Մարդու աստվածային ծագումը

«Մենք Աստծու զարմից ենք» (հմմտ. Գործք 17։28)։

Սուրբ Ծննդյան տոնի առթիվ մեր միտքն ինքնին հակվում է հարցնելու, որ եթե Հիսուս մարդացած Աստված է, ուրեմն ինչպիսի՞ն է մարդու ծագումը: Այս հարցմանը կցանկանայի պատասխանել 19-րդ դարի մեծանուն բանաստեղծի խոսքերով.

«Անկում ապրած Աստված է մարդը,

Որին միշտ հիշում է երկինքը»:

Այդպիսով հետևած պիտի լինեի նաև Պողոս առաքյալին, որն Արիսպագոսի առջև աթենացիների հետ խոսելիս մեջբերում է հույն բանաստեղծ Արադոսի բանաստեղծությունից մի հատված. «Մենք Աստծու զարմից ենք»:

Այսպես ուրեմն, երկու բանաստեղծներ՝ մեկը հեթանոսության շրջանից, մյուսը՝ քրիստոնեության ծոցից դուրս եկած, սքանչելի հայտնատեսությամբ հաստատում են Աստվածաշնչի այս խոսքի ճշմարտությունը. «Աստված մարդուն ստեղծեց Իր պատկերով» (Ծննդ. 1։27):

Մեր ծագմանը վերաբերող այս հարցը սերտորեն կապված է մեր մահվան հարցին, քանի որ եթե հողից ենք առաջացել, ուրեմն դարձյալ հողին պիտի վերադառնանք: Եթե մեր մեջ կան միայն անասնականության գծեր, ուրեմն մեր սպասելիքը միայն ոչինչը պետք է լինի:

Եվ ընդհակառակը, եթե մեր մեջ կա Աստծու որդիության հանգամանքը, ապա դա նշանակում է, որ մենք պիտի վերադառնանք դեպի Աստված: Եթե մենք ստեղծված ենք անմահ հոգով, ապա մահը միայն մի միջանկյալ վիճակ պիտի լինի, և ոչ թե վերջին սահման կամ վերջնական քայքայում:

Դա խիստ կարևոր և այժմեական հարց է, որը ոչ միայն գիտունի միտքն է խռովում, այլև բոլոր նրանց, ովքեր այդ հարցով հետաքրքրվելու ցանկություն իսկ չեն հայտնում: Կյանքի զվարճությունները զուր են փորձում թմրեցնել մեզ, զուր է պոզիտիվիզմը ջանում մեզ համոզել, որ այդ տեսակի հարցերն անօգուտ և սնոտի են:

Ամեն անգամ, երբ տեսնում ենք, որ փողոցով հուղարկավորության թափոր է անցնում, ամեն անգամ, երբ կյանքի աղմուկից մեկուսանալով՝ ինքնամփոփման պահեր ենք ունենում, լսում ենք մի ներքին ձայն, որը նման է այն հրեշտակի ձայնին, որն անապատում՝ ճամփեզրին կանգ առած Աբրահամի աղախին Հագարին ասաց. «Որտեղի՞ց ես գալիս և ո՞ւր ես գնում»:

Փորձենք լուծել այս հարցերից առաջինը, և այդպիսով ինքնստինքյան լուծված կլինի նաև երկրորդ հարցը:

Ա.

Առանց իմաստասիրական ու կրոնական ուսումնասիրությունների մեջ ընկղմվելու՝ նկատի առնելով միայն մեր զգայարաններին ենթակա իրողությունները, մի՞թե մարդկության վրա մենք չենք տեսնում աստվածային ծագման դրոշմը:

Հակառակ նրա, որ մարդը վերջինն էր արարված էակների շարքում, հակառակ նրա, որ կենդանիներն իրենց զորությամբ և ճարտարությամբ հաճախ գերազանցում են մարդուն, հակառակ նրա, որ մարդն առաջին հայացքից այնքա՜ն անինքնիշխան է, այնքա՜ն անզոր ու թույլ, միևնույն է, անվիճելիորեն կարելի է ասել, որ մարդն արարածների թագավորն է:

Մարդն իր տևական հաղթությամբ իշխում է բնության վրա, որը զուր է ընդդիմանում մարդուն իր անփոփոխելի օրենքներով, իր շարժումներով կամ անշարժությամբ, իր կույր ուժերով կամ զարմանալի ներգործությամբ:

