25 Նոյեմբեր, Բշ
Հայր Փորտասն ասաց. «Եթե Աստված կամենում է իմ ապրելը, գիտե, թե ինչպես հոգա իմ մասին, իսկ եթե չի կամենում, ինչի՞ համար է իմ կյանքը»: Որովհետև նա ամեն մեկից չէ, որ որևէ բան էր ընդունում, այլ կողքից էր դիտում և ասում. «Եթե մեկը ինձ որև բան տա` ոչ հանուն Աստծո, ես նրան ոչինչ չունեմ տալու, և քանի որ հանուն Աստծո չտվեց այն, կզրկվի վարձից: Նրա՛նց նմանվեք, ովքեր միայն Աստծո հետ են և միմիայն նրանից ակնկալություն ունեն. այդ պես երկյուղածությամբ ապրե՛ք: Մի՛ թշնամացեք, եթե բյուր անգամ իսկ անարգվեք, մարմնի փառք մի՛ փնտրեք, այլ ջանացե՛ք մարմնի ախտերը լուծարել. և եթե լավագույնը որոնեք, փառք կլինի: Առաքինությունը մարդկանցից փառք չի փնտրում և ոչ էլ պատիվ, որ չարիքի մայրն է և առաջնորդում է դեպի մարդահաճություն, քանզի ով աշխարհի փառքն է փնտրում, իր թշնամուն է փնտրում, ով սպանում է իր հոգին: Այդպիսին բազում ախտերի է ծառայում: Սակայն սիրուն է միայն հատուկ երկայնամտությունը և նրան հատուկ չեն բարկությունն ու զայրույթը: Սնափառությունը չի սիրում խոնարհվել մարդկանց առաջ և իրենից առաջ որևէ մեկին պատիվ տալ, ուստի հափշտակում է նախապատվությունը, որպեսզի չլինի թե անարգ երևա»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016