17 Նոյեմբեր, Գշ, Հինանց պահքի Բ օր

Կիրակնօրյա դպրոցների սաների հավատքի և ընկերության միավորող դասը

Կիրակնօրյա դպրոցների սաների հավատքի և ընկերության միավորող դասը | Kiraknorya Dprocneri Saneri Havatqi Ev Ynkerutyan Miavorogh Dasy

Նոյեմբերի 15-ին, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու կիրակնօրյա դպրոցի սաները, մանկավարժ Գոհար Չալղյանի ուղեկցությամբ, ուխտավորաբար այցելեցին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցի։ Ուխտավորներին ողջունեց և նրանց հետ զրուցեց խորհրդակատար Տեր Վահան քահանա Առաքելյանը։ Տեր Հայրը մաղթեց, որ Տերն ի կատար ածի նրանց ուխտը, ապա ներկայացրեց եկեղեցու կառուցման պատմությունը, Զորավոր անվան բացատրությունը ու թե ինչ սրբություններ և ուխտի օրեր ունի Երևանի հնագույն սրբավայրը: Այնուհետև երեխաներն այցելեցին եկեղեցուն կից Ս. Անանիայի մատուռ-դամբարան, ուր միասնական աղոթք բարձրացրին առ Աստված։

Ուխտավորներն առիթ ունեցան ծանոթանալու «Զորավոր» կիրակնօրյա դպրոցի սաների հետ՝ նրանց հետ ունենալով համատեղ ուսուցողական դաս: Երեխաներին հանձնարարված էր ներկայացնել աստվածաշնչյան իրենց սիրելի կերպարներին՝ պատմելով նրանց կյանքի, հավատքի և օրինակելի հատկանիշների մասին։

«Զորավոր» կիրակնօրյա դպրոցի մանկավարժ Տաթև Պետրոսյանը, անդրադառնալով առաջադրանքի նպատակին, ընդգծեց, որ Աստվածաշնչի ուսումնասիրության ընթացքում կարևոր է ոչ միայն ձեռք բերած գիտելիքը, այլև դրա ազդեցությունը երեխաների կյանքի և աշխարհայացքի վրա։ Կարևոր է, որ նրանք կարողանան տեսնել, թե աստվածաշնչյան կերպարներն ինչ օրինակ կարող են ծառայել իրենց առօրյա կյանքում։

Հանդիպման ընթացքում մանկավարժները երեխաներին ուսուցանեցին նաև շարականներ և Սուրբ Պատարագից հատվածներ։ Դասն անցավ ջերմ, աշխույժ և ուսուցողական մթնոլորտում։ Այն ոչ միայն նպաստեց երեխաների հոգևոր գիտելիքների հարստացմանը, այլև գեղեցիկ առիթ դարձավ երկու կիրակնօրյա դպրոցների սաների միջև մտերմության, նոր ծանոթությունների և ընկերական կապերի ձևավորման համար։

Քրիստոնեական դաստիարակությունը երեխայի համակողմանի դաստիարակության անբաժանելի մասն է: Երեխաների ճիշտ դաստիարակությունը երաշխավորում է նրանց երջանկությունը թե՛ այս աշխարհում, թե՛ հանդերձյալում՝ կանխելով նրանց սխալ ճանապարհով ընթանալը։

 

Կարինե Սուգիկյան

15.11.26
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․