22 Դեկտեմբեր, Հիսնակի Ե Կիրակի
Ցրտաշունչ ձմեռներ, շոգ ամառներ, կլիմայի կտրուկ, անսովոր և անակնկալ փոփոխություններ: Երիտասարդացել և հաճախացել են սիրտ-անոթային, օնկոլոգիական հիվանդությունները, շնչառական ալերգիաների աճի միտում է դիտվում, կարճատև են գարունը և աշունը, իսպառ վերանում են շատ կենդանիների հազվագյուտ տեսակներ: Սպանում ենք կենդանիներ զվարճության կամ հաճույքի համար: Խախտվել է էկոլոգիական հավասարակշռությունը: Երբևէ մտածե՞լ ենք, որ այս ամենը հետևանքն է նրա, որ մենք ճնշում ենք բնությունը. կոնֆետի թուղթ, ծխախոտի մնացորդ, պլաստմասսե շիշ, կամ էլ աղբ ենք փողոց նետում, աղտոտում ենք գետի, ծովի ջուրը, անխնա կանաչ տարածքներն ենք ոչնչացնում՝ վերածելով քարե մղջավանջի հանուն հարստության և մարդկանց առողջության հաշվին՝ չմտածելով ապագայի մասին: Պահպանելով բնությունը՝ պահպանում ենք ինքներս մեզ: Հակառակ դեպքում բնությունը հակահարված է հասցնում մարդուն:
Այսպիսով, մենք վատնում ենք մեր հայրերի կողմից ավանդված աստվածատուր մեր հարստությունը, դաժանորեն վատնում մեզ վստահված հայրենի ժառանգությունը:
Մտածե՞լ եք, որ էկոլոգիական այս ծանր աղետին նպաստում ենք մեր փնթիությամբ կամ էլ մսակերությամբ: Տարօրինակ կարող է թվալ, թե ինչ կապ ունի եղանակը աղբը փողոց նետելու կամ էլ մսակերության հետ: Բայց պարզվում է, որ ունի և այն էլ` շատ սերտ:
Գիտնականներն ահազանգում են` մոլորակը տաքանում է
Մասնագետները հաստատում են, որ կլիմայի անսովոր փոփոխությունը գլոբալ տաքացման հետևանք է:
ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության փորձագետների միջազգային խումբը Մեծ ութնյակի երկրների Ազգային գիտական ակադեմիաները համոզված են, որ 19-րդ դարի վերջերից սկսած Երկրի միջին ջերմաստիճանը բարձրանում է, և որ «տաքացումը հիմնականում մարդու գործունեության հետևանք է», ինչն առաջին հերթին պայմանավորված է ջերմոցային ազդեցություն առաջացնող այնպիսի գազերի արտանետումներով, ինչպիսիք են՝ ածխաթթու գազը (CO2) և մեթանը (CH4): Էլեկտրակայանների, ավտոմեքենաների, գործարանների և մարդու ստեղծած աղտոտման այլ աղբյուրները միասին մեկ տարվա ընթացքում մթնոլորտ են արտանետում մոտ 22 մլրդ տոննա ածխաթթու և ջերմոցային այլ գազեր: Պարարտանյութերի գոլորշիները, ածուխի այրումը և մյուս աղբյուրները տարվա ընթացքում առաջացնում են մոտ 250 մլն տ. մեթան:
Կլիմայի փոփոխության փորձագետների միջազգային խմբի հավաստմամբ` Երկրի միջին ջերմաստիճանը 1990-2100 թթ. ընթացքում 1,40 c-ից բարձրանալու է 5,80 c: Ինչպես սպասվում է, դա կբերի բազմաթիվ այլ կլիմայական փոփոխությունների` ներառյալ Համաշխարհային օվկիանոսի մակարդակի բարձրացման, մթնոլորտային նստվածքների քանակային փոփոխության ու բաշխման, ինչի հետևանքով կարող են հաճախակիանալ բնական աղետները` ջրհեղեղը, երաշտը, փոթորիկը և այլն: Բացի այդ կցածրանա գյուղատնտեսական բերքատվության տոկոսը, կանհետանան մի շարք կենսաբանական տեսակներ:
Ո՞վ է մեղավոր
Այսօր ավտոմեքենան լուրջ հիմնախնդիր է դարձել:
Ավտոսիրահարների կողմից այրված կամ ավիաճանապարհորդների կողմից վատնված յուրաքանչյուր լիտր բենզինը կամ կերոսինը մարդկությանը քայլ առ քայլ մոտեցնում է աղետի:
Գլոբալ տաքացման պատճառներից է նաև մսակերությունը: Ամերիկացի գիտնականները հետազոտությունների արդյունքում պարզել են, որ մեծ քանակությամբ արտանետումները մթնոլորտում առաջացնում են ջերմոցային գազեր, մասնավորապես, ազոտի ենթօքսիդ, որն էլ կապված է մեծ քանակությամբ մսի օգտագործման հետ: Մսի քիչ օգտագործումը կնվազեցնի նաև մեծ քանակությամբ գոմաղբի առաջացումը, որը մեծացնում է մեթանի մակարդակը մթնոլորտում: Մասսաչուսետս նահանգի հետազոտողները գտնում են, որ հետագայում կլիմայի փոփոխությունները կանխելու համար, ամբողջ աշխարհը պետք է մինչև 2050 թ-ը երկու անգամ քչացնի ջերմոցային գազերի-ազոտի ենթօքսիդի արտանետվածքները:
Հայաստանի կլիման մոտ ապագայում
Շրջակա միջավայրի Ստոկհոլմի ինստիտուտի և ԱՄՆ Թաֆթսի համալսարանի փորձագետներ Էլիզասեթ Ա. Սթանթոնը, Ֆրենք Աքերմանը և Ֆլավիա Ռիսենդեն կատարել են «Կլիմայի փոփոխության սոցիալ տնտեսական ազդեցությունը Հայաստանում» ուսումնասիրությունը: Նրանց կանխատեսումներով Հայաստանի կլիման հսկայական փոփոխություն է կրելու հաջորդ հարյուր տարիների ընթացքում. բարձրանալու է ջերմաստիճանը, նվազելու են տեղումները, գետային հոսքը և լճերի մակարդակը, ավելի հաճախակի են դառնալու շոգ եղանակները, երաշտները, սողանքները, սելավներն ու ջրհեղեղները: Փորձագետները նշում են, որ հարմարվողականության շուտափույթ լայնամասշտաբ միջոցներ չձեռնարկելու դեպքում հանրապետության բնակչությունը, նրանց ապրուստն ու տնտեսությունը չեն խուսափի կլիմայի փոփոխության պատճառած վնասներից:
Ըստ նրանց`Երևանի տարեկան միջին ջերմաստիճանը մինչև այս դարի վերջը ներկայիս 11.6 աստիճանից կբարձրանա մինչև 16.6 աստիճան: Վայքում, որտեղ սպասվում է Հայաստանում ջերմաստիճանի ամենամեծ բարձրացումը, տարեկան միջին ջերմաստիճանը կբարձրանա մինչև 19.2 աստիճան, որը մոտ է Թել Ավիվի կամ Բեյրութի այժմյան կլիմային: Հայաստանում կաճեն ցիտրուսներ, գյուղատնտեսությունը լուրջ վնասներ կկրի, քանի որ ոռոգման խնդիրներ կառաջանան: Գյուղատնտեսության ընդհանուր կորուստները գնահատվում են 65-145 միլիարդ դրամ, կամ 190-420 միլիոն դոլար:
Ի՞նչ են առաջարկում գիտնականները
Աստղագետ Ռոջեր Անցելն առաջարկում է երկիր մոլորակի շուրջ տեղադրել 60 սմ դիամետրանոց և մի քանի գրամանոց միլիոնավոր ոսպնյակներ, որոնց միջոցով հնարավոր կլինի ցրել արևի ճառագայթները: Մեկ այլ գիտնական առաջարկում է մեր մոլորակը շրջապատել մանր մասնիկների կամ տիեզերանավերի օղակով, ինչի շնորհիվ հնարավոր կլինի ստվերել արևադարձային գոտիները և այդ կերպ մեղմել կլիման: Ի դեպ, այս նախագծի շրջանակներում տիեզերանավերի արտադրման դեպքում ծախսվելու է 500 մլրդ, իսկ մասնիկների` մինչև 200 տրիլիոն դոլար: Շատ այլ գիտնականներ և կլիմայագետներ ևս ներկայացրել են իրենց առաջարկները, իսկ Virgin Earth Challeng ընկերությունն անգամ մրցույթ է հայտարարել, թե նա, ով կդադարեցնի գլոբալ տաքացումը, կստանա 25 մլն դոլար:
Էկոլոգիական ճգնաժամը՝ հոգևոր ճգնաժամի հետևանք
Մարդու սխալ ապրելակերպը, սկսած Ադամի և Եվայի անհնազանդությունից խախտեց Աստծո կողմից բնության մեջ հաստատված ներդաշնակությունը`առաջացնելով առաջինը՝ հոգևոր ճգնաժամ, որի հետևանք է նաև էկոլոգիական ճգնաժամը: Աստված, երբ ստեղծեց աշխարհը, մարդուն «տեր և իշխան» կարգեց երկրի վրա: Բայց տեր լինել չէր նշանակում ստրկատիրոջ դաժանությամբ շահագործել ու անհագուրդ սպառել բարիքները, այլ հոգատարությամբ վերաբերվել մեզ բարիք տվող ծառ ու ծաղկին, կենդանիներին: Աստծո ստեղծած բնության պահպանության համար առաջին հերթին մարդն է պատասխանատու: Ստեղծվածը պահպանելու փոխարեն մարդն ագահորեն շահագործում է բնությունը: Ի տարբերություն բնության մեջ եղած մյուս բոլոր արարածների, մարդը փորձում է ոչ թե հարմարվել միջավայրին, այլ վերափոխել հօգուտ իրեն և ի վնաս բոլորի: Նման վարվելակերպով մենք մեզ թշնամու հարվածից ավելի մեծ հարված ենք տալիս, քանի որ բոլորս էլ ինչ-որ կերպ թունավորում ենք հողը, օդը, ջուրը, բոլորս էլ ինչ-որ չափով ու ձևով մասնակցում ենք Աստծո արարչագործության քայքայմանը:
Մարդու և բնության նորոգման միջոց է պահքը և իզուր չէ, որ Հայ եկեղեցին տարվա մոտ կեսը սահմանել է պահքի օրեր`բաժանված օրապահքերի, շաբաթապահքերի և Մեծ պահքի, քանի որ գլոբալ տաքացման պատճառներից է նաև մսակերությունը: Մեծ Պահքի շրջանը`գարունը, ոչ միայն խոշոր եղջերավորների ծնի շրջանն է, այլև`ձկների ձվադրության: Մարդը, ով այս շրջանում պահք է պահում, ոչ միայն հոգեպես զորանում է, այլև նպաստում է ձկների, թռչունների ու կենդանիների բնականոն բազմացմանը:
Էկոլոգիական ճգնաժամը հաղթահարելու համար պետք է հաղթահարել հոգևոր ճգնաժամը: Առաջին հերթին պետք է հոգեպես մաքրվենք, քանի որ հոգեպես մաքրվելով, նաև կպահպանենք բնությունը և մեր շուրջը մաքուր կպահենք: Ըստ երանելի Մաքսիմ Խոստովանողի`մարդը կարող է ամբողջ երկիրը դրախտի վերածել միայն այն ժամանակ, երբ նա դրախտը կրի իր իսկ ներսում:
Հայ եկեղեցին կանաչ աստվածաբանություն է քարոզում:
Այս բոլորին զուգահեռ եկեղեցին կոչ է անում չդադարեցնել բնապահպանական գործունեությունը:
Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին տարվա մեջ քսանչորս անգամ անդաստանի կարգ է կատարում. այս արարողությամբ օրհնվում են աշխարհի չորս ծագերը, երկիրը, տարվա պտղաբերությունը, վանքերը, բնակավայրերը և նրանց բնակիչները: Մաշտոց ծիսամատյանում կա նույնիսկ արտի օրհնության կարգ:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցում տարիներ առաջ գործել է «Կանաչ աստվածաբանություն» ծրագիրը, որի շրջանակներում կազմակերպվել են հանդիպումներ, դասախոսություններ: Ծրագրի նպատակն էր հետագայում ժողովրդի մեջ սերմանել հոգատարություն և սեր բնության հանդեպ:
Քրիստոնեական եկեղեցին իր հետևորդներից ակնկալում է մի քանի որոշակի քայլեր բնության մեջ խախտված ներդաշնակությունը վերականգնելու համար: «Բնապահպանություն և աստվածաբանություն» կոչվող հանրագիտարանային հատորում (Վաղարշապատ, 2007թ.) կարդում ենք.
1.Խոստովանենք, որ մեղավոր ենք մայր բնության առաջ, զղջանք ու ապաշխարելով`սկսենք նորովի ապրել:
2.Խոհեմ լինենք`հնարավորինս զսպելով մեր ցանկությունները (վայելքների, զվարճությունների, հաճույքների, մեր կենսապահովման համար ոչ անհրաժեշտ ծախսումների առումով):
3.Որքան հնարավոր է սահմանափակենք մեր բնական կրքերը`հեռացնել-վանելով մեզնից անբնականները: Դիմենք պահքի օգնությանը`տկարացնելու համար մեր մարմինները, որպեսզի հոգով զորանանք`հաղթելու այդ անտեսանելի պատերազմի մեջ:
4.Ձգտենք բավարարվել անհրաժեշտով և խնայենք ամեն ինչում (դա վերաբերում է և՛ կենցաղային, առօրյա գործածության պարագաներին`հագուստ, սնունդ, ջուր, վառելիք, էլեկտրաէներգիա, կահույք, սպասք, զարդեր, քսուքներ, ներկեր,… և́ գրասենյակային, արտադրական, արդյունաբերական և գյուղատնտեսական իրերին, նյութերին, սարքերին, սարքավորումներին, գործիքներին և հաստոցներին, և՛օգտակար հանածոներին, և́ առհասարակ, ցանկացած միջոցի, որ պիտի ծառայի մեզ):
5. Սեր և հոգատարություն ցուցաբերենք բուսական ու կենդանական աշխարհների նկատմամբ. ըստ անհրաժեշտության`խնամենք դրանք (օրինակ, խուսափենք ծառահատումներից, մասնակցենք ծառատունկերին, չզլանանք մշակել մերձակա պուրակի կամ գազոնների ծաղիկներն ու խոտը, որսորդությամբ կամ ձկնորսությամբ չզբաղվենք զուտ հաճույքի կամ ժամանցի համար և այլն):
6.Չաղտոտենք շրջակա միջավայրը. որքան կարող ենք, մաքրենք այն`հեռացնելով պոլիէթիլենային տոպրակները, փաթեթները, թիթեղյա և ապակե տարաները և այլ իրեր (էական չէ`ում կողմից նետված), որ չեն փտում ու չեն մասնակցում բնական շրջապտույտին:
7.Մեր ուժերի սահմաններում ձգտենք նպաստել զենքի և զինամթերքի արտադրության ու գործածման կրճատմանը:
8.Խուսափենք անհարկի ճամփորդություններից ու տեղափոխումներից (այդպիսով կխնայենք վառելիք, տրանսպորտային միջոցների վազք, ժամանակ, մարդկային և նյութական ռեսուրսներ, և ավելի քիչ կաղտոտվի մթնոլորտը):
9.Մասնակցենք արարչության օրհնության արարողություններին (անդաստան, ջրօրհնեք, տնօրհնեք և այլն):
10. Ոչ միայն`խոսքով, այլև մեր վարքով կենդանի քարոզ լինենք այլոց համար`հորդորելով ստանձնել արարչության պահպանության ու խնամքի պատասխանատվությունը, ավետելով մարդու միջոցով ողջ արարչության կատարելացման և փրկության անհրաժեշտությունն ու հնարավորությունը:
Երջանկահիշատակ Գարեգին Ա կաթողիկոսը Ջովաննի Գուայտայի հետ իր զրույցում համոզված է, որ ապագան այնքան մռայլ չի լինի, ինչպես պնդում են շրջակա միջավայրի պահպանմանը նախանձախնդիր որոշ գիտնականններ. «Ես շատ լավ հասկանում եմ, որ Դուք հիմնվում եք գիտական տվյալների վրա. բայց Աստված, որ աշխարհի Արարիչն ու Տիրակալն է, միշտ կարող է փրկել իր արարչագործությունը….Անձամբ ես շրջակա միջավայրի վրա գալիք աղետի առջև պահպանում եմ ներքին հանգստություն, քանի որ համոզված եմ, որ աշխարհը մնում է Աստծո ձեռքերում: Եվ Աստված Իր սիրով մեզ կօգնի գիտակցելու մեր մեղքը արարչագործության ու բնության դեմ» («Զրույցներ Ջովաննի Գուայտայի հետ»):
Կազմեց Գայանե Սուգիկյանը