21 Դեկտեմբեր, Շբ
Մեր ժամանակների անհանգիստ աշխարհիկ ոգին՝ իր կարծեցյալ քաղաքակրթությամբ, նույնիսկ հոգիները սրբող և խաղաղեցնող սուրբ անբնակ վայրերն է ավիրել: Անհանգիստ մարդը երբեք չի հանդարտվում: Մարդիկ խաղաղ անկյուն չեն թողել: Նույնիսկ Սուրբ Հողն են չգիտես, թե ինչի վերածել: Ֆոթինի անապատականուհու (1) վարքում էլ է հիշատակվում, որ այն անապատում, որտեղ նա նախկինում ճգնում էր, հետագայում բազմաթիվ կրպակներ տեղադրեցին և խորտկարաններ բացեցին: Անգլիացիները զովացուցիչ ըմպելիքների վաճառակետերի վերածեցին այն քարանձավներն ու խցերը, որտեղ այդքան վանականներ ու սրբեր էին ճգնել: Վե՛րջ, այլևս անապատ գոյություն չունի: Այն տներով, խանութներով, հյուրանոցներով ու օդանավակայաններով է լցվել… Հասանք այն ժամանակներին, որոնց մասին սուրբ Կոսմաս Էթոլոսացին (2) ասում էր. «Կգա ժամանակ, երբ այնտեղ, որտեղ երիտասարդներն այժմ իրենց զենքերն են կախում, գնչուներն իրենց երաժշտական գործիքները կկախեն»: Ուզում եմ ասել, որ մենք էլ հասանք այն ժամանակներին, երբ այնտեղ, որտեղ նախկինում վանականներն էին ճգնում, որտեղ նրանց տերողորմյաներն էին կախված, այժմ ռադիոընդունիչներն են գոռգոռում և զովացուցիչ ըմպելիքները՝ թշշում… Այո, երևում է մի որոշ ժամանակ էլ կանցնի և այդ ամենն արդեն անհրաժեշտ չի լինի: Եվ այս ամենից կարելի է ենթադրել, որ կյանքն ավարտին է մոտենում: Այս աշխարհի ու կյանքի վերջը մոտ է:
- Հա՛յր, իսկ Սուրբ Լեռան վրա խաղաղ անկյուն մնացե՞լ է:
- Ինչի՞ մասին է խոսքը: Ախր Աթոսի անտառներում անդադար նորանոր ճանապարհներ են կառուցում: Ամենուր մեքենաներ են աղմկում: Նույնիսկ ամենալուռ ու ամայի վայրերում բնակվողներն են իրենց համար մեքենաներ գնել: Չեմ հասկանում, թե այդ մարդիկ ի՞նչ են փնտրում անապատում: Անապատում թեթև քամուց շարժվող եղեգի ձայնը լսելով, Արսեն Մեծը հարցնում էր. «Այս ի՞նչ աղմուկ է: Մի՞թե երկրաշարժ է» (3): Սուրբ Հայրերը պիտի տեսնեին, թե այժմ ինչ է կատարվում: Նախկինում, համակեցական մենաստաններում վանականները շատ էին հոգնում հանձնարարություններից: Հատկապես՝ սեղանապետն ու հյուրընկալը: Պետք էր ափսեները լվանալ, պղինձը փայլեցնել: Իսկ այսօր շատ հեշտ է, քանի որ այժմ վանականները տարատեսակ ժամանակակից տեխնիկական միջոցներ ունեն, որոնք հիմնականում աղմուկով են աշխատում: Հիշում եմ, թե վանքում ինչպես էինք աղբյուրից ջուր բերում և հատուկ տարրաների մեջ լցրած, վերհան սարքավորման միջոցով, կամաց-կամաց չորրորդ հարկ բարձրացնում: Իսկ այժմ ջուրը պոմպով են քաշում և մշտապես լսում ես, թե այն ինչպես է աղմկում: Պատերը ցնցվում են, ապակիները՝ երերում: Գոնե որևէ խլացուցիչ դնեին: Քաղաքացիական պատերազմի ժամանակ, բանակում ես խլացուցիչ էի օգտագործում հեռահաղորդչի մարտկոցը լիցքավորելիս, որպեսզի թշնամիներն իրենց մոտ ոչինչ չլսեին:
Մի անգամ մի վանքի վանականներ եկան իմ խուց և շատ բարձր էին խոսում: «Ավելի ցածր խոսեք,- ասացի նրանցից մեկին,- նույնիսկ հեռվում են մեր ձայները լսվում»: Նա շարունակում էր գոռգոռալ: «Դե ցածր խոսիր»,- կրկին խնդրեցի: «Ներիր, Հա՛յր,- պատասխանեց,- մեր վանքում սովոր ենք այդպես բղավել: Մեզ մոտ գեներատոր է աշխատում և այդ պատճառով էլ բարձր ենք խոսում, այլապես ոչինչ չի լսվում»: Հասկանո՞ւմ ես, թե ինչի մասին է խոսքը: Հիսուսի աղոթքն ասելու և ցածր խոսելու փոխարեն՝ միացնում են գեներատորն ու բղավում: Դեռահասներն իրենց մոտոցիկլետների խլացուցիչներն են հանում, որպեսզի ողջ շրջակայքը դղրդա… Վատն այն է, որ հենց այդ ոգին էլ այժմ վանականության մեջ է թափանցում: Այո, այժմ հասել ենք այնտեղ, որ աղմուկը վանականներին ուրախություն է պատճառում:
