29 Փետրվար, Եշ, Մեծ պահքի ԺԸ օր

Գրքեր

Կլինիկական մահ. երբեմն վերադառնում են այն աշխարհից (Առաջին մաս)

Արդյո՞ք հրաշքներ կատարվում են մեր օրերում: Ոմանք դրանք ընդհանրապես չեն տեսնում, մյուսները տարօրինակ հանգամանքներով առանձին դրվագներ են նկատում, երրորդներն էլ հրաշքն ամենուր են տեսնում՝ նույնիսկ հենց կյանքը: Սակայն պատահում են նաև առանձին մարդկանց տրված հայտնություններ, երբ ինչ-որ արտասովոր երևույթ բացահայտ ցուցադրվում է: Դա կարող է ծառայել որպես վկայություն և հիշեցում հավիտենության, այլ աշխարհի, ճշմարտության և արդարության, գեղեցկության ու մարդու պատասխանատվության մասին: Նման երևույթների գլխավոր պատճառը սիրո, Աստծու և Նրա աստվածային կամքով ամենայնի գոյության իմաստի մասին վկայությունն է:

Եկեղեցու պատմության մեջ հայտնի են դեպքեր, երբ ոմանք արժանացել են կյանքի ու մահվան մասին իմանալու ավելին, քան թույլատրված է իմանալ մյուս բոլորին: Օրինակ՝ Պողոս առաքյալն այլ աշխարհում էր գտնվում, երբ նրա հոգին դուրս էր եկել մարմնից «…(թե մարմնով էր՝ չգիտեմ, և թե առանց մարմնի՝ չգիտեմ, Աստվա՛ծ գիտե) հափշտակվեց մինչև երրորդ երկինք» (Բ Կորնթ. 12:2): Պատահել են նաև Փրկչի, Կույս Մարիամի, հրեշտակների, սրբերի տեսիլներ մարդկանց: Այս ամենը կազմում է Ուղղափառ Եկեղեցու երկուհազարամյա փորձը:

Մարդու բանականությունը թերահավատորեն է վերաբերվում այն տարօրինակ երևույթներին, որոնց բացատրությունները չի կարող գտնել: Եվ դա նորմալ է, քանի որ վերլուծական գիտակցությունը թույլ է տալիս ուշադրությամբ ընկալել այն ամենն, ինչ դուրս է ընդունված շրջանակներից: Քրիստոնյան միայն Սուրբ Գրքին և Եկեղեցուն կարող է անվերապահորեն վստահել, իսկ առանձին անհատների վկայությունները միշտ վերլուծվում են, համեմատվում՝ սուրբ հայրերի փորձի ու պրակտիկայի հետ, գնահատվում՝ երկնային աշխարհի մասին խոսողի հեղինակության ու համբավի լույսի ներքո:

Այն մարդու պատմությունը, որից մենք հարցազրույց վերցրինք, կարող է հետաքրքրել հասարակության լայն զանգվածին՝ հավատացյալներին ու անհավատներին, գիտակներին ու հասարակ մարդկանց, երիտասարդներին ու տարեցներին: Այսպիսով՝ մեր զրույցը Ալեքսանդր Գոգոլի հետ է, որը որպես դպիր ծառայում է ուկրաինական ուղղափառ եկեղեցու Կիևի Քրիստոսի Հարության մայր տաճարի Անդրեյե-Վլադիմիրյան եկեղեցում:

Կլինիկական մահվան և հոգին մարմնից դուրս գտնվելու մասին

- Ալեքսա՛նդր, մեզ հայտնի դարձավ, որ Ձեր կյանքում մի արտասովոր դեպք է տեղի ունեցել և կցանկանայինք լսել այդ մասին:

- Միգուցե պատմությունս անհավատներին ու կասկածներ ունեցողներին ստիպի մտածել և հավատ գտնել առ Աստված, իսկ հավատացյալներին ամրապնդի հավատքի մեջ: Որպեսզի յուրաքանչյուր ոք հավատա մեր Տեր Հիսուս Քրիստոսին և չկործանվի, այլ հավիտենական կյանք ունենա:

- Դուք կլինիկական մահ եք տարել: Ե՞րբ և ինչպե՞ս է դա պատահել:

- Տերն արժանացրեց ինձ կլինիկական մահվան միջոցով տեսնել մեր երկրային կյանքից անդին: Ես մարմնիցս դուրս էի գտնվում և այժմ ավելի քան հարյուր տոկոսով վստահ եմ, որ մահվանից հետո կյանք գոյություն ունի:

Այն, ինչ տեսա հիմնականում ոչ մի համեմատության ենթակա չէ: Եվ բառերը չեն բավականացնի փոխանցելու այն բոլոր զգացումներս, որ ունեցա տեսածիցս ու լսածիցս հետո: Ինչպես գրված է. «… Ինչ որ աչքը չտեսավ, և ականջը չլսեց, և մարդու սիրտը չընկավ, Աստված այն պատրաստեց իր սիրելիների համար» (Ա Կորնթ. 2:9):

Դա պատահեց 90-ականների սկզբին, դեռ սովետական շրջանում, ավելի ճիշտ՝ Սովետական Միության փլուզման տարիներին: Ես տասներկու տարեկան էի: Մեծանում էի սովորական սովետական ընտանիքում, որտեղ բոլորը մկրտված էին, սակայն եկեղեցի չէին հաճախում: Ինձ մկրտել էին մանկական հասակում՝ 1979 թվականին: Ծածուկ, ինչպես և այն ժամանակ մկրտվածների մեծամասնությանը՝ աշխատավայրում խնդիրներից և ուղղակի ծաղրից խուսափելու համար:

Մինչ պատահածը ես արդեն հավատում էի Տեր Հիսուս Քրիստոսին, բայց եկեղեցի չէի գնում, միայն Զատկին, այն էլ՝ սիմվոլիկ: Հեռուստաէկրաններին մեքսիկական սերիալների հետ մեկտեղ սկսեցին հայտնվել տարատեսակ էքստրասենսներ ու կրոնական բովանդակությամբ հաղորդումներ: Կիևի կինոթատրոններում ցուցադրվում էր ամերիկյան «Հիսուս» ֆիլմը, որը, կարելի է ասել, կինեմատոգրաֆիական յուրատեսակ Ավետարան դարձավ: Ավետարանն այնպես հուզեց հոգիս, որ ես ողջ սրտով հավատացի Աստծուն և ողջ հոգով աղոթեցի: Բառացի, իհարկե, չեմ հիշում, բայց մոտավորապես այսպես. «Տե՛ր Աստված, ես Քեզ հավատում եմ, բայց ախր մեզ սովորեցրել են, որ Աստված չկա: Տե՛ր, չէ՞ որ Դու ամեն ինչ կարող ես, այնպե՛ս արա, որ ես կասկած անգամ չունենամ»:

Երեխաներն այն ժամանակ համակարգիչներ ու համացանց չունեին, և մենք ժամանակն ակտիվ խաղերով էինք անցկացնում՝ փողոցում կամ դպրոցում: Մենք համադասարանցիներով մի այսպիսի խաղ էինք հորինել՝ մի քանի հոգի միմյանց ձեռք էին բռնում և արագ պտտվում, իսկ հետո հանկարծակի բաց էին թողնում ձեռքերն ու տարբեր կողմեր թռչում: Կարևորը դրանից հետո ոտքի վրա մնալն էր: Մի անգամ բոլորը հանկարծ, ինձ համար անսպասելի, բաց թողեցին ձեքերն ու ես հետ թռա: Հասցրի միայն նկատել, որ պատուհանի կողմն եմ թռչում: Արդյունքում՝ ուժեղ, բութ հարված զգացի ծոծրակիս շրջանում: (Ինչպես հետո պարզվեց պատուհանագոգի տակի թուջե մարտկոցին էի հարվածել): Կատարյալ խավար ու խլություն պատեց ինձ: Ասես անէացա:

Կարճ ժամանակ անց մի փոքր մթագնում զգացի ու դրանից հետո վեր կացա: Նույնիսկ ոչ թե վեր կացա, այլ վեր սլացա, բարձրացա՝ անսովոր, հաճելի թեթևություն զգալով: Մտածեցի. «Այ քեզ բա՜ն, նման հարվածից հետո բացարձակապես ոչ մի ցավ չկա և ինձ անհամեմատ ավելի լավ եմ զգում, քան նախքան դա»: Ավելին՝ այդքան լավ ես ինձ երբեք չէի զգացել: Դպրոցական ընկերներս խոժոռ դեմքերով կանգնել էին կողքիս և ասես սգի ժամանակ, գլուխները կախած, ներքևում ինչ-որ տեղ էին նայում: Ես փորձում էի ինչ-որ բան ասել նրանց, թևերս էի թափահարում, ինչ-որ շարժումներ անում, բայց նրանք ամենևին չէին արձագանքում ինձ ու իմ գործողություններին: Այդ ամենը շատ տարօրինակ էր… Իսկ հետո նկատեցի, որ ոտքերիս տակ դպրոցական պայուսակ ու էլի ինչ-որ իրեր էին ընկած, որ կարծես իմն էին, և ոտքերի կոշիկներն էլ իմն էին: Պարզվում է այդ իմ մարմինն էր այնտեղ պառկած, իսկ ես դրա վերևում էի, այսինքն՝ հոգիս դուրս էր եկել մարմնիցս: Դա ինչպե՞ս է հնարավոր: Ես և՛ այստեղ եմ, և՛ այնտեղ: Սկսեցի մտածել այդ ամենի մասին և հանկարծ գիտակցեցի, որ մահացել եմ, չնայած դեռևս չէի կարողանում այդ մտքի հետ հաշտվել: Նույնիսկ ծիծաղս եկավ, քանի որ հենց այդ պատերի ներսում մեզ սովորեցրել էին, որ մարդու կյանքն ավարտվում է մահվանով, և որ Աստված գոյություն չունի: Հիշեցի նաև ֆիլմի խոսքերը, որտեղ Տերն ասում էր. «…ով հավատում է ինձ, թեպետ և մեռնի, կապրի» (Հովհ. 11:25):

Մահ չկա

Հենց մտածեցի Տիրոջ մասին, միանգամից հետևյալ խոսքերը լսեցի. «Ես իսկ եմ հարություն և կյանք. ով հավատում է ինձ, թեպետ և մեռնի, կապրի»: Որոշ ժամանակ անց անկյունում առաստաղի մոտ տարածությունը պատռվեց, սև անցք գոյացավ, և ուժգնացող ինչ-որ անսովոր, միատոն ձայն հայտնվեց:

Ասես մագնիսով ինձ սկսեցին այնտեղ քաշել, բայց առջևում արտասովոր լույս էր երևում՝ շատ պայծառ, բայց ոչ կուրացնող: Ես հայտնվեցի մի անվերջ երկար, խողովականման թունելում և մեծ արագությամբ վեր բարձրացա: Լույս ամբողջովին ողողեց ինձ, և ես ասես այդ լույսի մի մասը լինեի: Վախի ոչ մի զգացում չունեի, սեր էի զգում, բացարձակ սեր, աննկարագրելի հանդարտություն, ուրախություն, երանություն… Նման սեր նույնիսկ ծնողներն իրենց զավակների հանդեպ չեն տածում: Հույզերը համակել էին ինձ: Գույներն ու երանգներն այնտեղ շատ ավելի են, ձայներն՝ ավելի հագեցած, բույրերը՝ շատ: Լույսի այդ հոսանքի մեջ ես հստակորեն զգում էի ու գիտակցում Տեր Հիսուս Քրիստոսի ներկայությունն ու զգում Աստծու սերը: Մարդիկ պատկերացնել անգամ չեն կարող, թե որքան մեծ է Աստծու սերը մեր նկատմամբ: Երբեմն մտածում եմ, որ եթե մարդն իր ֆիզիկական մարմնում զգար դա, ապա նրա սիրտը չէր դիմանա: «…որովհետև մարդ չի կարող տեսնել իմ երեսն ու կենդանի մնալ» (Ելք 33:20),- ասված է Սուրբ Գրքում:

Այդ լույսի մեջ զգացի, որ թիկունքից ինձ գրկեցին. ինձ հետ արտասովոր սպիտակ, լուսավոր, շատ բարի ու սիրառատ մի Էակ էր ներկա: Ինչպես հետո պարզվեց՝ հրեշտակ էր: Արտաքնապես ինչ-որ նմանություն կար Անդրեյ Ռուբլյովի «Երրորդություն» պատկերի երեք հրեշտակների միջև: Հրեշտակները բարձրահասակ են, նրբիրան և ասես անսեռ լինեն, բայց պատանիների տեսք ունեն: Ի դեպ, թևեր չունեն, իսկ սրբապատկերների վրա նրանց՝ թևերով պատկերումը սիմվոլիկ է: Ես շփվեցի նրանց հետ և այն եզրակացությանը եկա, որ բոլորովին ցանկություն չունեմ մեղանչելու, որ ուզում եմ միայն բարի գործեր գործել ու դա է ինձ դուր գալիս:

Մեր շփման ընթացքում ծննդյանս օրվանից սկսած ողջ կյանքս բոլոր մանրամասներով ցույց տվեցին ինձ, բարի և լավ պահերը: Ես վատ էի սովորում դպրոցում և հրեշտակին ասացի, որ դժվարանում եմ, մաթեմատիկայից չեմ հասցնում: Հրեշտակը պատասխանեց, որ դժվար ոչինչ չկա, և ցույց տվեց ինստիտուտներից մեկը, որտեղ մաթեմատիկոսներն ինչ-որ գլոբալ խնդիր էին լուծում: Այժմ արդեն մանրամասնորեն բացատրել չեմ կարող, իսկ այն ժամանակ այդ ամենն այնքան բացահայտ էր, անհասկանալի ոչինչ չկար: Այնտեղ մեծահասակների լուրջ խնդիրը մեկ վայրկյանում լուծեցի ինձ համար: Այնտեղից յուրաքանչյուր մարդ ամբողջովին հստակ երևում է՝ ինչ է իրենից ներկայացնում, ինչ կա սրտում, ինչի մասին է մտածում, նրա բոլոր կրքերը, ինչի է ձգտում նրա հոգին:

Հարյուր տարին ինչպես մեկ ակնթարթ

- Ուզում եք ասել, որ նույնիսկ մտքե՞րն են բոլորին տեսանելի:

- Մտքերն՝ ինքըստինքյան, այնտեղ ամեն ինչ տեսանելի է, մարդն էլ է տեսանելի, ինչպես ափի մեջ, բայց ընդ որում սեր ու լույս է զգացվում, որ Աստծուց է բխում: Նայում ես վերևից ու մտածում՝ ինչի՞դ է այդքան շատ բան պետք, մա՛րդ, որքա՞ն ժամանակ ունես: Ի դեպ, ժամանակի մասին: Այնտեղ մեր հաշվարկը չկա (մեկ տարի, երկու, երեք, հարյուր, հինգ հարյուր), այնտեղ դա պահ է, վայրկյան: Տասը տարի ապրեցիր, թե հարյուր՝ փայլատակման պես է, կար ու չկա: Այնտեղ հավիտենություն է: Ժամանակը բոլորովին այնպես չի զգացվում, ինչպես Երկրի վրա: Եվ դու հստակ գիտակցում ես, որ մեր երկրային կյանքն այն ժամանակահատվածն է, երբ մարդը կարող է ապաշխարել ու դարձի գալ:

Ինձ ցույց տվեցին մեր Երկիրը, ես տեսա քաղաքների փողոցներում քայլող մարդկանց: Այնտեղից երևում է յուրաքանչյուր մարդու ներաշխարհը՝ հանուն ինչի է ապրում, նրա բոլոր մտքերը, ձգտումները, կրքերը, հոգու ու սրտի հակվածությունը: Տեսա, որ մարդիկ չարիք են գործում հարստության, կարողություն դիզելու և հաճույքների ձգտումով, կարիերայի, պատվի կամ փառքի համար: Մի կողմից զզվելի էր նայել այդ ամենին, իսկ մյուս կողմից խղճում էի այդ բոլոր մարդկանց: Զարմանում ու հարց էի տալիս ինձ. «Ինչո՞ւ է մարդկանց մեծամասնությունը կույրերի ու անմիտների պես բոլորովին այլ ճանապարհով գնում»: Մեզ թվում է, թե երկրային կյանքի 100 տարին բավականաչափ ժամանակահատված է, իսկ այնտեղ հասկանում ես, որ դա ընդամենն ակնթարթ է: Երկրային կյանքը երազ է հավիտենական կյանքի համեմատ: Հրեշտակն ասաց, որ Տերը բոլոր մարդկանց սիրում է և բոլորի փրկությունն է կամենում: Աստծո մոտ ոչ մի մոռացված հոգի չկա:

Մենք ավելի ու ավելի վեր էինք բարձրանում և մի տեղ հասանք, նույնիսկ ոչ թե տեղ, ինչպես ես հասկացա, այլ մեկ այլ չափման կամ մակարդակի, որտեղից վերադառնալը կարող էր անհնար լինել:

(Շարունակելի)

 

Զրուցեց Անդրեյ Գերմանը (ПравЖизн)

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

 

Աղբյուրը՝ http://hram-troicy.prihod.ru/articles/view/id/1196613

22.02.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․