Մարդը հաղթում է նաև ժամանակին և տարածությանը, ցած է իջեցնում լեռներն ու բարձրացնում է հովիտները, ձեռքը մեկնում է թերակղզիներին և հաղորդակցության մեջ է դնում ծովերն ու օվկիանոսները և անգամ սկսել է տիրապետել նաև օդի անսահմանության մեջ:

Սակայն ես մարդուն ավելի բարձր ու ավելի մեծ եմ համարում իմացական աշխարհում նրա ծավալած գործունեությամբ: Այդ առումով իսկապես ստեղծագործող մի զորություն է մարդը, նրա մտքից լույսի շողեր են ցայտում: Ահավասիկ, մտքի մարդը, երբ իր ձեռքն է վերցնում գրիչը, ի վիճակի է խմբագրելու գիտական կամ փիլիսոփայական ամենավսեմ խնդիրներին առնչվող ճառեր:

Մարդը կարող է նաև բանաստեղծական ներշնչումով նկարագրել մարդկային կոչման ողբերգական իրադարձությունները, և մարդկային մտքի արգասիքները, որպես ներգործուն և հարատևող ուժեր, մնում ու ապրեցնում են ժողովուրդներին և սերունդներին, ինչպես որ Պլատոնի, Արիստոտելի, Հոմերոսի, Դանթեի մտքի ստեղծագործություններն են կենսունակ ու թարմ մնացել, չնայած այն բանի, որ նրանց ժամանակներից հազարավոր սերունդներ են անցել:

Տեսեք նաև մեկ ուրիշ զարգացած մարդու, որը երբ սկսում է խոսել, կարողանում է իր խոսքի զորությամբ հմայել խուռներամ բազմությանը, մարդկանց խմբերին հաղորդակից դարձնել զանազան հույզերի, ուրախացնել կամ լացացնել, խաղաղեցնել կամ վրեժխնդրության հրահրել:

Ձեր հայացքը հառեք մեկ այլ՝ գեղարվեստի մարդու վրա, որը երբ իր ձեռքն է առնում վրձինն ու ներկապնակը, կարողանում է հորինել այնպիսի ներդաշնակ ու գրավիչ գույներով գեղեցկատեսիլ պատկերներ, որոնք անհնար է զանազանել իրական տեսարանների պատկերներից:

Ահա և մեկ ուրիշը, ով տիրացել է երաժշտության արվեստին, ով գիտե երկնային երաժշտության միջոցով վսեմացնել ու հուզել մեր հոգիները և զսպել նույնիսկ ամենաբացասական տրամադրությունները: Մարդու այս գերազանց ձիրքերի և կարողությունների տոնած հաղթանակներին ականատես լինելուց հետո արդյո՞ք չեք հակվում խորհելու, որ մարդն աստվածային զարմից պետք է որ սերած լինի:

Բ.

Հայտնի է, որ ըստ մեծության կարգի՝ բարին գեղեցիկից վեր է դասվում, և մի՞թե սա մարդու ազնվական ծագման նշան չէ: Մարդ մշտապես կատարելության բնազդն ունի․ նա դրականորեն է տրամադրված գաղափարական բարոյականի հանդեպ, և փույթ չէ, որ զգում է, թե ինքն ինչքան հեռու է դրան հասնելուց: Եթե անգամ չկարողանա էլ իրականացնել բարին, միևնույն է, մարդ մշտապես խանդավառությամբ պիտի երազի դրա մասին:

Հաճախ ենք հանդիպում այնպիսի մարդկանց, որոնք անբարոյականության տիղմի մեջ ապրելուց հաճույք ստանալով՝ մերթընդմերթ ցուցաբերում են բարոյական գեղեցկության զարմանալի նշաններ:

Ճշմարիտ է, որ մարդկային բնության վսեմագույն բոլոր հատկանիշները դրսևորվում են որդիական սիրո, բարեպաշտական զգացումների, ամուսնական սիրո, մայրական գորովանքի, հայրական խանդաղատանքի, հայրենասիրական զգացումների ազնիվ արտահայտություններով: Քանի՜-քանի՜ ազնվական գործեր, քանի՜ հայտնի կամ անհայտ մնացած զոհողություններ են թաքնված դրանց քողի տակ:

Տեսե՛ք, ամեն տարի բարոյական աշխարհում առաքինի գործեր կատարելու համար հերոսացած անձինք արժանանում են ամենքի հիացմունքին: Մենք մխիթարվում ենք, երբ տեսնում ենք հարուստների, որոնք ազնվական խոյանքով մեծագումար նվիրատվություններ են անում հանուն մարդասիրության: Նրանք այդ նվիրատվությունները կատարում են ոչ թե իրենց անունը հռչակելու համար, այլ հոգեկան բերկրանք ճաշակելու նպատակով:

Այդ բոլորը մարդու վսեմ կոչման ու սրբության, երկնային հայրենաբաղձության անապական նշաններն են: Մենք բարու համար ենք ստեղծվել, չնայած որ հաճախ պարտվում ենք չարին:

Շատ անգամ այնքան ենք ազդվում չարից, որ մելամաղձոտ տրամադրություններ են առաջանում: Շատ հաճախ չարից վիրավորվում ենք և տխրությամբ զգում, որ մեր հայրենիքն այս երկրի վրա չէ, որ մենք պանդուխտներ, օտարականներ ենք, որ մեր տեղն այս վայրը չէ, ու այդժամ առաքյալի նմանությամբ հակվում ենք խորհելու, որ մենք «աստվածային զարմից ենք»:

Թերևս իմ այս խոսելաձևը ձեզ զարմանք պատճառի, քանի որ ջանում եմ մարդու առաքինություններն ու առավելությունները վեր՝ դեպի երկինք բարձրացնել, սակայն պետք է վստահ լինեք, որ նկարագրելով մարդու իմացական և բարոյական գեղեցկությունը, չեմ կարող զանց առնել և չհիշատակել բարոյական այն սարսափելի խավարը, որը տիրում է մարդկային կյանքի վրա, և մարդու այն լավագույն հատկանիշները, որոնք ես բարձրաձայնեցի, նման են տիղմի մեջ կորսված ոսկու կտորների:

Իսկապես ճշմարիտ է, որ մարդկային լավագույն շնորհները շատերի մեջ վատթար ու անզգամ ուժերի են փոխակերպվել, մարդու արիական ու զորեղ կամքն անտանելի եսասիրության և ավերիչ բռնապետության գործիք է դարձել: Մարդ իր գիտական հմտությունն ու արվեստագետի շնորհներն իր հոգու ազնվացմանն ու Աստծուն մերձենալուն ծառայեցնելու փոխարեն հատկացնում է ապշեցուցիչ, դիվային ծրագրով ամբարիշտ գործեր ու ապականություններ իրագործելուն:

Սակայն ամեն դեպքում մարդու այդ երկրաքարշ բնութագրի մեջ էլ անգամ կարող ենք գտնել նրա մեծությունը: Մինչդեռ կենդանիներն իրենց բնազդով են «չարիք» գործում, մարդն ազատ է չարիք գործել կամ չգործելու հարցում: Մենք մերթընդմերթ տեղեկանում ենք պատերազմական դժոխային մեքենաների հայտնագործությունների մասին. տեսնո՞ւմ եք, թե մարդն այդպիսով ինչպես է իր գիտությունը ծառայեցնում չարին՝ պատերազմական զարհուրելի զենքեր ստեղծելով և դրանք եղեռնագործության գործիք դարձնելով:

Այնպես որ, եթե մի կողմից մարդ իր առաքինություններով հաստատում է իր ազնվական, աստվածային ծագումը, մյուս կողմից, սակայն, իր հնարամիտ եղեռնագործություններով գալիս է հաստատելու, որ ինքն անկում ապրած աստված է, ու այդպիսով վկայվում է հնագույն այն առածի ճշմարտացիությունը, թե «շատ բարձրից ընկնողը շատ խորքերն է ընկնում»:

Այսպես թե այնպես, որ կողմից էլ որ դիտեք, միևնույն է, պիտի հաստատվի առաքյալի այս խոսքը. «Մենք աստվածային զարմից ենք»:

Գ.

Ուրեմն մարդն Աստծու այն որդին է, որն անկում է ապրել իր սկզբնական բարձր դիրքից: Ահա այս գաղափարին ենք հանգում մարդու վերաբերյալ մեր ուսումնասիրությունների վերջում: Նույն գաղափարն է արտահայտում նաև Սուրբ Գիրքը:

Այն մեզ ցույց է տալիս, որ Աստված մարդուն ստեղծել է մաքուր և կատարյալ կերպարանքով և նրան իրավունք է տվել իշխելու նյութին ու բնությանը: Աստված նաև միջոցներ է տվել մարդուն՝ Աստծու հետ իր որդիական կապը պահելու համար: Եվ որպեսզի մարդն իսկապես պատկերացրած լինի իր աստվածային դրոշմն ու որդիական կապը, Աստված նրան կամքի ազատություն է շնորհել: Արդ, Սուրբ Գիրքը մեզ ասում է, որ մարդն իր կամքի ազատությունը չարին է ծառայեցրել և փոխանակ Աստծու կամքի համաձայն գործելու՝ ըմբոստացել է Նրա դեմ:

Ուրեմն մարդը թագավոր է, որը կորցրել է իր թագը, ուստի նա Եդեմից արտաքսված մի տրտում աքսորական է, որ ստիպված է ըստ ամենայնի կրել իր ֆիզիկական ու բարոյական թշվառության ծանր լուծը: Ա՛յս է մարդու անցյալը՝ իր նախկին փառքով և այդ փառքից մերկացումով:

Այդ դեպքում ինչպիսի՞ն պիտի լինի մեր ապագան: Ո՞րն է Աստծու դիրքորոշումը ըմբոստ և ապերախտ մարդու նկատմամբ: Աստված մշտապես էլ անսահման սիրո խանդաղատանքով և գթությամբ է վերաբերվում մարդուն: Այդ խանդաղատանքի մեջ արդյոք չե՞ք նկատում մարդու մեծության իրողությունը:

Աստված բոլոր ազգերին պատկանող մարդկանց անխտիր ցանկանում է փրկություն շնորհել: Մովսեսները, պլատոններն ու բուդդաները իրենց կյանքով և վարդապետությամբ ցույց են տալիս, որ իրենք կրում են Աստծու նկարագիրը և որ ուղարկված են մարդկային փրկությանը ծառայելու նպատակով:

Վերջին ժամանակներում արդեն Աստծու անսահման սիրո փայլն ու լրումը ի հայտ եկավ Հիսուսի կյանքով: Նրա Ծնունդն ու կյանքը Աստծու սրբության և սիրո վսեմ ու գեղեցիկ պատկերներն են: Քրիստոսի Ծնունդն ու կյանքը ցույց են տալիս Աստծու խաղաղության և հաճության հատկանիշը: Հիսուսի Ծննդյան ու կյանքի պատմությունն ընթերցելով՝ խորապես համոզվում ենք, որ ոչ ոք իր անձի մեջ այնպես չի կրել Աստծու բնության նկարագիրը, որքան որ դա արելի է Ինքը՝ Հիսուս Քրիստոս: Նրա կյանքն ուսումնասիրելուց հետո Պողոս առաքյալի հետ համոզվածորեն պիտի ասեինք. «Իսկապես, մարդն Աստծու զարմից է»:

Դ.

Արդ, ուրեմն որքա՞ն մեծ է մեր պատասխանատվությունն այն դեպքում, երբ պարծենում ենք, որ Հիսուս Քրիստոսի միջոցով առավելաբար փաստվում է մեր աստվածային ծագում ունենալու հանգամանքը: Չէ՞ որ հավատում ենք, որ Նրա Ծննդյամբ և կյանքով մենք էլ ենք Աստծուց սերում և դեպի Աստված պիտի վերադառնանք: Ուրեմն պիտի մեծ անդունդ լինի հավատացյալի և անհավատի բարքերի ու ապրելակերպի մեջ:

Արդ, այսօր ի՞նչ ենք տեսնում: Ինչպես որ աշխարհի որդիներն են կյանքով ու գործերով խզել իրենց կապն Աստծու հետ, այնպես էլ «քրիստոնյա» անունը կրող երկրային որդիներն են ներքնապես խզել իրենց կապն Աստծու հետ: «Քրիստոնյա» անունը կրող անձանց կյանքում տեսնո՞ւմ ենք արդյոք Աստծու պատկերը:

