Իսկական ընկերը

Սաստիկ հարբեցող մի մարդ կար: Նա շուն ու կատու ուներ, որոնք անդադար վիճում էին, թե իրենցից ով է տիրոջ իսկական ընկերը:

Մի օր, երբ նա կրկին ցանկացավ խմել, կատուն իսկույն հայտնվեց կողքին, ինչպես միշտ էր անում և օգնում նրան, երբ նա փող չէր ունենում:

- Վաճառի՛ր ինձ և քեզ համար խմելու բան գնիր: Իսկ ես որպես քո ամենահավատարիմ և իսկական ընկեր, կփախչեմ և քեզ մոտ կվերադառնամ:

Ասածն արած էր: Հարբեցողը վաճառեց կատվին և այդ գումարով մի շիշ գինի գնեց: Արդեն պատրաստվում էր խմել, երբ շունը հանկարծ այնպես գռմռաց, որ շիշն ընկավ նրա ձեռքից ու ողջ գինին թափվեց:

- Ախ այդպե՞ս,- բարկացավ հարբեցողն ու սկսեց շանը ծեծել:

Իսկ նա նույնիսկ չփախավ:

- Խփի՛ր,- ասաց,- միայն թե մի՛ խմիր:

Այդ պահին, հուրախություն շան, կատուն վերադարձավ:

Իմացավ, թե ինչ է պատահել, հաղթանակ նայեց ծեծված շանն ու տիրոջ հետ կրկին շուկա գնաց:

Վերադարձան գինու նոր շշով:

Հազիվ էր հասցրել մարդը բացել այն, երբ շունն այնպես հաչաց, որ այս շիշն էլ ընկավ ու կոտրվեց:

Հարբեցողը կատաղեց: Ձեռքն ընկածով սկսեց շանը ծեծել: Շղթայված շնից էլ վատը դարձավ:

- Ատո՜ւմ եմ,- մռնչում է,- սպանելո՜ւ եմ:

- Սպանի՛ր,- համաձայնեց շունը,- միայն մի՛ խմիր:

Հարբեցողը նրան նայեց, և հանկարծ հայացքը իմաստալից դարձավ: Վերջապես հասկացավ, թե ով է իր իսկական ընկերը: Եվ սկսեց շոյել շանն ու ներողություն խնդրել նրանից:

Իսկ կատվին, երբ նա վերադարձավ, կրկին վաճառեց: Միայն թե այս անգամ այնքա՜ն հեռու, որ այլևս չկարողանա վերադառնալ…

 

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

10.05.24
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․