23 Դեկտեմբեր, Բշ
Խաչվառը խաչագլուխ ձողի վրա (կլոր երկար փայտ, մոտ 2 մետր երկարությամբ) ամրացված դրոշակ է: Այն սովորաբար երկու կողմից կրում է խաչելության, Աստվածամայրը Մանկան հետ, Քրիստոսի, սրբերի և որևէ տերունական ասեղնագործ պատկերները, երբեմն էլ տվյալ եկեղեցու սրբերի պատկերը: Խաչվառը զինվորյալ եկեղեցու դրոշակն է: Որպես դրոշակ խաչվառը տարվում է եկեղեցական մեծ թափորների, հանդեսների առջևից: Գործածվում է Սբ. Պատարագի սկզբում խնկարկության, Անդաստանի, Նախատոնակի և հուղարկավորության ժամանակ:
Խաչվառի գործածությունը եկեղեցում վերցված է հետևյալ դեպքից.
Մեծն Կոստանդիանոս կայսրը փոքրաթիվ զորքով գնում էր թշնամու դեմ պատերազմելու: Հանկարծ կեսօրին երկնքում տեսնում է Խաչի նշանը լույսի մեջ ողողված և լսում հետևյալ պատգամը. «Այս նշանով պիտի հաղթես»: Անմիջապես կայսրը հրամայում է դրոշների վրա նկարել Փրկչի Խաչի նշանը: Թշնամին, հակառակ իր բազմության, պարտության է մատնվում: Այդպիսով վերացավ կռապաշտությունը և ամենուր փայլեց Քրիստոսի Սուրբ Խաչը:
Քրիստոնյա եկեղեցիները, այդ թվում և մեր եկեղեցին, այս դեպքից հետո զանազան հանդեսների ժամանակ սկսեց գործածել խաչվառը՝ որպես դրոշակ քրիստոնեական հավատքի:
Խաչվառ են կոչվում նաև այն մեծ խաչերը, որոնք ամրացված են փայտից երկար ձողերի վրա, սրանք նույնպես օգտագործվում են թափորների ժամանակ: