Մի անգամ փոքրիկ լուսատտիկը հորը հարցրեց.
- Հայրի՛կ, ես պայծա՞ռ եմ փայլում:
Հայրը քնքշորեն նայեց որդուն և ասաց.
- Այստեղ չափազանց լուսավոր է: Դժվարանում եմ տեսնել, թե որքան պայծառ ես փայլում: Եթե ուզում ես, որպեսզի լույսդ լավ տեսնեմ, թռիր այնտեղ, որտեղ մութ է:
Փոքրիկ լուսատտիկը թռավ մթության մեջ ու երկար ժամանակ լույս էր տալիս այնտեղ, պարելով օդում ու իրենով հիանալով: Բայց որոշ ժամանակ անց հանկարծ նկատեց, որ խավարը հետզհետե խտանում է: Շատ վախեցավ, սեփական լույսի ցոլքը կուրացնում էր աչքերն ու թույլ չէր տալիս հետադարձ ճանապարհը տեսնել:
- Հայրի՛կ, հայրի՛կ, ինչո՞ւ թողեցիր ինձ,- բացականչեց լուսատտիկը:
- Ես քեզ չեմ թողել, որդի՛ս,- պատասխանեց հայրը,- ինքդ հեռացար ինձնից, որպեսզի ցույց տաս, թե ինչպես ես փայլում:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի