25 Նոյեմբեր, Բշ
Հայր Հովհաննեսը մեզ պատմեց, թե հայր Անուբը, հայր Պիմենը և նրանց մյուս եղբայրները մի մոր ծնունդ էին և միասին կրոնավորներ դարձան Սկիտեում: Եվ երբ եկան մարզիկները (հավանաբար` մազքութները) և ավերեցին Սկիտեն, նրանք գնացին այն վայրը, որ Տերենութ էր կոչվում, և մնացին այնտեղ մի քանի օր, մինչև որ բնակվելու տեղ գտնեն, և ապրում էին կուռքերի տաճարում: Հայր Անուբն ասաց հայր Պիմենին. «Շնո՛րհ արա, ես ու դու և մեր մյուս եղբայրները՝ յուրաքանչյուրս առանձին կենանք և հսկում անենք այս յոթ օրը և միմյանց չտեսնենք` մինչև Տերը ցույց տա, թե որտեղ պետք է ապրենք»: Հայր Պիմենն ասաց. «Անենք այնպես, ինչպես ասացիր»: Եվ յուրաքանչյուրն առանձին կեցավ՝ լռելյայն: Այդ տաճարում մի մեծ կուռքի արձան կար, և վեր էր կենում առավոտյան հայր Անուբը, քարեր էր հավաքում և առավոտից մինչև երեկո քարկոծում էր կուռքի երեսը, իսկ երեկոյան կուռքին ասում էր. «Թողությո՛ւն տուր ինձ, որ քեզ տրտմեցրի»: Լրացավ յոթ օրը, և նա այդ արեց ամեն օր: Իսկ շաբաթ օրը դարձյալ հավաքվեցին միասին: Հայր Պիմենն ասաց հայր Անուբին. «Այս յոթ օրը քեզ տեսնում էինք ողջ օրը կուռքին քարկոծելիս, իսկ երեկոյան` գետնին ընկած, սրանից թողություն խնդրելիս: Ինչպե՞ս է հավատացյալ մարդը, առավել ևս` կրոնավորը, ծնկի գալիս կուռքի առջև և նրանից թողություն խնդրում»: Ծերը նրան ասաց. «Ես ձեզ այդ իբրև օրինակ տվեցի, եղբայրնե՛ր. երբ քարկոծում էի նրան, մի՞թե նա պատասխանեց կամ բարկացավ»: Պիմենն ասաց` ո՛չ: «Իսկ երբ ծնկի եկած՝ թողություն էի խնդրում, մի՞թե վրդովվեց թեկուզ դույզնինչ կամ ասաց` չի ների ինձ»: «Ո՛չ»,– ասաց Պիմենը: Ծերն ասաց. «Այսպես էլ մենք` յոթ եղբայրներս, եթե կամենում ենք միասին բնակվել, լինե՛նք ինչպես այս քարեղեն կուռքը, որը ո՛չ անարգանքներից խռովվեց, ո՛չ էլ` փառաբանումներից, և չբարկացավ թեկուզ փոքրինչ: Իսկ եթե չեք ուզում այդպիսին լինել, ահա տաճարը չորս դուռ ունի, և մեզնից յուրաքանչյուրը դուրս գալով թող գնա՛` ուր և կամենա»: Իսկ նրանք, երբ լսեցին այս, նրա ոտքերն ընկած՝ ասացին. «Ինչպես կամենաս` այնպես էլ կանենք, և կլսենք` ինչ էլ որ դու ասես»: Եվ ասաց հայր Պիմենը, թե՝ բնակվեցինք միասին՝ միմյանց նկատմամբ խոնարհությամբ, մեր կյանքի բոլոր օրերին, և անում էինք այն ամենը, ինչ ծերն էր ասում: Եվ մեզնից մեկին տնտես կարգեցինք, և ինչ որ դնում էր մեր առջև` այն էր մեր կերակուրը, և մեզնից ոչ մեկը չէր համարձակվում ուրիշ բան խնդրել, կամ խոսել, կամ առջևը դրվածը չուտել: Եվ միասին ապրեցինք մեր օրերը` խաղաղությամբ, հանգստությամբ և ուրախությամբ:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016