23 Դեկտեմբեր, Բշ
Հայաստանի ազգային պատկերասրահի «Հակոբ Կոջոյանի և Արա Սարգսյանի տուն-թանգարան»-ի մասնաճյուղում փետրվարի մեկին «Զորավոր» մանկական երգչախումբը ներկայացավ հետաքրքիր և յուրահատուկ. մանուկները երգում էին, պարում և բեմադրում: ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ. Նավասարդ Արք. Կճոյանի օրհնությամբ նորասկսնակ երգչախումբը մեկ ամիս է, ինչ գործում է: Երգչախումբը իր աշխատասիրության շնորհիվ արդեն երկրորդ անգամ է ներկայանում: Երեխաները իրենց նրբահյուս ձայնով, պարով և բեմադրությամբ մեկ անգամ ևս ներկաներին փոխանցեցին Սուրբ Ծննդյան հրաշախորհուրդ ավետիսը: Առաջին անգամ նրանք ներկայացել էին հունվարի 18-ին տիկնանց միության կողմից կազմակերպած Սուրբ Ծննդյան ներկայացմամբ:
Հայտնի նկարչի՝ Հակոբ Կոջոյանի նկարներով զարդարված դահլիճում, փառավոր և հրաշալի Սուրբ Ծննդյան աստղի, քարայրի և մսուրի դեմ դիմաց, հայկական վիոլայի հնչյունների ներքո հրեշտականման մանուկների շնորհիվ ներկաները մեկ անգամ ևս բերկրում էին Փրկչի Ծննդյան պատմությամբ:
Մանուկների քաղցրահնչյուն երգը նվագակցում էր կոմպոզիտոր, թավջութակահար Գրիգոր Առաքելյանը հոգևոր երաժշտությանը հարազատ հայկական վիոլայով: «Այսօր տօն է Սուրբ Ծննդեան, աւետիս» շարականը երեխաները կատարում էին կոմպոզիտորի հեղինակային մշակմամբ:
Այսօր տօն է Սուրբ Ծննդեան, աւետիս,
Տեառն մերոյ եւ յայտնութեան, աւետիս:
Այսօր արեւն արդարութեան, աւետիս,
Երեւեցաւ ի մէջ մարդկան, աւետիս:
Ներկայացման ժամանակ յուրաքանչյուր երեխայի դեմքի արտահայտությունը, անգամ նրանց չարաճճիությունը անմիջականություն էր ստեղծել՝ քանդելով բեմի և հանդիսատեսի միջև գտնվող ամեն մի սահման:
Ազգային և հոգևոր երգերով միահյուսված ներկայացումը հանդիսատեսին աստվածային մեծ սիրո յուրահատուկ թարգմանը կարծես լիներ. «Աստված այնքան սիրեց աշխարհը, որ մինչև իսկ Իր Միածին Որդուն տվեց, որպեսզի նա, ով հավատում է Նրան, չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա» (Հովհաննես 3:16):
Մանուկների ելույթը տպավորել և ոգևորել էր դահլիճին: Ներկայացման ավարտին Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու խորհրդակատար՝ Տեր Զենոն քահանա Բարսեղյանը և «Զորավոր» մանկական երգչախմբի ղեկավար Գոհար Հարությունյանն իրենց շնորհակալությունը հայտնեցին «Հակոբ Կոջոյանի և Արա Սարգսյանի տուն-թանգարան»-ի տնօրեն Աննա Սարգսյանին, կոմպոզիտոր, թավջութակահար Գրիգոր Առաքելյանին, պարուսույց Վիկտորյային, թատերագետ-կինոգետ Հասմիկ Հարությունյանին, հագուստները կարող տիկին Մայրանուշին, երեխաներին, ծնողներին ու բոլոր նրանց, ովքեր որևէ կերպ աջակից և մասնակից են եղել ներկայացմանը:
«Հակոբ Կոջոյանի և Արա Սարգսյանի տուն-թանգարան»-ի տնօրեն Աննա Սարգսյանը տպավորված էր ներկայացմամբ. «Կարևորում եմ նման միջոցառումները, քանի որ երեխաները է՛լ ավելի են մոտենում եկեղեցուն, սովորում են սիրել և օգնել մարդուն: Ուրախալի է, որ Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու հետ համագործակցության արդյունքում արդեն մի քանի միջոցառումներ ենք ունեցել»:
«Զորավոր» մանկական երգչախմբի ամենափոքր, աշխույժ մասնակիցը Մարտիրոս Սարյանի ծոռ հինգամյա Էմին է, ով ներկայացման ժամանակ հովվի դերն էր խաղում: Իսկ տասներկու տարեկան Անահիտ Իշխանյանը շատ է սիրում հոգևոր ու ազգային երգերը և մեծ ուրախությամբ է հաճախում երգչախումբ:
«Համայնքի անդամների երեխաներից կազմված երգչախումբը նպատակ ունի երեխաներին միջնադարյան երաժշտությանը և մեր եկեղեցու ծեսին ծանոթացնել: Սկզբնական շրջանում երեխաները երգում էին, աստիճանաբար այն համոզումը ունեցա, որ նրանք ստատիկ այդ վիճակից ձանձրանում են, ուստի երգին եկավ միանալու պարը: Շատ էի ցանկանում, որ երեխաները հաղորդ լինեին նաև հայկական վիոլա գործիքին, ինչն այսօր տեղի ունեցավ, և որն իրենց շատ բան ուսուցանեց: Երգի և պարի միջոցով փորձում ենք նաև կոմպլեքսավորված երեխաներին կոմպլեքսներից ազատել»,- ասաց «Զորավոր» մանկական երգչախմբի ղեկավար Գոհար Հարությունյանը: Նա նաև ուրախությամբ նշեց, որ երգչախմբում չմկրտված երեխաները ցանկություն են հայտնել մկրտվելու:
«Եթե չփոխվեք ու չլինեք մանուկների նման, Երկնքի Արքայությունը չեք մտնի» (Մատթեոս 18:2): Ինչո՞ւ երեխաների նման, այսինքն՝ նրանց նման անմեղ: Ավետարանում նաև ասվում է, որ մանուկների բերանով գովեստ հյուսեցիր»,- ասաց Տեր Զենոնը:
Ներկայացման ընթացքում բոլորը ականատես էին մոգերի ու հովիվների երանելի վիճակին, երբ արժանի եղան տեսնելու Մանուկ Հիսուսին:
Սա մատնանշելով ՝ Տեր Հայրը հիշեցրեց մեր Տիրոջ խոսքերը Թովմաս առաքյալին ասված՝ թե երանի՜ նրանց, որ կհավատան Ինձ առանց տեսնելու. «Այսինքն՝ երանի՜ մեզ, որովհետև մենք մեր հոգու աչքերով է, որ տեսնում և ընդունում ենք Քրիստոսին՝ որպես մեր Փրկիչը: Թեև Ծննդյան օրերը անցել են, բայց այդ օրերը միշտ մեզ հետ են, որովհետև Քրիստոսի Ծնունդով մենք կանգնեցինք մի ճանապարհի վրա, որ մեզ տանում է դեպի Երկնքի Արքայություն»:
Ներկաներին Տեր Զենոնը խորհուրդ տվեց միշտ ապրել Սուրբ Ծննդյան խորհուրդը. «Օրինակ ունենալով այս փոքրիկներին՝ մենք էլ վերառաքենք մեր կյանքում ավետիսները, օրհնություններն ու փառաբանությունները, որպեսզի, Տիրոջ օրհնությունը միշտ վայելելով, լսենք Նրանից այն խոսքերը, որ ասում է. «Եկե՛ք ինձ մոտ դուք բոլո՛րդ, հոգնածնե՛ր և բեռնավորվածնե՛ր, և Ես պիտի հանգիստ տամ ձեզ» (Մատթեոս 11:28):
Քրիստոսի երկնքից երկիր գալու մեծահրաշ խորհուրդը ներկայացնող այս միջոցառումը Տեր Հայրը հետևյալ պատմությամբ եզրափակեց. «Սուրբ Ծննդյան ճրագալույցի գիշեր էր, և մի մարդ ամեն կերպ փորձում էր թռչուններին իր տուն բերել՝ ձմռան ցրտից պաշտպանելու, կերակրելու համար, բայց նրա ջանքերը ապարդյուն են անցնում: Այդ պահին նա լսում է Սուրբ Ծննդյան ճրագալույցը ավետող զանգերը, ծնկի է գալիս և աղոթում. «Տե՛ր, այս պահին հասկացա Քո Ծննդյան խորհուրդը, որովհետև, եթե ես կարողանայի թռչուն դառնալ, այս թռչուններին կառաջնորդեի դեպի իմ տունը: Դու մարդ դարձար, որպեսզի մեզ առաջնորդես դեպի Երկինք»:
Կարինե Սուգիկյան