26 Դեկտեմբեր, Եշ
- Հա՛յր, Աստված ինչո՞ւ է թույլ տալիս, որ սատանան գայթակղեցնի մեզ:
- Որպեսզի ընտրի Իր զավակներին: «Արա՛, ինչ ուզում ես, սատանա»,- ասում է Աստված: Որովհետև ինչ էլ անի, միևնույն է, արդյունքում բոլոր ատամները փշրելու է՝ անկյունաքարին՝ Քրիստոսին հանդիպելով: Եվ եթե մենք հավատում ենք, որ Քրիստոսն է անկյունաքարը, ապա ոչինչ չի կարող վախեցնել մեզ:
Աստված մի այնպիսի փորձություն թույլ չի տա, որի արդյունքում մի լավ բան չլինի: Տեսնելով, որ արդյունքում բարին ավելին է լինելու քան չարը՝ Աստված թույլ է տալիս, որ սատանան իր գործն անի: Հիշո՞ւմ եք Հերովդեսին: Նա տասնչորս հազար մանուկների սպանեց և երկնային զորքը տասնչորս հազար նահատակ-հրեշտակներով համալրեց: Դու որևէ տեղ նահատակ-հրեշտակներ տեսե՞լ ես: Սատանան իր ատամները փշրեց: Դիոկղետիանոսը, որ դաժանորեն տանջում էր քրիստոնյաներին, սատանայի համագործակիցն էր: Սակայն, իր կամքից անկախ, լավություն արեց Քրիստոսի Եկեղեցուն՝ հարստացնելով այն սրբերով: Նա կարծում էր, թե բոլոր քրիստոնյաներին կոչնչացնի, սակայն ոչնչի չհասավ, միայն բազմաթիվ սուրբ մասունքներ թողեց մեզ երկրպագության համար և հարստացրեց Քրիստոսի Եկեղեցին:
Վաղուց արդեն Աստված կարող էր սատանայի հաշիվները մաքրել, չէ՞ որ Նա Աստված է: Եվ այժմ էլ, եթե կամենա, կարող է սատանային բռնել ու (հավիտենապես) դժոխքի խորխորատներն ուղարկել: Սակայն Աստված դա չի անում մեր իսկ բարօրության համար: Մի՞թե Նա սատանային թույլ կտար տանջել ու չարչարել Իր արարածին: Եվ, սակայն, մինչև մի որոշակի սահմանագծի հասնելը, Աստված նրան թույլ է տալիս, որպեսզի իր չարությամբ օգնի մեզ, գայթակղությունների տանի ու մենք վազենք դեպի Աստված: Աստված սատանային թույլ է տալիս մեզ փորձել, միայն, եթե դա բարուն է հանգեցնելու: Եթե դա բարուն չի հանգեցնելու, ապա Աստված նրան թույլ չի տալիս: Աստված ամեն բան մեր բարօրության համար է թույլ տալիս: Մենք պետք է հավատանք դրան: Աստված սատանային թույլ է տալիս չարիք գործել, որպեսզի մարդը պայքարի: Որովհետև առանց հունցելու՝ հաց չես թխի: Եթե սատանան մեզ չգայթակղեցներ, ապա հնարավոր է, որ կարծեինք, թե սրբեր ենք: Այդ պատճառով էլ Աստված նրան թույլ է տալիս խայթել մեզ իր չարությամբ: Քանի որ մեզ հարվածներ հասցնելով՝ սատանան ողջ աղբն է թափ տալիս մեր փոշոտված հոգուց և այն ավելի մաքուր է դառնում: Կամ էլ Աստված նրան թույլ է տալիս հարձակվել ու կծել մեզ, որպեսզի օգնության համար Աստծո մոտ վազենք: Աստված մեզ մշտապես Իր մոտ է կանչում, բայց սովորաբար հեռանում ենք Նրանից և վերադառնում միայն այն ժամանակ, երբ վտանգի ենք հանդիպում: Երբ մարդ միավորվում է Աստծո հետ, ապա բանսարկուին խցկվելու տեղ չի մնում: Բայց, դրանից բացի, Աստծո համար էլ կարիք չկա սատանային թույլ տալ գայթակղեցնել այդպիսի մարդուն, որովհետև Նա դա թույլ է տալիս, որպեսզի փորձության մեջ գտնվողը ստիպված լինի Իր մոտ գալ: Բայց, այսպես, թե այնպես, բանսարկուն մեզ լավություն է անում՝ օգնում է լուսավորվել: Հանուն դրա էլ Աստված համբերում է նրան:
Աստված ոչ միայն մարդկանց է ազատ թողել, այլև՝ դևերին, քանի որ նրանք չեն վնասում ու չեն էլ կարող վնասել մարդու հոգուն, բացառությամբ այն դեպքերի, երբ մարդն ինքն է ցանկանում իր հոգուն վնասել: Ընդհակառակը, չար կամ անուշադիր մարդիկ, ովքեր, չցանկանալով, չարիք են պատճառում մեզ՝ վարձք են պատրաստում մեզ համար: «Ոչ ոք չէր փրկվի, եթե փորձություններ չլինեին»,- ասում է աբբա Եվգարիոսը: Ինչո՞ւ է նա պնդում դա: Որովհետև փորձությունները քիչ օգուտ չեն բերում: Ոչ թե նրա համար, որ սատանան երբևէ ընդունակ կլիներ բարիք գործել, ո՛չ, նա չար է: Նա ցանկանում է կոտրել մեր գլուխները և քար է նետում մեզ վրա, բայց Բարեգութ Աստված... բռնում է այդ քարն ու մեր ձեռքը տալիս: Իսկ մյուս ձեռքի ափին ընկույզ է լցնում, որպեսզի այդ քարով կոտրենք ու ուտենք: Այսինքն, Աստված փորձություններ է թույլ տալիս, որպեսզի այդ կերպ մենք մյուս կյանք ընդունվելու քննությունները հանձնենք և Քրիստոսի Երկրորդ Գալստյան ժամանակ չափազանց մեծ հավակնություններ չունենանք: Պետք է լավ հասկանանք, որ հենց սատանայի հետ ենք պատերազմում և այնքան պետք է պայքարենք, մինչև հեռանանք այս կյանքից: Քանի դեռ մարդը ողջ է՝ շատ աշխատանք ունի անելու, որպեսզի իր հոգին ավելի լավը դառնա: Քանի դեռ նա ողջ է՝ իրավունք ունի հոգևոր քննություններ հանձնելու: Եթե մարդ մահանա և երկուս ստանա, ապա դուրս կգա քննական ցուցակից: Վերահանձնում այլևս չի լինում:
Հայր Պաիսիոս Աթոսացի
Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը