22 Դեկտեմբեր, Հիսնակի Ե Կիրակի
Մարդկային հարմարությունները բոլոր սահմաններն անցել են և այդ պատճառով էլ դժվարությունների են վերածվել: Բազմապատվել են մեքենաները՝ բազմապատկվել են հոգսերը: Մեքենաներն ու երկաթի կտորներն արդեն իրենք են մարդուն թելադրում՝ հենց իրեն մեքենայի վերածելով: Այդ պատճառով էլ մարդկանց սրտերը պողպատյա են դարձել: Ներկայումս գոյություն ունեցող բոլոր տեխնիկական միջոցների առկայության դեպքում մարդու խիղճն անմշակ է մնացել: Հնում մարդիկ կենդանիների օգնությամբ էին աշխատում և կարեկցանք էին զգում: Եթե խեղճ կենդանուն ավելի շատ էիր բարձում, քան այն ի վիճակի էր տանել, ապա կենդանին ծնկի էր գալիս ու դու խղճում էիր նրան: Եթե այն սոված էր ու խեղճ աչքերով էր նայում քեզ, ապա սրտիցդ արյուն էր հոսում: Հիշում եմ, թե ինչպես էինք տառապում, երբ մեր կովը հիվանդացավ, մենք նրան ընտանիքի անդամ էինք համարում: Իսկ մարդիկ այսօր երկաթների հետ գործ ունեն և նրանց սրտերն էլ են երկաթից դարձել: Ինչ-որ երկաթի կտո՞ր է վնասվել՝ զոդման ուղարկել: Մեքենա՞ն է փչացել, տանում են վերանորոգելու: Հնարավոր չէ՞ վերանորոգել՝ աղբանոց: Եվ հոգիդ էլ չի ցավում. «Երկաթի կտոր է էլի»: Մարդկանց սրտերն ամենևին չեն գործում, իսկ այդ կերպ մարդու մեջ եսասիրություն է զարգանում:
Այսօր մարդիկ միմյանց մասին չեն մտածում: Հնում (երբ սառնարաններ չկային), եթե հաջորդ օրն ուտելիք էր մնում՝ փչանում էր: Այդ պատճառով էլ մարդիկ աղքատների մասին էին մտածում ու ասում. «Միևնույն է փչանալու է, ավելի լավ է որևէ աղքատի տամ»: Իսկ հոգևոր ավելի առաջընթաց ունեցողն ասում էր. «Թող նախ աղքատն ուտի, հետո՝ ես»: Հիմա ավելացած կերակուրը սառնարանն են դնում ու կարիքի մեջ գտնվող իրենց մերձավորի մասին չեն մտածում: Հիշում եմ այն տարիներին, երբ լավ բերք էինք ստանում, հարևաններին էլ էինք տալիս, մեր ունեցածը նրանց հետ կիսում էինք: Ի՞նչ անեինք այդքան բերքը: Միևնույն է, ավելցուկը փչանալու էր: Այսօր մարդիկ սառնարաններ ունեն և ասում են. «Ինչո՞ւ պետք է ավելցուկն ուրիշներին տանք: Սառնարանում կպահենք, հետո ինքներս կուտենք»: Էլ չեմ խոսում այն մասին, որ տոննաներով մթերքներ են թափվում կամ հողի տակ թաղվում այն պարագայում, երբ միլիոնավոր մարդիկ սովի են մատնված:
Հայր Պաիսիոս Աթոսացու «Ցավով և սիրով՝ ժամանակակից մարդու մասին» գրքից
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի