«Կատարյալ եղեք, ինչպես ձեր Երկնավոր Հայրն է կատարյալ» (Մատթ. 5:48)

21-րդ դարում քրիստոնեական եկեղեցիները շարունակում են մարդուն պատգամել ապրելու հոգևոր կյանքով, որը նշանակում է հրաժարվել այնպիսի վարքականոններից ու բնույթից, որոնք քրիստոնեական բարոյագիտությամբ սահմանվում են մեղք, մեղսավոր հասկացությամբ: Սակայն աշխարհիկ կյանքի արժեքները որդեգրած անհատին այնքան էլ չի հետաքրքրում այս ամենը: Այնուամենայնիվ ինչո՞ւ է հոգևոր կյանքն այդքան կարևոր: Քրիստոնեությունը կյանքն ապրելու ուղեցույցն է: Այն տալիս է ոչ միայն բոլոր հարցերի պատասխանները, այլև բոլոր խնդիրների լուծման ուղիները և մարդուն ցույց տալիս կատարելության ճանապարհը: Դարեդար զանազան կրոնական և փիլիսոփայական ուղղություններ փորձել են սահմանել կատարելության չափանիշն ու դրան հասնելու ճանապարհները, բայց միայն քրիստոնեությունն է, որ երկնային կատարելությունը մարդացած Աստծո միջոցով ցած է իջեցրել հողեղեն աշխարհ և առօրեական կյանքի կենսալույս ուղենիշների ապրումն ու բովանդակությունը բացահայտել, որոնք երկրային հարթության մեջ միմյանց միահյուսվելով բարձրանում են դեպի երկնային կատարելության սրբալույս տաճարը՝ մարդուն զգեստավորելով աստվածային կատարելությամբ, ինչպես և նշում է Ավետարանը, թե կատարյալ եղեք: Բայց հարց է առաջանում՝ ինչպե՞ս, և Ավետարանը շարունակում է՝ ինչպես Երկնավոր Հայրն է կատարյալ: 
Ծննդոց գրքում ասվում է, որ մարդը ստեղծվեց Աստծո կերպարանքով ու նմանությամբ (Ծննդ. 1:26): Կիրիլ պատրիարքն իր «Հովվի խոսքը» գրքում նշում է, որ Աստծո կերպարանքը մարդկային անձնավորության մեջ աստվածային բնության արտացոլանքն է, նրա այն հատկանիշների՝ բանականության, ազատության, անմահության անդրադարձը, որոնցով երկրի վրա օժտված չէ ոչ մեկը՝ բացի մարդուց, և որ «Աստծո նմանությունը» նշանակում է այդ հատկանիշների այնպիսի կատարելագործում, որը մարդու և Աստծո միջև եղած տարածությունն է կրճատում: Նմանվել նշանակում է ինքն իրեն փոխել, մոտենալ նրան, ում ուզում ես նմանվել: Սակայն նյութական ու սահմանավոր աշխարհում ապրող բանական արարածի համար երբեմն դժվարընկալելի են այս խոսքերը, որովհետև աննյութական և անսահման Աստծուն նմանվելը վեր է մարդու ըմբռնումներից: Դրա համար էլ Աստված մարդացավ, որպեսզի մարդ կարողանա տեսնել, շոշափել, ընկալել, թե ինչպիսին պիտի լինի կատարելության ուղիով քայլելու կեցությունը: Աստվածաշունչը վկայում է` ով հաղորդակից է Հիսուսին, հաղորդակից է Արարչին: Հովհաննես առաքյալն ասում է՝ մենք Նրան ականատես եղանք, շոշափեցինք, լսեցինք: Ապա շարունակում. «Ինչ որ տեսանք և լսեցինք, պատմում ենք ձեզ, որպեսզի դուք էլ հաղորդակից լինեք Նրան մեզ հետ, ինչպես որ մենք հաղորդություն ունենք Հոր հետ և նրա Որդու` Հիսուս Քրիստոսի հետ: Եվ այս բանը գրում ենք ձեզ, որպեսզի ձեր ուրախությունը կատարյալ լինի» (Ա Հովհ. 1:3-4): Արդ, քրիստոնյայի համար բացվում է իրական կատարյալ լինելու օրինակը: Նա, ով կամենում է նմանվել Երկնավոր Հորը, պիտի փորձի նմանվել Քրիստոսին: Դրա համար էլ սբ. Պողոս առաքյալն ասում է. «Այդ Քրիստոսն ենք քարոզում մենք, հորդորում ենք ամեն մարդու ամենայն հոգևոր իմաստությամբ, որպեսզի ամեն մարդու կատարյալ դարձնենք ի Քրիստոս Հիսուս» (Կողոս. 1:28): Սուրբ Գրիգոր Նյուսացին նշում է, որ Արարիչը մարդուն կյանքի է կոչել, որպեսզի վերջինս ոգևորվի աստվածային ու գերագույն ուժի նմանությամբ: Իսկ Կիրիլ պատրիարքն ասում է, որ Աստծո կերպարանքով ստեղծված մարդը, որպես անձնավորություն, կոչված է ինքն իրեն նմանեցնելու Աստծուն: Եվ այսպես սկզբից ևեթ սահմանել էր մարդկային զորության նպատակը, որպես անձնավորություն, կատարելագործվել` ընդհուպ մինչև Երկնային Հոր նմանվելը և կատարելագործել դրախտի՝ հրաշալի այգու ձևով մարդուն վերընծայված ստեղծագործությունը: 
Քրիստոնյայի ուղին հարթ չի անցնում: Նա ձգտում է ապրել ավետարանական պատգամներով, բայց սայթաքումներն անպակաս են, որովհետև մեղանչական բնությունը մարդուն միշտ ձգում է դեպի մեղքը (Հռոմ. 7): Սբ. Պողոսը տալիս է լուծման բանալին` ընթանալ Հոգով (Հռոմ. 8): Բայց առաջին հայացքից այս սկզբունքը շատ վերացական է թվում: Ինչպե՞ս ընթանալ հոգով, մանավանդ որ առաքյալն ասում է, թե նրանք, ովքեր առաջնորդվում են Աստծու Հոգով, նրանք են Աստծու որդիներ (Հռոմ. 8:14): Անհատի ձախողումների պատճառն այն է, որ մեծ մասամբ ընթանում է առանց Աստծո: Երբեմն խոսքով ասում է, որ ընդունում է Աստծուն, բայց էությամբ հակառակն է գործում: Մարդուն անհրաժեշտ է, որպեսզի հիմնավոր, վերջնական որոշում կայացնի և իր կամքը հանձնի Աստծուն: Իր կամքը հանձնել Աստծուն նշանակում է ձգտել նմանվել Քրիստոսին: Սա նշանակում է աշխատել լավ ճանաչել Քրիստոսին: Մեզ թվում է, թե մենք ճանաչում ենք Հիսուսին, բայց իրականում մենք Նրան վատ ենք ճանաչում կամ նույնիսկ չենք ճանաչում: Ճանաչողության համար անհրաժեշտ է մշտապես կարդալ Աստվածաշունչն ու սուրբ հայրերի մեկնությունները, իսկապես ապրել հոգևոր կյանքով` սիրո, հավատի, հույսի և լույսի մեջ, աղոթել, հաղորդակից լինել եկեղեցուն և այլն: Այս ամենն օգնում է հասկանալու Քրիստոսի վարքը, բնույթը, մոտեցումը, պատասխանը տարբեր իրադրություններում: Եթե ամեն իրադրության, դրվագի մեջ մարդ ինքն իրեն հարց տա, թե Քրիստոս ինչպես կվարվեր տվյալ իրավիճակում, այդ պարագայում նա կգտնի բոլոր հարցերի պատասխանները: Ով ինչքան շատ ճանաչի Հիսուսին, այնքան ավելի հստակ կլինի սպասվող պատասխանը: Շատ անգամ մարդը հասկանում է, որ ինքը պետք է նմանվի Հիսուսին, սակայն միայն այն ժամանակ է հասունանում վճիռը, երբ հասկանում է, որ կյանքում անձնապես առաջնորդվելը լիովին ձախողում է, հատկապես կատարելության ձգտման համատեքստում: Այդ դեպքում անհատը գիտակցում է, որ ամբողջովին ձախողված լինելու պատճառն առանց Աստծո հետ հաղորդակցության ինքնուրույն որոշումներ կայացնելու մեջ է, որովհետև անկատար մարդը չի կարող կատարյալ որոշումներ իրականացնել: Եվ այս ժամանակ է, որ հայացքն ամբողջովին հառում է դեպի Հիսուսը, Նրա օրինակով ապրելու և գործելու` մտքով, սրտով, ու հոգով, ձգտելով նմանվել և գործել Մարդու Որդու օրինակով, այլ ոչ թե շարունակել մնալ ձախողված Ադամի օրինակով: Այնուամենայնիվ շատերի մոտ կարող է հարց առաջանալ, թե ինչպե՞ս նմանվել Քրիստոսին: Չէ՞ որ ներկայումս բազմաթիվ արդիական հարցեր գտնվում են այլ հարթության մեջ և այլ լուծումներ են պահանջում: Նմանօրինակ հարցեր առաջանում են նրանից, որ մարդիկ գրեթե չեն ճանաչում Քրիստոսին, մյուս կողմից էլ նրանց մեղանչական բնությունն ու մտածողությունը դիմադրում են և չեն կամենում հրաժարվել ինքնակենտրոն կյանքից, ինչպես նաև Հիսուսի կյանքը դիտարկելով մասնավոր և անհասանելի սովորական մարդու համար` նման կերպով փորձելով իրենց արդարացնել Աստծու և խղճի առջև: Բնական է, որ մեղքին հակում ունեցող բանական արարածի համար Հիսուսին նմանվելու ճանապարհը հեշտ չէ. լեցուն է ձախողումներով, սայթաքումներով: Բայց Աստված մեզնից բարձունքների հասնելու ուղի չի պահանջում, այլ վստահել, հավատալ Իրեն ու անընդմեջ սայթաքումներից ապաշխարության միջոցով վեր կանգնել ու քայլել առաջ: Սա է հաղթության գրավականն ու հաջողության ուղին: Քրիստոսին նմանվել նշանակում է փոխել կյանքիդ ընթացքը և Սուրբ Հոգու աջակցությամբ և առաջնորդությամբ աստվածային սիրո պատվիրանի լուսավոր արահետով դեպի կատարելություն քայլել:


Հովհաննես սրկ. Մանուկյան

02.07.15
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․