Մեր Աստվածը, Տերն ու Փրկիչը՝ Հիսուս Քրիստոս, ասաց. «Այստեղ՝ աշխարհում, նեղություն պիտի ունենաք, սակայն քաջալերվե՛ք, որովհետև ես հաղթեցի աշխարհին» (Հովհ. 16:33): Որպեսզի մահից հետո քրիստոնյա հավատացյալը գնա Դրախտ իր հոգով և Քրիստոսի Երկրորդ գալուստից հետո ժառանգի Երկնքի արքայությունը, պետք է քայլի նեղ ճանապարհով, իմանա և գործադրի աստվածաշնչական պատվիրաններն իր կյանքում, հանդուրժի իր երկրավոր կյանքում պատահած բոլոր դժվարություններն ու նեղությունները ամենայն գոհունակ սրտով:
Չկարծենք, որ միայն առաջին դարում էր քրիստոնյաների վիճակը վատ: Քրիստոնյաները բոլոր ժամանակներում, դարերում կրեցին խաչ՝ հալածվեցին, տանջվեցին, չարչարվեցին, ունեցան հոգեմտավոր մարտահրավերներ և այլն: Ներկայիս՝ 21-րդ դարի ահավոր զարգացումների դիմաց քրիստոնյան նորից ասում է. «Իրականում շատ վատ է վիճակը»:
Այս հոդվածի նպատակն է տեսնել աշխարհի ներկա վիճակը առողջապահական, դաստիարակչական, կրոնական, քաղաքական, տեխնոլոգիական և կլիմայական մոտեցումներով, որպեսզի ավելի աղոթենք մեզ պատահած բոլոր մարտահրավերների ժամանակ:
Առողջապահական մոտեցումով: Իրականում առողջապահությունը վատ վիճակում է, որովհետև՝
- Շատ այգիներում բանջարեղենն ու մրգերը աճեցվում են զանազան քիմիական նյութերով, որոնք որոշ հիվանդությունների պատճառ են։
- Փոքրիկ ճուտը 23 – 30 օրվա ընթացքում դառնում է 1.5 - 2.0 կգ հավ,
- 2019 թվականին աշխարհի բնակչության 99%-ը բնակվում էր այնպիսի տարածքներում, որոնք չէին համապատասխանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության օդի որակի ուղեցույցներում նշված մակարդակներին՝ ըստ https://www.who.int/ar/news-ի 24 հոկտեմբեր, 2024-ի տեղեկատվության:
- 2021 թվականին ավելի քան երկու միլիարդ մարդ ապրում էր ջրազրկված երկրներում, և կանխատեսվում է, որ իրավիճակը կվատանա որոշ շրջաններում կլիմայի փոփոխության և բնակչության աճի պատճառով։ 2022 թվականին առնվազն 1.7 միլիարդ մարդ օգտագործել է խմելու ջուր կղանքով աղտոտված աղբյուրներից՝ ըստ https://www.who.int/ar/news-ի 13 սեպտեմբեր, 2023-ի տեղեկատվության:
- Մարդկանց 1/3-ից ավելին տառապում է նյարդաբանական խանգարումներով, որոնք աշխարհում հիվանդության և հաշմանդամության առաջատար պատճառն են՝ ըստ https://www.who.int/ar/news-ի 14 մարտ, 2024-ի տեղեկատվության:
- Չիկունգունյան վիրուսային հիվանդությունը, սկսվեց տարածվել մարդկանց մեջ մոծակների միջոցով և այլն:
Ուսումնադաստիարակչական մոտեցումով: Իրականում ուսումն ու դաստիարակչությունը վատ վիճակում են, որովհետև՝
- Ուսանողների շրջանում ընդհանուր առմամբ ձանձրույթ կա, նրանք չեն սիրում կարդալ և սովորել։
- Չսովորող ուսանողները սկսել են օգտագործել արհեստական բանականությունը քննությունների ժամանակ։
- Սեռափոխությունը գովազդվում է անչափահասներին օտար երկրների դպրոցներում։
- Միասեռականությունը վերածվել է բնական երևույթի Եվրոպայում, ԱՄՆ-ում, Կանադայում և այլ երկրներում։
- Սկսվել է ընդլայնվել թմրանյութերի օգտագործման օղակը օրինական ձևով։
- Բարի մահը ազատ կամեցողության ընտրություն է համարվում։
- Բարոյականությունն ու արժանապատվությունը անկում են արձանագրում ամենուրեք և այլն:
Կրոնական մոտեցումով: Իրականում քրիստոնեությունը վատ վիճակում է, որովհետև՝
- Քրիստոնեական հավատքը նվազում է. «Իսկ երբ Մարդու Որդին գա, արդյոք երկրի վրա հավատ կգտնի՞» (Ղուկ. 18:8)։
- Աղանդավորները ամեն օր շատանում են աշխարհի չորս ծագերում։
- Համաշխարհային մի կրոն՝ «Աբրահամյան կրոն» ծրագիրը գործադրության փուլի մեջ է։
- Հակաքրիստոսի գալուստը մոտ է և այլն:
Քաղաքական մոտեցումով: Իրականում քաղաքականությունը վատ վիճակում է, որովհետև՝
- Շատ քաղաքագետներ խոսում են համաշխարհային երրորդ պատերազմի մասին։
- Հավանականություն կա՝ տեղի կունենա կեղտոտ քաղաքականություն, որի միջոցով պիտի խախտվեն աշխարհի երկրների միջև սահմանները՝ մեծ պետությունները պիտի կուլ տան փոքր պետություններին զանազան պատճառներով և այլն:
Տեխնոլոգիական մոտեցումով: Իրականում տեխնոլոգիան վատ վիճակում է, որովհետև՝
- Բազմաթիվ անձեր տեխնոլոգիայի պատճառով կորցրին իրենց աշխատատեղերը։
- Մինչև 10 տարի աշխարհում տասնյակ աշխատանքներ պիտի փոխանցվեն ռոբոտներին։
- Միլիոնավոր մարդիկ ստացան միկրոչիպ (Microchip) իրենց ձեռքի վրա։
- Ոմանք սկսեցին ընդունել հղիության՝ ռոբոտի միջոցով երեխա ունենալու գաղափարը։
- Առույգ պատանիներ և երիտասարդներ էլեկտրոնային խաղերի պատճառով քայքայեցին իրենց առողջությունը՝ ստանալով ուղեղային հետամնացություն, նյարդային համակարգի խանգարումներ, մկանային համակարգի խնդիրներ, վիտամիների անբավարարություն և այլն։
- Նույն տան մեջ ապրող անդամները իրարից հեռացան, նվազեց տնային ջերմեռանդ մթնոլոտը։
- Մոտավորապես 10 տարվա ընթացքում աշխարհի երկրների դրամները պիտի փոխարինվեն համաշխարհային մեկ թվային դրամով։
- Խոսում են արհեստական երկրաշարժների և հրաբուխների մասին և այլն:
Կլիմայական մոտեցումով: Իրականում կլիման վատ վիճակում է, որովհետև տեսնում ենք՝
- Երկրի ջերմաստիճանի բարձրացում։
- Խիստ չորություններ ու մաքուր ջրի սակավություն։
- Մեծ հրդեհներ ու ջրհեղեղներ։
- Բևեռային սառույցների հալեցում։
- Աղետալի փոթորիկներ
- Կենսաբազմազանության նվազում և այլն՝ ըստ https://www.un.org-ի:
Այո՛, իրականում շատ վատ է վիճակը: Սակայն մենք մենակ չենք, որովհետև Երկնքում ունենք Աստված, որ մեզ քաջալերում է՝ ասելով. «Ահա ես ձեզ հետ եմ բոլոր օրերին, մինչև աշխարհի վախճանը» (Մատթ. 28:20):
Գևորգ սրկ. Նալբանդյան
Աստվածաբանական գիտությունների դոկտոր