Խաչքարերի օծման արարողություն Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում

Մայիսի 9-ին՝ Հաղթանակի և խաղաղության տոնին, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի ձեռամբ, օծվեց Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու բակի հարավային և արևելյան կողմերում տեղադրված երկու խաչքար: Օծման արարողությանը ներկա էին ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Հոգեշնորհ Տեր Մովսես վրդ. Սարգսյանը և ծխական խորհրդի ու համայնքի անդամներ:

Եկեղեցու հարավային բակում տեղադրված խաչքարը Ջուղայի խաչքարերից մեկի կրկնօրինակն է (16-րդ դ.), որի քանդակագործը խաչքարագործ Վարազդատ Համբարձումյանն է, իսկ նվիրատուն՝ երջանկահիշատակ Սիրանուշ Մկրտչյանը: Մյուս խաչքարը քարգործ վարպետ Պողոսի կերտած Գոշավանքի խաչքարի (13-րդ դ.) կրկնօրինակն է, որ կանգնեցվել է Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքի անդամ Արամ Ֆրանկյանի բարերարությամբ՝ ի հիշատակ իր սիրասուն ծնողների՝ Հայկ Ֆրանկյանի ու Ֆենյա Կարապետյանի և Արցախի գոյամարտում նահատակված մեր քաջարի զինվորների: Իսկ խաչքարի խաչքարագործ վարպետներն են՝ Արամ Բաբայանը և Օշականի Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը:

Արարողության ավարտին Սրբազան Հայրը շնորհավորեց համայնքի անդամներին՝ իր օրհնությունը փոխանցելով բարերարներին ու խաչքարի տեղադրման նախաձեռնողներին: Ապա Սրբազան Հայրը Պահպանիչ աղոթքով արձակեց հավատավոր ժողովրդին։

Երբ ընդարձակ դաշտերն ամբողջությամբ ծածկված են ձյան սավանով, առաջնորդ է հարկավոր, որ ցույց տա ուղիղ ճանապարհը: Առաջնորդի հետքերով գնում են մեկը, մյուսը, երրորդը և շատ մարդիկ: Ողջ աշխարհի համար կյանքի ուղին հարթեց Քրիստոս, Ով Իրեն հետևել ցանկացողներին ասում է. «Եթե մեկն ուզում է հետևել Ինձ, թող ուրանա իր անձը, ամեն օր վերցնի իր խաչը և գա Իմ հետևից» (Ղուկ. 9:23): Աշխարհում առաջին ազգը, որ հետևեց Քրիստոսին, Հայոց ազգն էր, որ դեպի Աստված տանող իր ուղին զարդարեց փրկության, հարության և հաղթանակի խորհրդանիշներով՝ խաչքարերով: Ծաղկած խաչքարերն ամենուր հիշեցնում են Քրիստոսի հարությունն ու Նրա խոսքը՝ Ես հաղթեցի աշխարհին (Հովհ. 16:33): Երջանկահիշատակ Գարեգին Ա հայրապետն ասել է, որ հայ ժողովրդի պատմական կյանքի ժառանգությունը հարությունների մի շղթա է. «Հարության շունչն էր այն ուժը, որ ներգործեց մեր ժողովրդի կյանքի մեջ ամեն անգամ, երբ մահն այցելեց մեր երկիր»: Ուստի Հայրապետը պատգամել է. «Որպես «որդիք լուսոյ և որդիք տուընջեան» խավար գիշերից հետո կարողանանք ցերեկվան նայել և լցվել հարութենաշունչ զորությամբ, որ մղում է մեզ դեպի կյանք, կյանքից դեպի առավել կյանք և դեպի հավիտենություն»:

 

Կարինե Սուգիկյան

10.05.21
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․