25 Նոյեմբեր, Բշ
Մի մարդ որոշեց Պաիսիոս Աթոսացու հետ խորհրդակցել մի գայթակղության վերաբերյալ: Երբ նա շփվում էր հպարտ ապրելակերպ ունեցող ընկերների հետ, ապա ինքն էլ իրեն այդպես պահում: Եվ որքան էլ ջանք էր թափում, միևնույն է, չէր կարողանում ուղղվել: Մինչ նա մտածում էր, թե հարցն ինչպես ձևակերպի, ինչ-որ մեկը մի հիանալի ձմերուկ նվեր բերեց ծեր վանականին: Պաիսիոսը վերցրեց այն ու դիմեց ուխտավորներին.
- Քանի որ ձմերուկ բերեցին, ինձ մի դանակ տվեք, որ կտրեմ: Իսկ հետո մի գաղտնիք կասեմ ձեզ, թե ինչպես անել, որպեսզի ձմերուկները միշտ քաղցր ու համեղ լինեն:
Այնուհետև ծերը կտրեց ձմերուկն ու ամենքին մի կտոր տվեց: Երբ հերթն այն մարդուն հասավ, ով ցանկանում էր հարց տալ, վանականը նրան նայեց իր խորաթափանց հայացքով ու ժպիտով ասաց.
- Եթե ձմերուկն ու դդումն իրար կողքի տնկես, ապա ձմերուկի ողջ քաղցրությունը դդումն իրեն կվերցնի և ձմերուկն անհամ կլինի: Իսկ դդումը, որքան էլ որ քաղցրությունը վերցնի, միևնույն է, դդում կմնա: Այդ պատճառով էլ, եթե ցանկանում ենք քաղցր ու համեղ ձմերուկներ ունենալ, ապա պետք է դդումներից հեռու տնկել դրանք:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի