23 Դեկտեմբեր, Բշ
Նոյեմբերի 22-ին ԱՀԹ առաջնորդարանի դահլիճում առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի ներկայությամբ տեղի ունեցավ էրեբունի համայնքի «Ոսկե հատիկ» մանկապատանեկան հոգևոր թատրոնի առաջին ներկայացման պրեմիերան: Նրանք հանդիսատեսի դատին հանձնեցին «ՎԵՐՆԱՏՈՒՆ» քրիստոնեական առաջին օպերետը: Ներկայացման բեմադրության, լիբրետոյի և երաժշտության հեղինակը Հրանտ Աղաջանյանն է: Թատրոնը կազամակրպվել է էրեբունի համայնքի հոգևոր հովիվ Տ. Զգոն քահանա Աբրահամյանի ու երեցկին Իրինա Աղաջանյանի ջանքերով:
Ներկայացումից առաջ վաստակաշատ դերասաններ Մարգարիտա Խաչատրյանն ու Արթուր Հակոբյանը ներկայացրին թատրոնի կազամակերպման պատմությունը՝ որպես ավագ ընկերներ իրենց բարեմաղթանքը հղելով պատանի կատարողներին:
Օպերետի միջոցով, որն իր տեսակի մեջ առաջինն է, պատանիները ներկայացրին Քրիստոսի Ս. Հարության պատմությունը՝ ըմբռնելի ու պատկերավոր դարձնելով ավետարանական իրողությունը:
«Շնորհակալություն ձեզ, սիրելի պատանիներ: Դուք հրաշալի ելույթ ունեցաք: Կարողացաք հստակ արտաբերել այդ բարդ, իրապես դժվար նախադասությունները՝ այլակերպվելով բազմազան կերպարների մեջ: Այս տարիքում դա իրապես շնորհք է: Ձեր կատարածը հոգևոր քանդակագործություն է, տեսողությունից ավելի: Ձեր բեմադրիչի օգնությամբ կարողացաք կերպարները շոշափելի ձևով կերտել: Մենք կատարողների ու հանդիսատեսների միջև կենդանի կապ զգացինք: Մշտանորոգված շնորհքով օրհնեալ լինեք»,- ներկայացման ավարտին դերասաններին ու բեմադրիչին դիմելով՝ ասաց Տ. Նավասարդ արքեպիսկոպոսը:
Սրբազան հայրը նրանց Նոր Կտականաններ նվիրեց՝ մաղթելով հավատարիմ մնալ Քրիստոսի խոսքին ու պատգամներին: Ապա պահպանիչ աղոթք կարդաց ու խաղաղությամբ արձակեց հավաքվածներին:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին