Ճգնավորներից մեկն ասաց. «Գլխավորը խաչը կրելն է, այլ ոչ թե քարշ տալը: Քարշ տալը չափազանց ծանր է»:
Կրել նշանակում է արիաբար «ճանապարհ հարթել» այն ամենի միջով, ինչը մեզնից յուրաքանչյուրին խանգարում է Քրիստոսի ետևից գնալ՝ օրեցօր քեզ հաղթահարելով, օրեցօր ուղղվելու սկիզբը դնելով:
Քարշ տալ նշանակում է թուլակամություն անել, խղճալ քեզ, վախենալ հավիտենական կործանումից և գործնականում ոչինչ չանել սեփական փրկության համար:
Թեև, այլ խաչ էլ է լինում՝ հիվանդությունների, ձախորդությունների, վշտերի, անարդարացի վիրավորանքի:
Եվ դա էլ կարելի է կրել, բայց կարելի է նաև քարշ տալ:
Կարելի է շնորհակալություն հայտնել Աստծուն կամ գոնե անընդհատ կրկնել. «Արժանի հատուցումն եմ ստանում՝ ըստ իմ գործերի» (հմմտ. Ղուկ. 23:41):
Եվ կարելի է անվերջ փոքրոգություն անել, տրտնջալ, անվերջ պնդել. «Ախր ինչո՞ւ հենց ես, ո՞ր մեղքիս համար», մոռանալով, որ ինչպիսին էլ մեզ ուղարկված խաչը լինի, միևնույն է, ծառը, որից այն պատրաստված է, աճել է մեր սրտի հողի վրա:
Նաև մոռանալով, որ մահապատժի գործիքից Տերը փոխեց այն փրկության գործիքի: Ոչ միայն Իր Խաչը, երբեմնի Գողգոթայում կանգնած, այլև մեր փոքր, հազիվ նշմարելի խաչերից յուրաքանչյուրը…
Վանահայր Նեկտարի (Մորոզով)
Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը