Գրքեր

Կորստաբեր ագահության և փրկաբեր ժուժկալության մասին

«Տեսե՛ք, որ զգույշ լինեք ամեն տեսակ ագահությունից, որովհետև մարդու կյանքն իր կուտակած հարստության մեջ չէ» (Ղուկ. 12:15)

Տերունավանդ այս պատգամն ու պատվիրանը դարեր ի վեր խոսում է ողջ մարդկության հետ սուրբգրային էջերից, սթափեցնում և զգուշացնում հեռու փախչել ագահությունից, քանի որ այդ չէ մարդու կյանքի նպատակն ու իմաստը: Դժբախտաբար ներկայումս մարդկությունը հասել է այնպիսի մի վիճակի, որ այլևս գրեթե անհնար է վերադառնալ սակավապետ կյանքին, ժուժկալ, չափավոր ապրելակերպին: Սուրբգրային այս պատգամը, կարելի է ասել, առավել ուղղված է ավելին ունենալու անհագուրդ ու անվերջանալի պահանջներով տառապող մերօրյա մարդկությանը՝ որպես սթափեցնող և զգաստացնող մի կոչ:

Մեր Եկեղեցու սուրբ հայրերն ագահությունը դասել են յոթ մահացու մեղքերի շարքը: Մարդն ինչպես որ պահպանվում է առաքինությամբ, այդպես էլ ապականվում է մոլությամբ: «Մոլությունները մարդուն ոչ միայն չար են դարձնում և հավիտենական դատապարտության արժանի, այլև աղքատ, անարգ ու վաղամեռիկ» (Պողոս Ադրիանուպոլսեցի): Ագահությունը դրամի և ունեցվածքի անհագ բաղձանքն է: Սբ. Պողոս առաքյալն ագահությունն անվանում է կռապաշտություն (տես Կող. 3:5) և ասում, որ այդպիսիք Աստծու և Քրիստոսի թագավորության մեջ ժառանգություն չունեն (տես Եփես. 5:5): Ագահը չի կարող պաշտել Աստծուն, որովհետև ծառայում է մամոնային, ուստի կռապաշտ է և ոչ աստվածապաշտ, ինչպես և գրված է. «Չե՛ք կարող և՛ Աստծուն ծառայել, և՛ մամոնային» (Ղուկ. 16:13): Մինչդեռ ագահության հակադիր առաքինությունը ժուժկալությունը կամ չափավորությունն է: Ցավոք, մեր օերերում խիստ դժվար է ապրել ժուժկալ կյանքով: Մարդկության ողջ պատմության ընթացքում հավանաբար աստվածապատկեր մարդ էակն այնքան շատ չի տառապել ագահության ախտով, որքան մեր օրերում. ավելին ունենալու անհագ մոլուցքը կուրացրել է շատերին. ագահն անողորմաբար զրկում է ամեն մեկին, ոտնահարում իր նմանների իրավունքները՝ անխղճորեն հափշտակելով նրանց ունեցվածքը, աներկյուղ գողանում, սպանում՝ իր վրա բերելով Աստծու արդար զայրույթն ու բարկությունը: Այլև այս ախտով տառապող մարդիկ իրենց ողջ կյանքում տանջանքով են ապրում, որովհետև միշտ տառապում են գանձեր կուտակելու համար, մտքով տանջվում, թե ինչպես ձեռք բերեն չունեցածը և ինչպես պահպանեն ունեցածը, ուստի ագահության չար ախտը կործանարար հետևանքներ է ունենում մարդու հոգու և մարմնի վրա միաժամանակ՝ կարճելով մարդու կյանքը: Ագահը չի ճանաչում մարդկային բնության տկարությունը, չի գիտակցում, որ շատ երկար տարիներ կենդանի մնալ չի կարող, քանի որ մահկանացու է: Ավելին ունենալու անհագ բաղձանքով տարված և իրեն անմահ կարծելով՝ կուտակում է շատ տարիների գանձեր՝ հակառակ Տիրոջ խոսքի. «Գանձեր մի՛ դիզեք...» (Մատթ. 6:19): Ագահը երբեք չի հագենում կուտակելուց, ինչպես և իմաստունն է ասում. «Արծաթ սիրողը չի կշտանա արծաթից, ոչ էլ հարստություն սիրողը՝ իր եկամուտներից. ուստի դա ևս ունայնություն է» (Ժող. 5:9): Եվ ցավերով ու սրտի կսկիծով էլ մեռնում է՝ գանձերն իր կամքին հակառակ թողնելով, քանի որ «ոչինչ չբերեցինք աշխարհ, ոչ էլ պիտի կարողանանք տանել» (Ա Տիմ. 6:7):

