Անտառում ապրող գայլերի ոհմակի առաջնորդն արդեն շատ ծեր էր: Երբ որսի գնալու ժամանակը եկավ, առաջնորդն ասաց, որ այլևս ի վիճակի չէ նրանց առաջնորդելու: Ոհմակից մի երիտասարդ, ուժեղ գայլ առաջ եկավ ու առաջնորդի թույլտվությունը խնդրեց ոհմակին որսի տանելու համար: Ծեր գայլը թույլ տվեց և ոհմակն ուղղվեց սնունդ հայթայթելու: Մեկ օր անց գայլերը վերադարձան իրենց որսով: Երիտասարդ գայլը պատմեց, որ իրենք հարձակվել էին յոթ որսորդի վրա և առանց դժվարության հաղթել նրանց: Որոշ ժամանակ անց երիտասարդ գայլը կրկին ոհմակին որսորդության առաջնորդեց: Երկար ժամանակ նրանք չէին վերադառնում: Եվ ահա, ծեր գայլը տեսավ, որ հազիվ ողջ մնացած երիտասարդ գայլը վերադառնում է առանց ոհմակի: Նա առաջնորդին պատմեց, որ իրենք հարձակվել էին երեք մարդու վրա և միայն ինքն էր կենդանի մնացել: Ծեր գայլը զարմանքով հարցրեց.
- Բայց չէ՞ որ առաջին որսի ժամանակ հեշտությամբ հաղթել էիք յոթ զինված որսորդների ու ողջ ետ էիք վերադարձել:
Երիտասարդ գայլը պատասխանեց.
- Այն ժամանակ ուղղակի յոթ որսորդներ էին, իսկ այս անգամ՝ երեք լավագույն ընկերներ:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի