25 Նոյեմբեր, Բշ
Մի անգամ սուրբ Մակար Եգիպտացու աշակերտները անապատով եկող մի մարդու տեսան, ով մի ձի էր բերում իր ետևից ու գալիս էր դեպի ծեր վանականի խուցը: Աշակերտները փորձեցին ճամփորդին համոզել վանականին չշեղել աղոթքից, սակայն շուտով տեղի տվեցին նրա խնդրանքներին ու թույլ տվեցին խուց մտնել: Ճամփորդն ուրախացավ ու իր ձիու հետ ներս գնաց: Սուրբ Մակարի աշակերտները վրդովվեցին ու հարցրեցին, թե ինչու է ձիուն իր հետ տանում: Օտարականը պատասխանեց, որ նա սրբի աղոթքների կարիքն ունի: Վանականները զարմացան, թե այդ մարդը որքան է իր ձիուն սիրում, քանի որ այդքան երկար ճանապարհ էր կտրել ամայի անապատով: Ինչո՞ւ է այդ կենդանին այդքան թանկ նրա համար և ի՞նչ է նրան պատահել:
- Ձին, որ տեսնում եք,- ասաց տղամարդը,- իմ դժբախտ կինն է ու ես չգիտեմ, թե ինչպես է կենդանու վերածվել: Ահա, արդեն երեք օր է, ինչ նա ոչինչ չի կերել:
Վանականները հավատացին ճամփորդին: Չնայած, որ Քրիստոսի ուսմունքն արդեն երեք հարյուր տարի տարածված էր աշխարհում, Եգիպտոսում դեռևս մեծ ազդեցություն ուներ հեթանոսությունը, և կախարդության այդ հնագույն օրրանը լի էր զանազան կախարդներով, ովքեր վնասում էին քրիստոնյաներին: Այդ պատճառով էլ, երբ վանականները տղամարդու պատմածը լսեցին՝ շտապեցին աբբա Մակարին տեղեկացնել կատարվածի մասին: Սակայն դրա կարիքը չկար, քանի որ Աստված սրբի համար արդեն բացել էր կատարվածի պատճառը. Մի անառակ եգիպտացի հավանել էր այդ մարդու կնոջն ու ցանկացել գայթակղել: Սակայն նրա բոլոր ջանքերն ապարդյուն էին: Այդժամ, որպեսզի կնոջ սրտում պատասխան կիրք արթնացնի՝ դիմել էր կախարդի օգնությանը: Վերջինս բավականին մեծ գումար էր ստացել և իր ողջ կախարդությունն օգտագործել էր քրիստոնյա կնոջը գայթակղության մեջ գցելու համար, սակայն իր նպատակին չէր հասել: Անհաջողությունից կատաղած՝ կարողացել էր գոնե այնպես անել, որ կինը շրջապատի մարդկանց աչքին ձի թվար: Նրա դժբախտ ամուսինը շատերին էր դիմել՝ օգնության ակնկալիքով, սակայն ոչ ոք չէր կարողացել օգնել նրան, նույնիսկ տեղի քահանաները: Ոչ ոք չգիտեր, թե ինչպես կնոջն իր արտաքին տեսքին վերադարձնի: Այդ պատճառով էլ հուսահատ ամուսինը նրան մեծ ճգնավորի մոտ էր բերել՝ լսելով նրա գործած հրաշքների մասին:
Կնոջը նայելով՝ սուրբ Մակարն իր աշակերտներին ասաց.
- Ես նրա մեջ կենդանական ոչինչ չեմ տեսնում, դա նրա մարմնում չէ, այլ նրան նայող աչքերում: Դա դիվական պատրանք է, այլ ոչ թե իրականություն:
Այնուհետև սուրբը օրհնեց ջուրը, լցրեց կնոջ վրա ու աղոթեց: Կախարդանքն անցավ, և բոլորը ձիու փոխարեն մարդ տեսան իրենց առջև: Սուրբը կարգադրեց կերակուր տալ նրան և տուն ճանապարհելով՝ խորհուրդ տվեց.
- Երբեք մի՛ դադարիր եկեղեցի այցելել ու երբեք մի՛ խուսափիր Սուրբ Հաղորդություն ստանալուց: Այդ դժբախտությունը քեզ հետ պատահեց, որովհետև արդեն հինգ շաբաթ չէիր հաղորդվել մեր Փրկչի Սուրբ Մարմնին:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի