Կյանքի կոչվեց «Մշակն արժանի է իր վարձին» տիրավանդ պատգամը

Դեռևս դեկտեմբեր ամսից Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքի և Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի Սրբոց Ղևոնդյանց Մայր տաճարի «Բարի սամարացիներ» խմբի սիրո համագործակցության արդյունքում աջակցություն ստացան Հայոց բանակի մեր զինվորները և սոցիալապես անապահով ընտանիքներ: Այս անգամ «Բարի սամարացիներ» խումբն իր հայրենիքում կյանքի կոչեց «Մշակն արժանի է իր վարձին» (Մատթեոս 10:10) տիրավանդ պատգամը: Խումբը Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանին տրամադրեց 1000 ԱՄՆ դոլար՝ ի աջակցություն Հայաստանի սահմանամերձ գյուղերում սպասավորող հոգևորականների: ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, Տեր Գրիգորը դեկտեմբերի 28-ին դրամական աջակցությունը փոխանցեց նորաստեղծ Արթիկի թեմում սպասավորող հինգ հոգևորականների՝ յուրաքանչյուրին տրամադրելով 200 ԱՄՆ դոլար: Արթիկի թեմի առաջնորդական տեղապահ Տ. Նարեկ վարդապետ Ավագյանը և արժանապատիվ քահանաներն իրենց երախտագիտությունը հայտնեցին Նավասարդ Սրբազանին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքին՝ գլխավորությամբ Տեր Գրիգորի և աջակիցներին՝ «Բարի սամարացիներ» խմբին: Հայր Նարեկը նշեց, որ քահանաները ջանադրաբար իրենց սպասավորությունն են բերում թեմի տասնինը գործող եկեղեցիներում, և աջակցությունը գնահատանք էր քահանաներին իրենց ծառայասիրության դիմաց: Արթիկի թեմի վերանորոգվող (չորս եկեղեցի) և գործող եկեղեցիներում Հայր Նարեկը և քահանաները Ս. Պատարագ են մատուցում շաբաթ և կիրակի օրերին: «Աջակցությունն ուղղված մեր թեմին ակամայից ինձ հիշեցրեց առաքելական ժամանակաշրջանը, թե ինչպես էին տարբեր համայնքներ եղբայրական սիրով լի հանգանակություններ կազմակերպում՝ աջակից լինելով միմյանց կարիքներին»,-ասաց թեմում սպասավորող Տեր Աբգար քահանա Մարգարյանը:

Տեր Գրիգորի և թեմի հոգևորաց դասի հետ հանդիպման ընթացքում տեղի ունեցավ զրույց հոգևոր սպասավորության առավել արդյունավետ եղանակների և դրանց գործածման փորձառության վերաբերյալ: Հոգևոր սպասավորները հրաժեշտ տվեցին միմյանց՝ շնորհավորելով գալիք Ամանորը և Ս. Ծնունդը:

Հոգևոր անդաստանում հոգևոր մշակի կարևոր առաքելությունը ստանձնած յուրաքանչյուր մի մշակ, ըստ Տիրոջ խոսքի, արժանի է իր վարձին: Այս մասին Ս. Իոան Կրոնշտադսկին ասել է. «Մեր գործն է մարդկանց փրկության համար ծառայելը, որը շատ մեծ և հարգանքի արժանի մի գործ է: Մենք պետք է կատարյալ նվիրվածություն ունենանք այդ կոչմանը՝ չմտածելով նյութականի մասին, իսկ ում համար, որ ծառայում ենք, արժան է, որ իրենք իրենց ունեցածից հատուցեն մեզ մեր անգնահատելի ջանքերի համար: «Եթե մենք հոգևոր սերմեր ցանեցինք ձեր մեջ, մե՞ծ բան է, եթե նյութական բարիք հնձենք ձեզնից» (Ա Կորնթացիներ 9:11),- ասել է Ս. Պողոս առաքյալը: Մենք անմահ հոգիների համար կառուցում ենք հավիտենական փրկություն, իսկ ինքներս այդ ընթացքում ստանում ենք այն, ինչ անցողիկ է»:

 

 

Կարինե Սուգիկյան

28.12.16
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․