Կրկնազատիկ

Կրկնազատիկ | Krknazatik

Եվ լույսը խավարի մեջ լուսավորում է, և խավարը նրան չնվաճեց (Հովհ 1։5):

Սիրելի՛ հավատացյալ եղբայրներ և քույրեր,

Այսօր Կրկնազատիկ է՝ Տիրոջ սուրբ հարության լուսաշող ուրախությամբ լի Հինանց շրջանի սկիզբը։ Այդ ուրախությունն ու լույսը դեռևս վառ են մեր սրտում, աշխարհի հոգսն ու տագնապը դեռ չեն հասցրել խամրեցնել դրանց վառ գույները, և աղոթում եմ Ողորմած Տիրոջը, որ ինչ էլ պատահի՝ դրանք չխամրեն ու միշտ ուղեկից լինեն մեզ հատկապես դժվարությունների ու փորձության ժամանակ։ Այսօր և այլևս հավետ դատարկ է Քրիստոսի սրբաբույր գերեզմանը, սիրելինե՛ր, և փա՜ռք Երկնակալին այդ փրկավետ իրողության համար, քանի որ ինչպես եկեղեցական հեղինակներից մեկն է ասում․ «Առանց Քրիստոսի հարության Նրա գերեզմանի կողքին կլիներ և քրիստոնեական հավատի գերեզմանը»։ Այո, մեր հավատը, մեր կյանքը և ամեն ինչ այս աշխարհում իմաստավորվում և լիարժեք է դառնում միայն ու միայն Աստվածորդու հարությամբ։ Իմաստավորվում է նաև մահը, որն այլևս դուռն է հավիտենական կյանքի։ Եվ մենք այսօր երջանիկ մարդիկ ենք, սիրելի՛ հավատացյալներ, քանի որ ծնվել ենք այն ժամանակ, երբ Աստծու Գառը զոհաբերված է այլևս մեր փրկության համար, և Փրկչի հարությունը կատարված իրողություն է արդեն, որով բոլորս հրավիրված ենք անմահության։ Առաջին՝ հրեական Զատկի տոնի հիմքը երկրային, անցողիկ բարիքն էր՝ հրեա ժողովրդի ազատագրումը եգիպտական գերությունից, իսկ մերը՝ քրիստոնեականը, հավերժ է, քանի որ դրա հիմքում յուրաքանչյուր մարդու ազատագրումն է ադամական մեղքի ու մահվան գերությունից։ Այսօր մենք ունենք Ավետարանը, որտեղ չորս ավետարանիչները պատմում են հարուցյալ Աստծու հետ սքանչելի հանդիպման մասին, և մենք էլ նրանց հետ միասին վերապրում ենք այն ու կիսում նրանց ուրախությունը։ Որքա՜ն կցանկանայինք նրանց կողքին լինել այդ պահին ու մեր մարմնավոր աչքերով տեսնել հարուցյալ Փրկչին։ Ինչպիսի՜ երանություն պիտի զգայինք այդ պահին, ինչպիսի՜ խենթացնող երջանկություն, ինչպիսի՜ ապրեցնող հույս․․․ Բայց դա Ավետարանի վերջում է, սիրելինե՛ր, իսկ նախքան այդ երանելի ու ապրեցնող պահը, դեռ կա դավաճանություն, սոսկալի չարչարանքներ ու անարգ մահ։ Ես չգիտեմ, թե մեզնից յուրաքանչյուրը որտեղ կլիներ այդ մեծ փորձության ժամին, և գուշակություններ անելու կարիք էլ չկա ամենևին, այլ ուզում եմ, որ ուշադրություն դարձնեք մի նուրբ ու անչափ կարևոր հանգամանքի․ առաքյալներից ամենահամարձակը, նախանձախնդիրն ու զգացմունքայինը՝ Պետրոս առաքյալը, կորցնելով Քրիստոսին ու փորձության պահին տրվելով իր մարդկային տկար բնությանը, վախեցավ անգամ մի հասարակ աղախնից և ուրացավ սիրելի Վարդապետին։ Պետրոսը վախեցավ մի պարզ կնոջից, որը ո՛չ դիրք ուներ, ո՛չ զորություն։ Եվ այդ նույն Պետրոսը ընդամենը մի կարճ ժամանակ անց արդեն համարձակվում էր կանգնել պետական ատյանների ու կրոնական հեղինակությունների առջև և ուղիղ մահվան աչքերի մեջ նայելով՝ քարոզել հարուցյալ Քրիստոսին (հմմտ․ Գործք․ 5։40-42)։ Այսպես նաև մյուս առաքյալներն ու աշակերտները։ Վարքի ինչպիսի՜ փոփոխություն չնչին ժամանակահատվածում․․․ Իսկ ի՞նչ էր փոխվել նրանց կյանքում, սիրելի՛ հավատացյալներ։ Ի՞նչն էր նման անվեհերություն ներշնչել նրանց։ Ի՞նչն էր ջնջել մահվան հանդեպ վախը նրանց սրտից։ Դե իհարկե Քրիստոսի հարության անհերքելի փաստը։ Նրանք սեփական աչքով էին տեսել զինվորներով պաշտպանված գերեզմանի դատարկությունը և ապա արժանացել հարուցյալ Տիրոջ քաղցր այցելությանը։ Նրանք սեփական աչքով էին տեսել մեռելներից հարությունն ու հավիտենական կյանքը, և դա նրանց աննկարագրելի ոգևորություն ու համարձակություն էր պարգևել։ Ուստի այլևս ոչ մի սպառնալիք չէր կարող վախեցնել նրանց և խոչընդոտել նրանց սուրբ առաքելությանը, քանի որ հարուցյալ Քրիստոս այլևս նրանց հետ էր «բոլոր օրերում, մինչև աշխարհի վախճանը»։