Սակայն աստվածճանաչողություն չունեցող մարդու համար ունայն խոսքեր են սուրբգրային խոսքերը: Նրանք ապրում են միայն այս աշխարհի չափանիշներով և այս աշխարհի պահանջների համաձայն՝ ավելի ու ավելի բարեկեցիկ ու հարմարավետ դարձնելով իրենց կյանքը շքեղության ու ճոխության մեջ, ցոփ ու շվայտ կյանք վարելով՝ կարծելով, որ երջանկությունը հենց դա է: Մինչդեռ մարգարեն վայ է տալիս այդպիսիներին՝ ասելով. «Վա՜յ նրանց, ովքեր տանը տուն են կցում և ագարակին ագարակ միացնում, իսկ ընկերոջն արտաքսում են զրկանքներով. թեպետև մեծամեծ շինություններ էլ կառուցեն, ավերակ են դառնալու» (Եսայի 5:8-9): Տերն էլ, պատմելով անմիտ մեծահարուստի առակը, հորդորեց զգուշանալ ագահությունից, գանձ չկուտակել իր անձի համար, այլ «հարստանալ Աստծով», որովհետև՝ «Ի՞նչ օգուտ է մարդուն, եթե ամբողջ աշխարհը շահի, բայց իր անձը կորցնի» (Մարկ. 8:36): «Աշխարհն իր սին վայելչությամբ հրապուրում է միայն երկրավոր բաների մասին մտածել. առաջարկում է հարստություն, փառք, փափկակեցություն, ջանում ողորմածների ձեռքերն աղքատներից ու կարոտյալներից հեռու պահել, որպեսզի այս կյանքը ճոխ ունեցվածքով վայելեն ու ոչնչի պակասություն չունենան» (Պողոս Ադրիանուպալսեցի): Սակայն զուր են չարչարվում աշխարհի իրերում իրենց վերջին երջանկությունը գտնելու, քանի որ եթե նույնիսկ աշխարհի բոլոր բարիքներով հղփացած լինեն, միշտ անհանգիստ են և չունեն խաղաղություն, քանի որ տանջվում են խղճի խայթոցներից, չեն կարողանում անվրդով ապրել և ուրախանալ: Ահա թե ինչու է սուրբ Հակոբոս առաքյալն ազդարարում ագահ հարուստներին. «Ձեր հարստությունը փտած է, ձեր զգեստները՝ ցեցի կեր, և ձեր արծաթն ու ոսկին՝ ժանգոտած» (Հակ. 5:2-3): Մինչդեռ ժուժկալ, ողորմած կյանքով ապրող մարդը խաղաղ ու անվրդով է ապրում, բավարարվում է չափավորով, ինչպես և առաքյալն է ասում. «Ունենք կերակուր և հանդերձներ ու դրանցով էլ բավականանանք» (Ա Տիմ. 6:8): Նա միշտ գոհ է իր վիճակից և վայելում է իր աշխատանքի վարձը: Այլև մարդասիրաբար օգնության ձեռք է մեկնում չքավոր և կարոտյալ իր եղբայրներին, գիտակցում է, որ «պանդուխտ է երկրի վրա, ուստի ժամանակ առ ժամանակ իր բուն հայրենիք՝ երկինք է առաքում բարեգործությունների գանձերը, որ ձեռք բերեց իր ողջ կյանքում» (Պողոս Ադրիանուպոլսեցի), այսինքն՝ իր ունեցվածքից բաժին է տալիս Աստծուն՝ աղքատների ձեռքով՝ գիտակցելով, որ «Քրիստոս, մեր փրկության համար աղքատների հետ շրջում է մեր դռների մոտ» (Վ. Այգեկցի): Երկնքում է ամբողջ գանձերը (տես Մատթ. 6:19-20) և անիրավ մամոնայից բարեկամներ է շահում՝ որպես հավիտենական պաշար (հմմտ. Ղուկ. 16:9)՝ մտաբերելով Տիրոջ խոսքը, որ ասում է. «Ուր ձեր գանձերն են, այնտեղ և ձեր սրտերը կլինեն» (Մատթ. 6:21):

Եթե ագահ հարուստներն էլ, ովքեր խեղդվում են տնտեսական չափազանց բարօրության մեջ, չիմանալով այլևս ինչպես շռայլել և մսխել ավելորդ դրամները, կարողանային տեսնել իրենց շուրջն ապրող աղքատ մարկանց, հազիվ գոյատևող կարիքավոր ընտանիքների, վեհանձնաբար զրկեին իրենց որոշ հաճույքներից, օգնության ձեռք մեկնեին, փոքր-ինչ մեղմեին նրանց սոցիալական ծանր կացությունը, ամեն բան այլ կերպ կլիներ: Մեր հոգեկիր հայրերից սբ. Վ. Այգեկցին, վկայակոչելով Տիրոջ այն խոսքը, թե «հարուստը դժվարությամբ կմտնի երկնքի արքայությունը» (Մատթ. 19:23), ավելացնում է. «Սակայն շատ մեծատուններ կմտնեն Աստծո արքայություն, եթե լինեն բարեսեր, ողորմած, անկաշառ, իրավադատ, խոնարհ, չզրկեն ուրիշներին»:

Ուրեմն գիտենալով ագահության ախտի կործանարար հետևանքները և ժուժկալության առաքինության բազում օգուտները՝ թողնենք աշխարհասիրությունը և առաքինության հետևենք, չապականենք մեր աստվածաստեղծ հոգիներն ագահության մոլությամբ, այլ զարդարենք դրանք առաքինության գործերով: Պայքարենք ագահության ախտի դեմ ժուժկալության, ողորմածության առաքինություններով, որովհետև առաքինության գործերի արդյունքը երանական փառքն է, որ խոստացավ Աստված Իր սիրելիներին: Հիշենք, որ ներկայիս հեշտությունները դառը վախճան են ունենալու, ուստի զօր ու գիշեր հսկենք մեր անձերի փրկության համար, ապաշխարության սպեղանիներով դարմանենք մեղքերով հիվանդացած մեր հոգիներն ու ապավինենք մեր հոգիների ու մարմինների Բժշկին՝ Աստծուն: Ողորմած է Աստված և ներողամիտ, անեզր է Նրա քաղցրությունը, և բաց են Նրա ողորմության դռներն ու չեն փակվում ապաշխարողների առաջ. «Ապաշխարության կյանքի դուռը չի փակվելու մինչև աշխարհի վախճանը»,- ասում է մեր հավատի հայր սբ. Գր. Լուսավորիչը: ՙԲարիք գործենք, բարի գործերով հարստանանք, լինենք առատաձեռն, բարեսեր, մեր ունեցածից ուրիշին էլ բաժին հանենք՝ մեզ համար բարի հիմք դնելով հանդերձյալում, որպեսզի ձեռք բերենք ճշմարիտ կյանքը՚ (հմմտ. Ա Տիմ. 6:18-19):

 

Անժելա Խաչատրյան

29.01.15
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․