25 Նոյեմբեր, Բշ
- Հա՛յր, Պատարագի ժամանակ զգացի, որ Քրիստոս խաչվել է ինձ համար և հարց տվեցի ինքս ինձ. «Իսկ ես ի՞նչ եմ արել հանուն Քրիստոսի»: Ի՞նչ կարող եմ անել ի նշան երախտագիտության:
- Բավական է և այն, որ դու դա զգում ես: Քրիստոս խաչվեց, զոհաբերեց Իրեն հանուն մեզ և այժմ Իր Մարմինն ու Արյունն է մեզ տալիս: Մարդ դրա մասին մտածելիս պետք է կրակի պես բոցավառվի:
- Իսկ ինչպե՞ս զգալ աստվածային Հաղորդության մեծ խորհուրդը, հա՛յր:
- Սովորաբար խորհուրդները վերապրվում են: Սուրբ Հաղորդության խորհուրդը զգալու համար պետք է հավատալ, որ այդ պահին Քրիստոս ներկա է: Եվ ոչ թե պարզապես հավատալ, այլ վերապրել դա:
- Հա՛յր, իսկ ինչը կարող է օգնել ինձ կենտրոնանալ պատարագի ժամանակ:
- Հրեշտակները մասնակցում են սուրբ Պատարագին: «Հրեշտակային կարգավորութեամբ լցեր, Աստուած, զՔո սուրբ զեկեղեցի: Հազարք հազարաց հրեշտակապետք կան առաջի Քո»,- երգում ենք մենք: Մտածիր նրա մասին, թե ինչ է տեղի ունենում այդ պահին, ուշադիր լսիր խնդրանքները, որ քահանան է մատուցում և ասա ի սրտե. «Տե՛ր, ողորմի՜ր»: Տեսնում եմ, թե ինչպիսի մսխում է տեղի ունենում: Հիշատակության ժամանակ քույրերից քանի՞սն է «Տե՛ր, ողորմեա՜» ասում: Երգչախմբում քույրերը «Տե՛ր, ողորմեա՜» են երգում նոտաներով, իսկ մյուսներն ուղղակի զմայլվում են գեղեցիկ երգեցողությամբ՝ առանց սրտի մասնակցության: Սակայն ի՞նչ օգուտ այդ ամենից: Հիսուսի աղոթքն էլ օգուտ չի բերում, եթե սրտացավությամբ չեք ասում:
- Հա՛յր, գիշերային հսկման Պատարագի ընթացքում համարյա ուժասպառ եմ լինում:
- Բնական է, սակայն պետք է պայքարել: Եթե համբերատարությամբ ստիպես քեզ, ապա Աստծու օգնությունը կստանաս և կզգաս, թե ինչպես են ուժերդ հորդում: Հոգնածությունն անցնում է և հետո քնել անգամ չես ուզում: Հոգևորի հանդեպ այնպիսի տրամադրվածություն ես զգում, որ բավականացնում է ողջ օրը:
- Իսկ Պատարագի ժամանակ թույլատրվո՞ւմ է նստել:
- Սովորաբար չեն նստում Պատարագի ընթացքում: Եթե դժվար է, ապա կարելի է նստել առաքյալների ընթերցման ժամանակ: Սակայն եթե մարդ առողջական լուրջ խնդիրներ ունի և չի կարող կանգնել, ապա կարելի է նստել: Բայց ինքս Պատարագի ժամանակ երբևէ չեմ նստում:
- Հա՛յր, երբ քահանան հայտարարում է. «Եւ զքոյս ի քոյոց քեզ մատուցանեմք…» - ինչպե՞ս եք աղոթում:
- Քանի որ այդ պահին իջնում է Սուրբ Հոգին, ապա ես մտովի կարճ արտասանում եմ «Երկնային Արքային»-ը, «Օրհնյալ ես Դու, Քրիստոս Աստված մեր»-ը և աղերսում աստվածային լույսի շնորհը:
Պաիսիոս Աթոսացի
Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը