23 Նոյեմբեր, Շբ
Հայր Մակարիոս Եգիպտացու մասին ասում էին, թե մի անգամ Սկյութիայից ելնում էր դեպի Նիտրեա լեռը: Երբ մոտեցավ տեղին, աշակերտին ասաց. «Առա՛ջ անցիր մի փոքր»: Եվ երբ աշակերտն առաջ անցավ, պատահեց մի հեթանոս քրմի, որը՝ ձեռքին մի մեծ ձեռնափայտ, գնում էր ճանապարհով: Տեսնելով նրան` աշակերտը ձայն տվեց նրան և ասաց. «Ո՞ւր ես գնում, ա՜յ դև»: Իսկ նա, ետ դառնալով, չարաչար գանահարեց նրան և կիսամեռ թողնելով` վերցրեց ձեռնափայտն ու շարունակեց ճանապարհը: Քիչ անց, առաջ ընթանալով` պատահեց նրան հայր Մակարիոսը և ասաց. «Ապրի՛ր, տառապյալդ»: Իսկ նա սքանչացած եկավ դեպի հայր Մակարիոսն ու ասաց. «Ի՞նչ բարի բան տեսար իմ մեջ, որ ողջունեցիր ինձ»: Ասաց ծերը նրան. «Որովհետև տեսա քեզ հոգնաբեկ, սակայն չգիտես, որ իզուր ես ջանում»: Քուրմն ասաց. «Իսկ ես, քո ողջույնը լսելով, զղջացի և հասկացա, որ դու Աստծո մարդն ես, սակայն մի ուրիշ չար մենակյաց հանդիպեց և դառնացրեց ինձ, և ես մահու չափ գանահարեցի նրան»: Եվ ծերն իմացավ, որ դա իր աշակերտն է: Իսկ քուրմը նրա ոտքերը բռնելով` ասաց. «Քեզ բաց չեմ թողնի, մինչև ինձ մենակյաց չդարձնես»: Եվ գալով այն տեղը, ուր եղբայրն էր ընկած, վերցնելով նրան` բերին լեռան եկեղեցին, և եղբայրները, տեսնելով քուրմին նրանց հետ, նրան ևս մենակյաց դարձրին»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016