Առաքելական թղթերն ու Եկեղեցու սրբազան ավանդությունը լի են առաքյալների ու սրբերի ջերմեռանդ, խիզախ կյանքի ու առավել խիզախ մահվան նկարագրություններով, և ես այսօր մաղթում եմ, սիրելինե՛ր, որ դուք էլ լցվեք նրանց հավատով ու անվեհերությամբ։ Պատրաստակամորեն լծվեք ձեր քրիստոնեական ծառայությանը՝ յուրաքանչյուրդ իր չափով, և չերկնչեք ոչ մի դժվարության առջև։ Թող պահքի ավարտը երբեք ու երբեք չդառնա ձեր ժուժկալության, ապաշխարության ու բարեգործության ավարտը ևս։ Երբե՛ք։ Եվ ամենայն հայոց բանաստեղծի դառը տողերը երբեք թող չվերաբերեն ձեզ․

Քրիստոս հարյավ... երկինք գնաց,

Երկնքում թողեց պատվերներ,

Բայց պատվերը գրքում մնաց,

Եվ աշխարհը հեծում է դեռ:

Այլ այս լուսավոր օրերին, երբ հարության ցնծությունը եկել է փոխարինելու պահեցողության խստությանը, թող ձեր ուրախությունն արտահայտվի բարեպաշտության ու առաքինասիրության լույսի ներքո և երբեք ու երբեք չդառնա անզուսպ խրախճանք, որն իր հետևից մեղքերի շարան է բերում։ Որքան հնարավոր է պահպանեք ձեր մեջ պահքի պարգևած մաքրությունն ու մի շտապեք ազատվել Տիրոջ երանավետ, ապրեցնող ներկայությունից։ Այո, Քրիստոս այլևս հարություն է առել մեռյալներից, ուստի և դո՛ւք հարություն առեք, ձեր հոգին մեղավոր զեխության ու անհոգության մեջ մեռցնելու փոխարեն։ Թույլ մի՛ տվեք, որ դարավոր թշնամին ձեր միջոցով ծիծաղի Տիրոջ փառավոր հաղթանակի վրա, ինչպես որ հայրերի գրվածքներում է ասվում Քրիստոսի անունից՝ Ես ցույց կտամ վերքերը, որ ստացա քեզ համար, իսկ նա կսկսի ցույց տալ վերքերը, որ դու ես կրում հանուն նրա․․․ Աստված մեզ հեռու պահի նման ամոթալի ու կործանարար ընթացքից, սիրելինե՛ր։ Եվ եթե մենք հիշում ենք, որ մի օր պիտի մեռնենք ու մի օր էլ հարություն առնենք ու կանգնենք Նրա առջև, Ով ինքնակամ գնաց մահվան հանուն մեզ, ապա ուղղակի անհրաժեշտ է, որ մաքուր ու սուրբ կյանքով ապրենք, գոնե ավելի մաքուր, քան մինչ այս էր։ Ամեն անկումից հետո ոտքի կանգնենք հանուն Քրիստոսի հարության, հանուն հարուցյալ Քրիստոսի և ապրենք որպես Աստծու որդիներ, քանի որ այժմ նոր կյանք, նոր հորիզոն է բացվել մեր առջև։ Մենք անմահության հրավեր ենք ստացել մեր Արարչից, հնարավորություն ենք ստացել մեռնելու մեղքի համար, որպեսզի հարություն առնենք Քրիստոսով։ Սա է պայմանը։ Ինչպես որ սուրբ Պողոս առաքյալն էլ է ասում․ «Բայց Աստված, որ առատ է ողորմությամբ, իր մեծ սիրով, որով սիրեց մեզ, մինչ մեռած էինք մեր մեղքերի մեջ, մեզ կենդանացրեց Քրիստոսով (որովհետև շնորհով փրկվեցինք): Նրա հետ հարություն տվեց մեզ և նրա հետ նստեցրեց երկնքում Քրիստոս Հիսուսով» (Եփես․ 2։4-6)։

Սիրելինե՛ր, Տեր Հիսուս Քրիստոս մեռավ մեզնից յուրաքանչյուրի համար ու Իր փառապանծ հարությամբ հաղթեց մահին։ Եվ այդ սքանչելի հաղթանակը պարգևեց մեզ, որովհետև ոչ թե Իր, այլ միայն ու միայն մեզ համար կռվեց ու հաղթեց Քրիստոս Աստված մեր։ Նրա թափուր գերեզմանից ցոլարձակած լույսը համայն մարդկությանը պատմեց այդ հաղթության մասին, և այդ սրբասուրբ վայրից բխած կյանքի գետը աստվածային օրհնությամբ ու հավիտենության ջրով ոռոգեց համայն աշխարհը։ Թող և՛ Աստծու հարության անստվեր լույսը անմար մնա ձեր սրտերում, սիրելի՛ հավատացյալներ, և՛ կյանքի ջուրը սրբի ձեր սրտի աղտեղությունը՝ զուլալ ու սուրբ պահելով այն Քրիստոսի համար։

Աբգար թագավորի պատվիրակները Տիրոջ սրբալույս պատկերը դաստառակի վրա դրոշմված ստացան Նրա չարչարանքներից ու մահվանից քիչ առաջ, իսկ դուք ձեր հոգու սրբված դաստառակը բերեք այլևս հարուցյալ Տիրոջ առջև և աղերսեք Նրա սքանչելի ու երանելի պատկերը ձեր հոգում։ Որպեսզի թերամտությունը, փոքրոգությունն ու վախն այսուհետ տեղ չունենան ձեր կյանքում։ Որպեսզի ձեր հավատը, ձեր առաքինություններն ու բարի գործերը պատմեն հարուցյալ Քրիստոսի մասին և շողան Նրա փառքի համար։ Ինչպես երկու հազար տարի առաջ նյութական արեգակից էլ անհամեմատելիորեն պայծառ շողաց հարուցյալ Քրիստոս Արեգակի լույսը, այնպես էլ այսօր և հավետ թող շողա այն Իր հավատարիմների, Իր սիրեցյալ զավակների ու նվիրյալների միջոցով։

Այսօր՝ ապրիլի 24-ին, համայն հայության հետ միասին նաև մեր աղոթքն ու հիշատակի խունկը բերենք Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի խնկամանին, սիրելի՛ հավատացյալներ։ Նրանց հիշատակը մշտավառ է բոլոր ճշմարիտ հայերի սրտում, և հաստատուն՝ պահանջատիրոջ կամքը, քանի դեռ այդ սարսափելի ոճրագործության մեղավորը չի ընդունել իր մեղքն ու ներողություն չի խնդրել հայ ազգից։ Թե՛ համամարդկային, թե՛ բարոյական և թե՛ քրիստոնեական տեսանկյունից արդար է մեր պահանջը, սիրելինե՛ր, ուստի հաստատակամ մնանք դրանում, զորանանք աստվածային իմաստությամբ ու քրիստոնեական անվեհեր ոգով, որդիական սիրով պաշտպանենք Աստծուց մեզ պարգևված մայր հայրենիքը, եղբայրական սիրով վերաբերվենք մեր հայրենակիցներին և այնժամ կարող ենք հուսալ, որ հաղթանակած Արքայի՝ հարուցյալ Տեր Հիսուս Քրիստոսի օրհնությունն ու օգնությունը անսպառ կլինի հայոց հողից ու հայ ազգից։ Եվ միանալով երանելի Պետրոս առաքյալի խոսքին՝ ի սրտե ասենք․ «Օրհնյա՜լ է Աստված և Հայրը մեր Տեր Հիսուս Քրիստոսի, որ իր առատ ողորմությամբ մեզ վերստին ծնեց կենդանի հույսի համար՝ մեռելներից Հիսուս Քրիստոսի հարությամբ. ծնեց անեղծ և անարատ ու անթառամ ժառանգության համար, որ պահված է երկնքում ձեզ համար» (Ա Պետ․ 1։3, 4)․ ամեն։

 

Տեր Գրիգոր քհն. Գրիգորյան

24.04.22
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․