23 Նոյեմբեր, Շբ
Մի գյուղացի եկավ իմաստունի մոտ և ամաչելով սեփական ախտից, պատմեց իր դժբախտության մասին:
- Ես չափազանց խանդոտ եմ: Գիտեմ, որ անվայել զգացմունք է, բայց ոչինչ չեմ կարողանում անել: Կինս հավատարիմ է և սիրում է ինձ, բայց ես, միևնույն է, խելագարվում եմ խանդից: Հասկանում եմ, որ կինս ազնիվ է, բայց նույնիսկ երազում եմ տեսնում նրա մտացածին սիրեկաններին և խենթանում եմ: Այլևս ուժ չունեմ, ամբողջովին ուժասպառ եմ եղել, մի խորհուրդ տուր ինձ, թե ինչպես այդ չարիքից ազատվեմ:
Իմաստունը մտածեց մի պահ, ապա պատասխանեց.
- Մի պատմություն եմ լսել այն մարդու մասին, որը բալենիների մի հրաշալի այգի էր ժառանգել: Ամեն գարուն ծառերն այնպես էին ծաղկում, որ շուրջ բոլորը ծածկվում էր դրանց ձյունաճերմակ ծաղիկներով: Այգու տերը խնամում ու հոգ էր տանում դրանց մասին, ջրում էր ու հետևում, որ վնասատու միջատներ չլինեն: Եվ ամեն տարի ծառերը հարուստ բերք էին տալիս:
Բայց մի օր մի չարակամ մտավ այգին ու տիրոջն ասաց. «Ի՜նչ հրաշալի այգի է: Միայն ցավալին այն է, որ երևի հաճախ են գողերն այստեղ մտնում»:
Հյուրը գնաց, բայց նրա խոսքերն այգու տիրոջը զրկեցին հանգստից: Խեղճը նույնիսկ քունը կորցրեց: Մութն ընկնելուն պես դուրս էր գալիս տնից և մինչ լույս հսկում էր այգին: Իսկ ցերեկները քնում էր՝ գիշերային հսկումից ուժասպառ:
Որոշ ժամանակ անց ծառերն սկսեցին հիվանդանալ, քանի որ ոչ ոք այլևս հոգ չէր տանում դրանց մասին: Բայց գիշերներն առաջվա պես այգին հսկում էր խելագարված այգեպանը, որը վաղուց արդեն մոռացել էր, թե բալերն ինչ համ ունեն:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի