Խաչվերաց. Սիրո խորհրդին մասնակից լինելով

Խաչի վեր բարձրացման տոնը՝ Խաչվերացը, ուրախալի տոն է ամեն մի քրիստոնյայի համար: Դարեր առաջ հաղթանակի և զորության նշանը՝ Քրիստոսի խաչը, մեծ ուրախությամբ ետ վերադարձվեց գերությունից: Ինչպես այն ժամանակ, այնպես էլ այսօր, Սուրբ Խաչը, ըստ Սուրբ Գրիգոր Տաթևացու, քրիստոնյաներիս պարծանքն է և Քրիստոսի փառքը:

Տաղավար այս տոնը յուրաքանչյուր քրիստոնյայի ևս մեկ անգամ հիշեցնում է Աստվածային սերը. «Աստված մեր հանդեպ ունեցած իր սերը հայտնեց դրանով, որ երբ տակավին մեր մեղքերի մեջ էինք, Քրիստոսը մեռավ մեզ համար… Աստված Իր Որդու մահով մեզ Իր հետ հաշտեցրեց» (Հռոմեացիներ 5.8,10):

Սուրբ Խաչի խորհրդին ևս մեկ անգամ հաղորդ լինելու ցանկությունն է այդ օրը շատերին ուղղորդում եկեղեցի: Երևանի Սուրբ Զորավոր Աստվածածին եկեղեցին բազմամարդ էր: Սուրբ և Անմահ Պատարագի մասնակիցները օրվա կարևորագույն խորհրդին ականջալուր եղան Սուրբ Զորավոր եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քհն. Գրիգորյանի կողմից ասված քարոզի ընթացքում: Տեր Հայրը նշեց, որ խաչը սիրո, զոհաբերության և խոնարհության խորհուրդն է կրում իր մեջ և ապա ավելացրեց. «Երբեք չպետք է մոռանանք Աստծո բացարձակ սերը մեր` մարմնավորներիս հանդեպ, չպետք է մոռանանք այն անբացատրելի զոհաբերությունը, որ կատարեց մեզ համար, որ Աստվածային փառքից խոնարհվելով` մարդկային մարմին վերցրեց, դարձավ մեզանից մեկը և խոնարհաբար խաչը բարձրացավ և որպես անմեղ գառ Իր արյունը թափեց` մեզ մեղքի գերությունից փրկելու համար: Ավետարանում ասվում է. «Նա, որ մեր մեղքերը Իր մարմնով բարձրացրեց խաչափայտի վրա, որպեսզի մենք, զերծ լինելով մեղքերից, ապրենք արդարության համար. Նա, որի վերքերով բժշկվեցիք դուք» (Ա Պետրոս 2.24): Եթե մենք այսօր ուզում ենք քայլել խաչի խորհրդի ներքո, ապա պետք է սեր տածենք բոլորի հանդեպ: Աստված մեզ համար Իր Միածին Որդուն զոհաբերեց, պատկերացնո՞ւմ եք այս սիրո չափը և մենք ինչպես ենք փոխադարձում այն»:

Ուրախալի այս տոնը իր ուրախությունն էր պարգևել երեք տարեկանից մինչև տասներեք տարեկան մի խումբ երեխաների ևս: Խաչվերացի տոնը իրենց համար սկսվել էր Սուրբ Զորավոր Աստվածածին եկեղեցու բակում՝ Խաչի Սուրբ նշանը պատկերելով: Նրանք եկեղեցու համայնքի անդամների երեխաներն էին: Սուրբ Խաչի խորհուրդը յուրահատուկ էին ապրում այս փոքրիկները: Նկարելու ընթացքում նրանք խորհում և արտահայտվում էին այն մասին, թե ինչ նշանակություն ունի իրենց համար Սուրբ Խաչը:

Վեց տարեկան Հասմիկը գիտեր, որ այդ օրը Խաչի օրն է: «Խաչը ինձ համար սրբություն է»,- ասում էր ինը տարեկան Լուիզան: Իսկ Տաթևը (9 տ.) օրը մի քանի անգամ խաչակնքվում է, քանի որ աղոթում է օրը մի քանի անգամ: Նա դեռ մկրտված չէ, բայց անհամբեր սպասում է իր ծնողների խոստումին, որ ինքը՝ Տաթևը, մկրտվելու է Տաթևի վանքում: «Քրիստոս ամբողջ մարդկանց մեղքերը իր վրա վերցրեց և խաչվեց»,- ասում էր տասներեք տարեկան Օգենը: Իսկ ամենափոքր մասնակիցը՝ երեք տարեկան Մարիան, լուռ ու մունջ իր խաչն էր երկնագունում: Երեխաները մեծ սիրով և ոգևորությամբ էին պատկերում և գունավորում Սուրբ Խաչը: Հասմիկի և Լուսինեի մայրիկը, ով Սուրբ Զորավոր եկեղեցու երիտասարդաց միության անդամ է, իր փոքրիկ աղջիկների հետ երբեմն-երբեմն միության դասերին է մասնակցում: Շատ է կարևորում, որ իր երեխաների սրտում դեռևս փոքր տարիքից սերմանվի Աստծո խոսքը,

քրիստոնեական դաստիարակություն ստանան և քայլեն դեպի Աստված:

Իզուր չէ, որ Եկեղեցու հայրերը երեխաների քրիստոնեական դաստիարակության մեջ կարևորում են այն, որ երեխային դեռևս մանուկ հասակից ծնողը խաչակնքվել սովորեցնի: Այսօր էլ այս օրինակով և մղումով ծնողները իրենց երեխաներին բերել էին եկեղեցի:

Սուրբ Պատարագից հետո եկեղեցու համայնքը ևս մեկ առիթ ուներ նշելու: Տոնի օրը համընկնել էր Սուրբ Զորավոր Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քհն. Գիրգորյանի ձեռնադրության իններորդ ամյակի հետ: Սիրո ճաշի շուրջ համախմբված համայնքը մաղթեց Տեր Գրիգորին, որ Աստված զորավիգ, պահապան և աջակից լինի Տեր Հորը իր հոգևոր պատասխանատու ծառայության մեջ:

Խաչվերացի տոնակատարությունը Սուրբ Զորավոր եկեղեցում հանդիսավոր կերպով իր շարունակությունը ունեցավ երեկոյան ժամերգությանը: Ատյանում երգվեց «Որ զանարատ բազուկս Քո» շարականը, օրվա երեքսրբյանն էր.« Սուրբ Աստուած, սուրբ և հզօր, սուրբ և անմահ, որ խաչեցար վասն մեր, Ողորմեա՛ մեզ»: Կատարվեց անդաստանի կարգ: Խաչը հանդիսավոր թափորով եկեղեցու բակ դուրս բերվեց: Զարդարված խաչով թափորապետը խաչակնքեց և օրհնեց աշխարհի արևելյան, արևմտյան, հարավային և հյուսիսային կողմերը՝ բարեկարգություն և խաղաղություն հայցելով Աստծուց, և վարդաջուր ցողվեց հավատացյալների վրա: Ապա խաչը դրվեց եկեղեցում:

Այսպիսով՝ դարեր շարունակ Քրիստոսի խաչը հավատացյալների համար զորություն է և փրկություն, ինչպես ասում է Պողոս առաքյալը. «Որովհետև կորստյան մատնվածների համար խաչի քարոզությունը հիմարություն է, իսկ մեզ՝ փրկվածներիս համար՝ Աստծո զորություն» (Ա Կորնթացիներ 1.18):

 

17.09.23
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․