Ժամանակը վերագտնելու պարզ ուղիներից մեկը

Ժամանակն այսօր շատ ավելի արագ է անցնում, քան նախկինում։ Մարդկանց մեծամասնությունը ժամանակի արագընթաց հոսքի մեջ կորցնում է ներկան ապրելու հնարավորությունը: Այնինչ այս մրցավազքի մեջ անհրաժեշտ է կանգ առնել, վերագտնել ժամանակը և վերագտնել այն Աստծով: 

Քրիստոսի հետևորդը ժամանակը վերագտնում է Աստծու հետ հաղորդակցությամբ, պահեցողությամբ և բարեգործությամբ: Այսինքն՝ ներկան ապրելով աստվածային ներկայության՝ անանց ուրախության մեջ: Այս տարի՝ հուլիսի 9-ին, Հայաստանյաց Առաքելական Սուրբ եկեղեցին նշեց Սուրբ Տրդատ թագավորի, Աշխեն թագուհու և Խոսրովիդուխտ կույսի հիշատակությունը: Հայազգի այս սրբերի հիշատակության օրը Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքն իմաստավորեց ուխտագնացությամբ: Վաղ առավոտյան, ուխտավորները Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցուն կից Ս. Անանիայի մատուռ-դամբարանում, Տեր Վահան քահանա Առաքելյանի գլխավորությամբ, միասնական աղոթքի կանգնեցին, ապա Տեր Հոր օրհնությունն ստանալուց հետո շարժվեցին դեպի Գեղարքունիքի թեմի սրբավայրեր:

Ուխտագնացությունն ուխտավորներին հնարավորություն տվեց դադար առնել ժամանակի խելահեղ ռիթմից և աստվածատուր ժամանակն արժևորել սրբավայրեր այցելությամբ, միասնական աղոթքով և խոկմամբ: Առաջին սրբավայրում՝ Հայրավանքում (9-13-րդ դարեր), ուխտավորները միասնաբար աղոթեցին, խնդրեցին օրվա հիշատակելի սրբերի բարեխոսությունը Հայաստան և Արցախ աշխարհների անսասանության ու խաղաղության համար: 

Այնուհետև ուխտավորներն ուղևորվեցին Ծաղկաշենի Ս. Աստվածածին եկեղեցի, ուր մասնակից եղան Ճաշու ժամերգությանը: Արարողության ավարտին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր սպասավոր Աշոտ ուրարակիր Արևշատյանը հոգևոր զրույց ունեցավ ուխտավորների հետ՝ քրիստոնյայի կյանքը զուգահեռելով Իսրայելի՝ Եգիպտոսի գերությունից ազատագրման ու դեպի Ավետյաց երկիր ընթանալուն. «Անցնելով Կարմիր ծովով՝ Իսրայելը դուրս եկավ Եգիպտոսից, որ խորհրդանշում էր աշխարհը: Դարձի եկած, մկրտված քրիստոնյայները դուրս եկան աշխարհից, այսինքն՝ Եգիպտոսից՝ որպես Տիրոջ կողմից կանչվածներ, ցնծությամբ և ուրախությամբ մտան անապատ, այսինքն՝ մերժեցին աշխարհը և իրենց ընթացքն ուղղեցին դեպի երկնային Քանան: Բայց,  ցավոք, ինչպես Իսրայելը, այնպես էլ շատերը անապատի մեջ հոգնեցին, ձանձրացան, հեղգացան, ծուլացան և տրտնջացին, նայեցին աշխարհին և սրտների մեջ ցանկացան Եգիպտոսի սոխն ու սխտորը: Հին մարդուն կենդանացրին իրենց մեջ որկրամոլությամբ, հպարտությամբ, փառամոլությամբ, զվարճանքներով և բազում այլ կրքերով, և սրանք էլ, որպես թե ամեն մեկը մի կուռք, իրենց մեջ ունենալով՝ երկրպագեցին՝ մոռանալով այն կենդանի Ջրի Աղբյուրը, այն Երկնքից իջած Հացը, որին հաղորդ եղան. «Եթե հարություն առաք Քրիստոսի հետ, ապա փնտրեցե՛ք վերին բաները, այնտեղ, ուր Քրիստոս նստած է Աստծու աջ կողմը: Վերի՛ն բաների մասին խորհեցեք և ո՛չ թե այն, որ այստեղ՝ երկրի վրա է, քանզի մեռած եք, և ձեր կյանքը պահված է Քրիստոսի հետ՝ Աստծու մոտ» (Կողոս. 3:1-3)»:

Ուխտի ուղին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու ուխտավորներին առաջնորդեց նաև Գավառի Ս. Աստվածածին (9-րդ դ.)  և Ս. Կարապետ (19-րդ դ.) եկեղեցիներ, ապա սիրո ճաշից հետո նրանք մեկնեցին Կոթավանք (9-րդ դ.)՝ հայցելով Տիրոջ օրհնությունն ու ողորմությունը Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքի և հոգևոր դասի համար, նաև փառաբանելով Տիրոջը, որ շնորհել է իրենց այդ մեծ ընտանիքի անդամը լինել: 

Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքի հոգեշահ աղոթքի հերթական ուղին ժամանակն Աստծով արժևորելու հիանալի մի հնարավորություն էր: Եկեղեցու հայրերից սբ. Հովհան Ոսկեբերանն այս մասին ասել է. «Հաճախեք եկեղեցի, ծունկի եկեք և ձեռքերը պարզած աղոթեք: Նաև տանը աղոթեք՝ առանձնության մեջ: Սակայն, երբ անհնար է այդպիսի աղոթքը, մի՛ թողեք այն և ինչպես ասացի, ջերմեռանդ աղոթեք և օգուտ կստանաք: Եթե այսպես տրամադրվեք, թե՛ այս կյանքում խաղաղություն կունենաք, թե՛ Երկնքի Արքայությանը կարժանանք»:

 

Կարինե Սուգիկյան

 

10.07.22
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․