Կոստանդնուպոլսի սուրբ Ժողովի մասին

Թեոդոս Մեծը՝ որդին Գրատիանոսի, որպես կայսր թագավորում է տասնհինգ տարի: Նրա գահակալության չորրորդ տարում է, որ տեղի է ունենում Կոստանդնուպոլսի ժողովը հարյուր հիսուն եպիսկոպոսների մասնակցությամբ: Ժողովի գումարման պատճառը հոգեմարտության մասին ուսմունքն էր, որի հեղինակը՝ Մարկիոնը, ասում էր, թե իբր Սուրբ Հոգին առավել նվազ ու ցածր է, քան Հայրը և Որդին:

Ինքը՝ Մարկիոնը, վախճանվում է դեռ մինչև Ժողովի գումարվելը: Իսկ ահա ժողովի գումարման այդ օրերին Թեոդոս կայսրը արիոսական Դիմուփիլոսի ձեռքում գտնվող Կոստանդնուպոլսի եպիսկոպոսությունը վերցնում է նրանից և Կոստանդնուպոլսի աթոռի տեղապահությունը՝ մինչև Ժողովի գումարումը, հանձնում է Գրիգոր Աստվածաբանին, քանի որ վերջինս ամենքից շուտ՝ դեռևս արիոսականության հերձվածի դեմ պայքարելու օրերին էր եկել Կոստանդնուպոլիս: Իսկ Ժողովը գլխավորողներն էին Երուսաղեմի Կյուրեղ եպիսկոպոսը, Տիմոթեոս եպիսկոպոս Ալեքսանդրացին, Անտիոքի Մելիտիոս եպիսկոպոսը, Գրիգոր Նյուսացին, Գելլասիոս Կեսարիո-Պաղեստինացին, Հռոմի Դամասոս եպիսկոպոսը և Կոստանդնուպոլսի ժամանակավոր աթոռակալ Գրիգոր Աստվածաբանը, որին, համաձայն Ժողովի որոշման, փոխարինում է Նեկտարիոս եպիսկոպոսը, վերջինիս էլ Կոստանդնուպոլսի Աթոռին հաջորդում է Հովհաննեսը՝ «Ոսկեբերան» կոչեցյալը:

Եվ ահավասիկ սուրբ Ժողովի կողմից սահմանվում է ուղղափառ դավանությունը, համաձայն որի՝ կենդանարար ու ամենասուրբ Հոգին քարոզվում է հավասարապատիվ, փառակից և համագոյական Հորը և Որդուն: Իսկ Մարկիոնը հետմահու նզովվում է մնացյալ բոլոր հերձվածողների հետ:

Այս նույն ժամանակ էր նաև, որ Եփեսոսում տարածված մի հերձվածի հարող մի շարք պատանիներ, որոնք առանց ընդունելու հարության գաղափարը՝ վախճանվել էին, Թեոդոս թագավորի ուժգին ճգնությամբ և Աստվածահայց աղոթքներով վերակենդանանում են, և միայն երբ թագավորը գնում, տեսնում է նրանց ու շատ աստվածեղեն բաներ է խոսում նրանց հետ, այդժամ է, որ նրանք դարձի են գալիս, և ապա, կամոքն Աստծո, կրկին ննջում են ի Քրիստոս, որին փառք հավիտյանս: Ամեն:

 

«Համաբարբառ Յայսմաւուրք», Ս. Էջմիածին, 2011թ., Հատոր Է,

Գրաբարից թարգմանեց Գևորգ սրկ. Կարապետյանը

 

22.02.20
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․