21 Դեկտեմբեր, Շբ
Տեխնիկական միջոցների մեծ մասը, որ այսօր մարդիկ օգտագործում են իրենց հարմարության համար, աղմուկ են առաջացնում: Ա՜խ, իրենց աղմուկով մարդիկ խաղաղ բնությանը խենթացրել են, փոխել և կործանել են այդ ամբողջ տեխնիկայի միջոցով: Իսկ առաջ ի՜նչ լռություն էր: Մարդը, ինքն էլ չհասկանալով, և՛ ինքն է փոխվում և՛ փոխում է [շուրջբոլորն ամեն բան]:
Այսօր բոլորը սովորել են աղմուկի մեջ ապրել: Ժամանակակից երեխաներից շատերը սիրում են ընթերցել՝ միաժամանակ ռոք երաժշտություն լսելով: Այսինքն, նրանց ավելի շատ դուր է գալիս երաժշտության տակ ընթերցել, քան՝ լռության մեջ: Անհանգստությունից ավելի հանգիստ են, որովհետև անհանգստությունը նրանց ներսում է: Ամեն տեղ աղմուկ է: Ահա՛ լսիր… Անդադար այդ նույն «վու-ո՜ւ.. վու-ո՜ւ»-ն ես լսում: Փայտ են սղոցում՝ «վու-ո՜ւ…», հղկում են՝ «վու-ո՜ւ…», փոշեցիրով ցողում են ծառերը՝ կրկին «վու-ո՜ւ…»: Իսկ հետո ուրիշ փոշեցիրներ կհորինեն՝ ինքնաթիռների պես, որպեսզի ավելի շատ աղմկեն, հետո էլ կասեն. «Այս փոշեցիրներն ավելի լավն են, որովհետև ծառերը ոչ թե ներքևից են ցողում, այլ՝ վերևից, և ոչ մի բողբոջ առանց ցողվելու չի մնում»: Նման միջոցներ պիտի փնտրեն և ուրախանան դրանցով: Մարդը ուզում է ընդամենը մի մեխ մեխել և կրկին ինչ-որ «վու-ո՜ւ» անող բան է միացնում: Ինչո՞ւ: Որպեսզի ջուրը հավանգի մեջ ծեծի՞: Իսկ նա դեռ ուրախանում է, նույնիսկ՝ հպարտանում, զարմանալ կարելի է: Թարմ օդ ունենալու համար էլեկտրական հովհար են գնում և դրա գվվոցը լսում: Առաջ, երբ շոգ էր լինում, ձեռքով էին հով անում, իսկ այժմ սեփական ականջներն են հոգնեցնում մի քիչ թարմ օդի համար: Ծովում էլ են այժմ շատ աղմուկ ստեղծում: Ժամանակին առագաստային նավերն էին անաղմուկ լողում ծովի վրայով, իսկ այժմ նույնիսկ ամենափոքր նավակն է անտանելի աղմկում: Շուտով մարդկանց մեծամասնությունն ընդհանրապես ինքնաթիռներով է պտույտներ գործելու երկնքում: Եվ գիտե՞ս, թե կլինի դրանից հետո: Հողը գոնե ինչ-որ չափով կլանում է աղմուկը, իսկ երկնքում այնպիսի բան կկատարվի, որ Աստված հեռու պահի…
Հայր Պաիսիոս Աթոսացու «Ցավով և սիրով՝ ժամանակակից մարդու մասին» գրքից
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի