Կյանքի կարևորագույն դասեր, որ քաղեցին երիտասարդները հեքիաթների աշխարհից

Հունիսի 5-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու երիցատան դահլիճում «Զորավոր» երիտասարդաց միությունը, «Եկեղեցին մենք ենք» ծրագրի շրջանակներում, հյուրընկալել էր մանկավարժ, կենսաբան, մանկագիր և թարգմանիչ Հասմիկ Ափոյանին: Հանդիպումը, երիտասարդաց միության հոգևոր պատասխանատու Տեր Վահան քահանա Առաքելյանի գլխավորությամբ, սկսվեց «Տերունական աղոթք»-ով: Տեր Հայրը, ողջունելով հյուրին, շնորհակալություն հայտնեց հրավերն ընդունելու և երիտասարդների հետ զրուցելու իր հեղինակած հեքիաթների մասին: Երիտասարդները նախապես կարդացել էին «Աստիճանը» և «Խաղալիքների տունը» հեքիաթները: Նշենք, որ «Խաղալիքների տունը» հոգեբանական խաղ-հեքիաթ է, որ բեմադրվել է մի շարք դպրոցներում  և թարգմանվել ինը լեզուներով, իսկ «Աստիճանը» հեքիաթը ներառվել է IBBY Բոլոնիայի միջազգային գրքի ցուցահանդեսի պատվավոր ցուցակում:  

Անդրադառնալով «Խաղալիքների տունը» հեքիաթի ստեղծման պատմությանը՝ տիկին Ափոյանը նախ նշեց, որ ընտրել է հեքիաթի ժանրը, քանի որ տարիներ շարունակ երեխաների հետ շփման  արդյունքում նկատել  է, որ իր պատկերավոր պատմությունները մեծ ազդեցություն են թողնում երեխաների վրա, նաև հեքիաթները թույլ են տալիս մտքի և երևակայության մեջ ազատ լինել ու հասնել բարու հաղթանակին:

«Սովորաբար սկզբից գրվում է հեքիաթը, ապա ստեղծվում են հերոսները, բայց «Խաղալիքների տուն» հեքիաթի դեպքում հակառակն է եղել. աղջկաս կողմից ստեղծված  տիկնիկները ներշնչեցին ինձ գրելու այս հեքիաթը»,- ասաց նա, ապա երիտասարդներին տեղափոխեց խաղալիքների տուն, ուր ապրում էին Լոլո և Լուլու տիկնիկները, որ երազում էին դառնալ հեքիաթների քաղաքի լիիրավ բնակիչները: Մի քաղաքի, որտեղ ապրում էին աշխարհի բոլոր հեքիաթների հերոսները, և այդ քաղաքը չուներ ղեկավարներ, կանոններ, ոչ մի հեքիաթի հերոս ոչ մեկին չէր խանգարում և այդ քաղաքի մեծությունը յուրաքանչյուրի համար կախված էր իր կողմից ընթերցված հեքիաթների քանակով: Խաղալիքների տան տիկնիկները՝ կախված իրենց տերերի լավ կամ վատ արարքներից, լցվում էին գունավոր կամ գորշ գնդիկներով և երջանկանում կամ դժբախտանում՝ կախված նրանից, թե որ գույնի գնդիկները կգերակշռեին: Լուլուն բարի աղջկա ձեռքում երջանկանում է, իսկ Լոլոն՝ ոչ: Իմաստունի խորհրդով Լոլոն դուրս է գալիս ծանր վիճակից հենց այն տղայի միջոցով, ով իրեն դժբախտացրել էր: Տղան, օգնելով Լոլոյին, նաև իրեն է օգնում: Հեքիաթի ավարտին Լուլուն և Լոլոն, երջանկություն ձեռք բերելով, ցանկանում են փոխել աշխարհը և այն դարձնել ավելի բարի:

Իսկ «Աստիճանը» հեքիաթի վերաբերյալ մանկագիրն ասաց, որ այն փիլիսոփայական հիմք ունի և հեքիաթ է նաև մեծերի համար: Հեքիաթի հիմքը հանդիսացել է այն, որ տարիներ առաջ գյուղի տներից մեկի մառանում տիկին Ափոյանը տեսել էր հին աստիճան և հեքիաթի բովանդակությունը համառոտ ներկայացնելով՝ պատմեց. «Քաղաքի արվարձաններից մեկում՝ Խաղալիքների տանը, հաշտ ու համերաշխ ապրում էին հեքիաթների կերպարներն ու խաղալիքները, բայց տան խորդանոցում պահվող հին ու խարխուլ աստիճանը զգում էր, որ տանտիրուհին ցանկանում է ազատվել իրենից և որոշում է դուրս գալ լճացած վիճակից ու նոր կյանք սկսել: Աստիճանին միանում են խորդանոցի մյուս անպետք իրերը: Ճանապարհին, իրերը միմյանց օգնելով և վերանորոգելով, դառնում են մարդկանց համար պիտանի: Իսկ նորոգված աստիճանը մտորում էր, թե արդյո՞ք ինքն որևէ մեկին անհրաժեշտ կլինի, և այդ առիթը չի ուշանում. երեխայի օգնության կանչը լսելով՝ նա առանց վարանելու շտապում է՝ ցամաքած ջրհորի մեջ ընկած աղջկան փրկելու: Աստիճանը երջանիկ էր. նա կյանք էր փրկել, նա նոր կյանքի շեմին էր»:

Ջերմ մթնոլորտում անցավ հեքիաթների քննարկումը: Հանդիպման ավարտին Տեր Վահանը ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնեց մանկագրին՝ նշելով, որ տպավորված են հեքիաթներից, որ հերթական հոգևոր սնունդը հանդիսացան երիտասարդների համար և ասաց, որ խոր փիլիսոփայություն ունեցող այս հեքիաթների մեջ յուրաքանչյուր անձ կարող է տեսնել իրեն, թե ի՞նչ վերաբերմունք ունի մարդկանց հանդեպ, իր կյանքը և իր միջավայրը փոխելու անհրաժեշտություն ունի, թե՞ ոչ:  

 

Կարինե Սուգիկյան

05.06.25
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․