար գալիս ենք խոստովանության այն պատճառով, որ մի անգամ արդեն խորհուրդ ենք հարցրել և ստացել ենք այն: Եվ, անշուշտ, կա նաև մեր սեփական փորձառությունը՝ ո՛չ ճգնավորական, ո՛չ ասկետիկ, այլ պարզապես քրիստոնեական: Այն ընդունակ է մեզ ուղղորդել, հիշեցնել, թե ի՞նչն էր նախկինում մեզ դուրս բերում հոգևոր նինջի այդ վիճակից, ի՞նչը կարող է օգնել հիմա, ի՞նչն է ընդունակ մեզ սթափեցնելու:
Իհարկե, հնարավոր է, որ յուրաքանչյուրը իրենն ունի կամ, ավելի ճիշտ, յուրովի է: Բայց և այնպես մենք շատ նման ենք միմյանց՝ քրիստոնյա ենք, մարդ: Հոգին արթնացնելու անհրաժեշտ միջոցները, հոգևոր դեղամիջոցներն էլ շատ նման են: 
Ահա թե ինչն է ստիպում անձամբ ինձ՝ «հոգիս տանջանքների հանձնող ծուլության քնից» արթնանալու: Դա մի միտք է, որը երբեմն, սուր, ավելի ճիշտ, շիկացած դանակի նման խոցում է սիրտս, դրա մեջ միշտ տեսնում եմ Աստծո այցելությունն ու գթասրտությունը:
«Ես կմեռնեմ: Վաղ թե ուշ, հենց հիմա, մի քանի օրից կամ շատ տարիներ անց. կարևոր չէ, միևնույն է դա կպատահի շատ շուտով, հանկարծակի: Եվ ի՞նչ…»:
Ասես գնում ես, գնում ինքնաբերաբար, սովորույթի ուժով, անգամ չես էլ մտածում, թե ուր, և հանկարծ՝ քարացած կանգ ես առնում. «Որտե՞ղ եմ ես, ու՞ր եմ ընկել»: 
Այդ ժամանակ ամեն ինչ անմիջապես վերագնահատվում է, վերաիմաստավորվում, ամեն ինչ իր տեղն է ընկնում (հենց՝ իր տեղը): Անմիջապես պարզ է դառնում, թե ինչն է կարևոր, ինչը՝ ոչ, ինչն է հույժ կարևոր և ինչից պետք է անհապաղ հրաժարվել, հեռու վանել քեզանից: Հայտնվում է կյանքի տեսության զարմանալի պարզություն, հստակություն, կյանքի կարևոր մանրամասների ընդհանուր և առանձին հակադրությունների տեսություն: Կարծես ինչ-որ մեկը կարգավորումներ է փոխել քո մեջ: Մե՛կը… Ճիշտ է՝ դա և՛ Աստծո ողորմությունն է, և այցելությունը, և՛ շնորհը:
Բայց շնորհը չի կարելի ծրագրավորել, ստանալ նշանակված ժամին, այն միշտ անսպասելի է, իր բնույթով հանկարծակի: Եվ այդ պատճառով՝ մի՞թե կարելի է հույսը դնել շնորհի վրա, թե նրա միջոցով կհաջողվի քո մեջ ինչ-որ բան փոխել՝ անգամ քեզ: Հազիվ թե…
Եվ ի՞նչ: Այդ ժամանակ պետք է հիշել այն շնորհները, որ ունեիր. շնորհակալությամբ և խնամքով վերաբերվել նրանց: Հիշել, թե ինչպես էր Տերը մեզ դուրս բերում անտարբերության և թուլության մահվան սրահից, և ընթանալ այն նույն ճանապարհով: Այո՛, կասկած չկա. Երբ մեր սիրտը խռոված միտքը Աստծուց է, այն բոլորովին ուրիշ բարերար ներգործության ուժ ունի մեզ վրա: Բայց կա մի «գաղտնիք», ավելի ճիշտ մարդկային մտքի և հոգու կազմության յուրահատկություն, որի մասին մենք մոռանում ենք կամ նույնիսկ չգիտենք: Երբ մարդը կարևոր բանի մասին գիտակցված խորանում է մտորումների մեջ, կենտրոնանում է նրա վրա, ապա այդ կարևորը նա աստիճանաբար այլ տեսանկյունով է տեսնում, զգում: Մեր միտքը, ինչպես ասում են սուրբ հայրերը, հիշեցնում է ճյուղից ճյուղ անվերջ թռչկոտող թռչունի, բայց եթե միտքը «կապես», այն աստիճանաբար կհնազանդվի, մտածելու և խորը հայելու հնարավորություն կստանա, և դրանից հետո, սրտին կփոխանցի այդ զգայականն ու տեսանելին: Եվ Տերը չի ուշացնի օգնությունը Իրեն հաճելի այդ աշխատանքում, և այն, ինչ երբեմնի կատարվում էր միայն անհատույց, շնորհով, արդեն կկատարվի մեր իսկ սեփական կամքով և հոգին կվերակենդանանա…
Իհարկե, այդպես մեր սրտերի վրա կարող է ներգործել ոչ միայն մահվան մասին միտքը: Մեզանից յուրաքանչուրն, այդ առումով, անշուշտ կունենա իր փորձառությունը, իր դիտարկումները: Մեր ձեռքում է այդ փորձն օգտագործել՝ «կենդանացնող միջոցներով» զբաղեցնելու սեփական միտքը, քնից արթնացնելու մեր սիրտը: Նորից ու նորից մեզ անհանգստացնելու, տանջելու, աշխատելու ինքներս մեզ վրա: Կամ՝ ոչինչ չանել: Բայց ամենակարևորը՝ իմանալ, որ չկան վիճակներ, որոնց վրա իշխանություն չունենանք, բացարձակապես չտիրապետենք մեզ և չկարողանանք դուրս գալ այդ վիճակից: Եթե անգամ խոսքը հոգեկան ծայրահեղ թուլության մասին է:

Սուրբ Հայրերը հոգով արթնության մասին (ԿԲ)

Որքանով մարդն առաջադիմում է հոգևոր սխրանքներում, այնքանով՝ բարձրանում է դեպի Հոգու գաղտնիքների բարձունքը և իմաստության թաքնված գանձերը:
Նեղոս Սինայեցի

Ինչպես երեխան չի մնում իր մանկության տարիքում, այլ օրեցօր աճում է բնության անհասկանալի օրենքներով, մինչև կատարյալ մարդ դառնալը, այդպես էլ ի վերուստ ջրից և Հոգուց ծնվածը չի կարող մնալ հոգևոր մանկության մեջ, այլ հարատևելով սխրանքների, աշխատանքի և համբերության մեջ, պարտավոր է առաջադիմել և աճել՝ հոգևոր հակառակորդի դեմ պայքարի միջոցով, մինչև հոգևոր լիակատար հասունություն…:
Եփրեմ Ասորի

Հոգով ապրողը վեր է կանգնած վախերից և տառապանքներից, վտանգներից և ամեն մի փոփոխությունից ոչ այն պատճառով, որ այդ ամենը չի ապրում, այլ, որ ավելի կարևոր է, ինչ էլ պատահի, ուշադրություն չի դարձնում:
Հովհան Ոսկեբերան

Անհրաժեշտ է կատարել երեք կարևոր գործ՝ վախենալ Աստածուց, աղոթել և մերձավորի համար բարի գործ անել:
Բոլոր պարագաներում անձը պահպանելը, իրեն և իր դատողությունները հսկելը երեք զենք են, որոնցով հոգին պատրաստում է իր փրկությունը:
Պիմեն Մեծ

Քրիստոսի հավատարի՛մ ծառա, գաղտնի պահիր քո գործերը և հոգ տար սրտացավությամբ, որպեսզի չխափանես քո սխրանքի վարձքը մարդահաճության պատճառով: Որևէ բան ցուցադրաբար անողը զրկվում է իր վարձքից, ինչպես ասել է Տերը:
Առաքինությունների ձգտողների ամրությունը նրանում է, որ երբ ընկնում են, չպիտի տրվեն փոքրոգության, պետք է բարձրանան և նորից գործեն ու ջանք թափեն:
Ներքին գործը նույնն է, ինչ հոգու գործը. այն կազմված է մտավոր և բանավոր ուշադիր աղոթքից, արտասվող սրտից, մահը հիշելուց, ինքնաձաղկումից, սեփական մեղսականության գիտակցումից և խոստովանությունից և նման այլ գործերից, որ կատարում է ճգնավորն իր հոգում, իր ներսում:
Իգնատիոս Եպիսկոպոս (Բրյանչանինով)

Հոգին ոչ մեկը չի կարող ստրկացնել, կապել, և այդ պատճառով բոլոր հոգևորներն ազատ են:
Սուրբ Տիխոն Զադոնսկի

Քնից արթնանալով՝ նախ փառաբանիր Աստծուն, այնուհետև սաղմոսիր, ուշադրությամբ, խոնարհությամբ և Աստծո վախով, ասես կանգնած ես Աստծո առջև և Նրա՛ն ուղղիր աղոթքիդ բառերը:

Պահքով ճնշվում է մարմինը, արթնությամբ մաքրվում է միտքը, իսկ անխոսությունը արցունք է բերում, արցունքով վանականին տրվում է կատարելություն և մաքրություն:
Անանուն ծերերի խոսքերից


Վանահայր Նեկտարիոս (Մորոզով)
12 օգոստոսի, 2013 թ.

Ռուսերենից թարգմանությունը՝ Կարինե Բաբայանի

 

13.03.15
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․