Այսօր առավոտյան մի վանական քրոջ էի հետևում: Նա տիեզերագնացի էր նմանվում: Լայնեզր ծղոտե գլխարկը գլխին, շնչադիմակը դեմքին, խոտհնձի մեքենան ձեռքին, ինքն իրենով հիանալով, իջնում էր լեռան լանջով: Նույնիսկ տիեզերագնացներն այդպես չէին հպարտանում, երբ վերադարձան Լուսնից: Քիչ անց լսում եմ. «Տրա-տա-տա-տա…»: Տեսնեմ, խոտհնձիչով սկսեց խոտերը հնձել և այնպես, որ արդեն չէիր թաքնվի այդ դղրդյունից: Դեռ նոր էր վերջացրել, երբ վանքի աշխատակիցը եկավ մի ավելի աղմկոտ մեքենա ձեռքին՝ հողը վարելու: Վազում էր, դռդռացնում՝ առաջ-հետ, առաջ-հետ: Հետո մի կողմ դրեց իր «բենզագութանն» ու ուրիշ մեքենա վերցրեց՝ հողը փոցխելու: Է՜հ, ինչեր ասես, որ մեզ բաժին չհասավ…
- Հա՛յր, համենայն դեպս, քանի որ այդ ողջ տեխնիկան գոյություն ունի, թեթևացնում է…
- Օ՜հ, գիտե՞ք թեթևացնող որքա՜ն տեխնիկա կա… Հնարավորինս խուսափե՛ք դղրդացող, դռդռացող ամեն բանից, աղմուկի՛ց խուսափեք: Այդ ամբողջ աղմուկը մեզ դուրս է անում մենաստանից: Այդ դեպքում ներքևում՝ դարպասների վրա ինչո՞ւ եք «Իսիխաստիրի» (4) ցուցանակը կախել: Ավելի լավ է «Աղմուկաստիրի»-ի կամ «Անհանգստաստիրի»-ի պես մի բան կախեք: Էլ մենաստանն ո՞ւմ է պետք, եթե այնտեղ լռություն չկա: Փորձեք հնարավորինս սահմանափակել այն ամենն, ինչի մասին խոսեցինք: Դուք դեռ չեք ճաշակել լռության քաղցրությունը: Եթե դա իմանայիք, ապա կկարողանայիք ավելի լավ հասկանալ այն, ինչ ասում եմ և որոշ այլ բաներ ևս: Եթե դուք ճաշակեիք լռության քաղցր հոգևոր պտուղներն, ապա անկասկած, լավ իմաստով, կանհանգստանայիք և ավելի կձգտեիք հոգևոր կյանքի սուրբ լռությանը:
1) Ֆոթինի անապատականուհին ծնվել է 1860թ. Դամասկոսում (Սիրիա), հունական ընտանիքում: Մոտավորապես 1884թ.-ին հեռացել է Հորդանանյան անապատ: 1915թ.-ին Առաջին համաշխարհային պատերազմի պատճառով ստիպված էր տեղափոխվել Երուսաղեմ և այնտեղ մնալ մինչև խաղաղության հաստատումը: Արդյունքում հաստատվեց Մեռյալ ծովից դեպի արևմուտք գտնվող անապատում, որտեղ էլ ճգնեց մինչև իր կյանքի ավարտը: Անապատականուհու կյանքը նկարագրված է Αρχιμ. Ίωακειμ Σπετσιέρης, Ή Έρημίτης Φωτεινή, Ί Καλύβη Άγ. Άναργύρων, Νέα Σκήτη, Άγ. Όρος 1994 գրքում:
2) Սուրբ Կոսմաս Էթոլոսացի (1779), բավականին երկար տարիներ ճգնել է Սուրբ Աթոս լեռան վրա: Ականջալուր լինելով աստվածային կանչին՝ դուրս եկավ աշխարհ և քարոզելով՝ շրջեց թուքերի կողմից գերեվարված Հունաստանի քաղաքներում և գյուղերում: Ավետարան էր ուսուցանում, դպրոցներ բացում, խոչընդոտում հույների իսլամացմանը: Բազում հրաշքներ գործեց և բազմաթիվ մարգարեություններ թողեց ողջ մարդկության վերաբերյալ: Իրավամբ նոր ժամանակի մեծ մարգարե է համարվում: Հրեաների կողմից զրպարտվեց թուրք փաշայի մոտ և մարտիրոսական մահով պսակեց իր կյանքը: Սուրբ Կոսմասի քարոզներն ու մարգարեությունները շատ տարածված և ընթերցվող են Հունաստանում, ռուսերեն չեն թարգմանվել:
3) Տե՛ս Древний Патерик. М., 1899. С. 21:
4) "Ησυχαστήριον" – հատուկ տիպի մենաստան: Անվանումն առաջացել է "ήσυχία" բառից, որ լռություն, լիակատար խաղաղություն է նշանակում:
Հայր Պաիսիոս Աթոսացու «Ցավով և սիրով՝ ժամանակակից մարդու մասին» գրքից
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի