«Խաղաղություն ձեռք բեր հոգուդ ներսում, և քո շուրջը հազարավորները կփրկվեն»

Այն մարդիկ, ովքեր ժխտում են հավիտենական կյանքն ու հոգու անմահությունը, այլ կերպ են նայում երկրային կյանքին՝ փնտրելով այնտեղ միայն զվարճանք և հաճույքների բավարարում: Նման մարդիկ, տեսնելով իրենց բաժին ընկած դժվարություններն ու փորձությունները, տեսնելով, որ կյանքում ուրախությունները հարատև չեն, հաճախ հիասթափվում են ու հուսահատվում՝ կորցնելով հոգու խաղաղությունը: Հավիտենական կյանքի հույսը չունենալով՝ նրանք քայլում են խավարի մեջ ու չգիտեն, թե ուր գնան։ Նրանց համար կյանքն ունայնություն է և պատահական մի նվեր է, քանի որ իրենց կյանքում բացակայում է իրական արժեքը։  Իսկ հավատավոր մարդը, հավիտենական կյանքի հույսն ունենալով, այլ կերպ է ապրում է, քանի որ իր կյանքում ունի խաղաղության և մխիթարության իրական Աղբյուրը:

Խաղաղությունը կորցրած աշխարհում, երբ հավատավոր անձն ամեն անգամ իր քայլերն ուղղում է դեպի Աստծուն տուն, վստահ է, որ այնտեղ աներևութաբար ներկա է Աստված, որ Նա հոգևոր սպասավորների միջոցով իրեն շնորհելու է խաղաղություն, ինչպես Քրիստոս եկավ առաքյալների մոտ և ասաց. «Խաղաղություն ձեզ» (Ղուկ. 24:36): Տիրոջ կողմից շնորհված խաղաղությունն ու մխիթարությունը բոլորովին նման չէ այն անցողիկ խաղաղությանը, որ մարդ կարող է գտնել աշխարհիկ ունայնության մեջ: «Խաղաղություն եմ թողնում ձեզ, Իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ, որ տարբեր է այս աշխարհի տված խաղաղությունից» (Հովհ. 14:27),- ասում է Քրիստոս Իր հետևորդներին:

Հայաստան և Արցախ աշխարհի խաղաղությանն ու անսասանությանն էր ուղղված Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր արանց» միության հերթական ուխտի ուղին: Սեպտեմբերի 3-ին «Զորավոր արանց» միությունը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, մեկնեց ուխտագնացության Արագածոտնի թեմի սրբավայրեր: Առավոտյան ուխտավորները Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր սպասավորների օրհնությունն ստանալուց հետո շարժվեցին դեպի Ապարանի Ս. Խաչ եկեղեցի: Չորրորդ դարում կառուցված այս սրբավայրում, ուր պահպանվում է Քրիստոսի խաչափայտի մասունքը, ուխտավորները մասնակից եղան Սուրբ և Անմահ Պատարագին: Սրբազնագույն խորհրդի ավարտին «Զորավոր արանց» միությունը հոգեշահ զրույց ունեցավ Ապարանի Ս. Խաչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Մուշե քահանա Վահանյանի հետ: Այնուհետև ուխտավորներն այցելեցին Եղիպատրուշի Ս. Աստվածածին եկեղեցի (13-րդ դ.): Ծաղկունյաց լեռնաբազուկներից մեկի ստորոտում գտնվող այս սրբավայրում ուխտավորները կրկին անգամ միավորվեցին ընդհանրական աղոթքի շուրջ՝ Ս. Աստվածամոր բարեխոսությամբ հայցելով Տիրոջից, որ զորացնի Հայոց եկեղեցին: Սիրո ճաշով եզրափակվեց «Զորավոր արանց» միության հերթական ուխտի ուղին:

Ս. Սերաֆիմ Սարովցին ասել է. «Հոգու խաղաղությունը պահպանվում է չդատապարտելով և լռությամբ: Երբ մարդն այս վիճակում է գտնվում, ապա աստվածային հայտնություն է ստանում: Խաղաղություն ձեռք բեր հոգուդ ներսում, և քո շուրջը հազարավորները կփրկվեն»:

 

Կարինե Սուգիկյան

 

04.09.23
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․