Ծերունի իշխանը երեք որդիներին իր մոտ է կանչում, ցույց տալիս երեք սնդուկ, հերթով բացել տալիս ու ասում. «Առաջին սնդուկի մեջ իմ գանձերն ու զարդերն են, այն տալիս եմ մեծ որդուս, քանի որ ունեցվածքն առավել սիրեց, քան մնացյալը: Երկրորդ սնդուկի մեջ իմ դղյակների բանալիներն ու իշխանական մատանիներն են, դրանք տալիս եմ միջնեկ որդուս, որովհետև իշխանություն և փառք սիրեց»: Այնուհետև բացել է տալիս երրորդ սնդուկը, որտեղ գեղեցիկ կազմով Աստվածաշունչ է լինում: Իշխանն ասում է. «Այն իմ երրորդ որդուն եմ տալիս, որովհետև նա Աստծուն առավել սիրեց»: Բոլորը զարմանում են իշխանի այս մոտեցման վրա, և համարում ժառանգության անարդար վերաբաշխում: Երկար տարիներ անց մեծ որդին սնանկանում է և դառնում թշվառ, աղքատ մի մարդ՝ այդպես ավարտելով իր կյանքը: Միջնեկ որդուն ապստամբները կախում են դղյակի պարիսպներից՝ մահվան մատնելով: Իսկ երրորդ որդին դառնում է սրբակյաց մի հոգևորական, ում մոտ աշխարհի տարբեր կողմերից շտապում են, որպեսզի լսեն Աստծու խոսքը և նրա միջոցով տեսնեն Աստծու հրաշքները...
Հովհաննես Մանուկյան