Բավական չէ, որ ազնվական գերդաստանի պատկանող զավակը միայն հայտարարի, որ ինքն իր Հոր դրոշմն է կրում, անհրաժեշտ է նաև, որ իր Հոր առաքինություններով, ազնիվ նկարագրով և հատկանիշներով ապրի: Արդյո՞ք մեզ մոտից զննող անհավատը կարող է Սավուղի՝ Դավթի վերաբերյալ ասածի նմանողությամբ մեր մասին ասել՝ «այս մարդն ինձնից ավելի արդար է», թե՞ նա պիտի հակվի խորհելու, որ քրիստոնյա լինել-չլինելը նշանակություն և արժեք չունի, քանի որ քրիստոնյան հավասարապես բիրտ է, կոշտ, գոռոզ, ագահ ու ամբարտավան, նենգամիտ և ստախոս, ինչպիսին որ անհավատն ու աշխարհիկ մարդն է: Մի վիպագիր հեգնանքով, սակայն ճշմարտացիորեն գրել է հետևյալ տողերը. «Քրիստոնեությունը պատգամում է ներել սեփական թշնամիներին, բայց տեսե՞լ եք մի քրիստոնյայի, որը ներել է իր ընկերոջ ամենաչնչին հանցանքը: Քրիստոնեությունը պատվիրում է անձնասիրություն ունենալ, սակայն տեսե՞լ եք մի քրիստոնյայի, որն իր թեթև հարբուխից ավելի անհանգստանա իր ընկերոջ թոքախտով»:

Չենք կարող այս խոսքերի մեջ միայն գրական սրամտություն նշմարել, այլ հարկ է նշել, որ այս տողերում քրիստոնյաներին ուղղված արյունալի հեգնանք կա, որը պիտի հույժ տրտմեցնի մեզ: Տակավին կան ոհմակներով փարիսեցիներ, որոնց մասին կարելի է ասել՝ «խոսում են, սակայն չեն գործում ըստ իրենց խոսքերի»:

Եթե մենք՝ հավատացյալներս, չպիտի կարողանանք մեզ վրա ցոլացնել Աստծու պատկերը, եթե Աստծու այդ պատկերը պետք է մնա որպես մի առկախ երևույթ՝ իբրև ամպերում հանգրվանած, հիացմունքի արժանի պաշտամունքի առարկա, ուրեմն մենք՝ հավատացյալներս, ամենաաղետալի ու դժնդակ հարվածն ենք հասցնում Քրիստոսին և Եկեղեցուն:

Քրիստոս Իր կյանքով մարդկային ողջ զարմին ցույց տվեց, թե մարդ ինչպիսի՜ անընկճելի զորություն կարող է ստանալ, եթե իր հոգում պատկերի Աստծու բնությունը: Հիսուս ցույց տվեց գաղափարական մարդու տիպարը՝ իրականացնելով «Լեռան քարոզ»-ի երանությունները:

Մենք Աստծու զավակներն ենք, մեզնից է կախված մեր Եկեղեցու հաջողությունը, ամրությունն ու հարատևությունը: Արդյո՞ք դուք գիտակ եք ձեր այդ պատասխանատվությանը... Եթե մենք մեր կյանքով մեր գերազանց, ազնվական ծագման վերաբերյալ ոչինչ չենք կարող ցույց տալ, ուրեմն, վստահաբար, չենք կարող հաստատել նաև, թե ինչպիսի՜ վսեմ վախճան է մեզ վիճակված հետմահու:

Պետք է այնպես ապրենք, որ մեր կյանքով ապացուցենք, որ արդեն իսկ երկրի վրա մենք շնչում ենք երկնքի անուշ բուրմունքը: Պետք է այնպես ապրենք, որ ցույց տանք, որ արդեն իսկ զգում ենք երկնքի խաղաղությունն ու հաճությունը, մեկ խոսքով ասած՝ պետք է ի հայտ բերենք այնպիսի առավելություններ, շնորհներ ու ազնիվ հատկանիշներ, որոնցով կարող լինենք ապացուցելու, որ մենք ազնիվ ցեղի՝ աստվածային զարմին ենք պատկանում, որ այստեղ որպես պանդուխտ ենք բնակվում և սպասում ենք մեր բուն հայրենիք վերադառնալուն, որպեսզի այնտեղ ըմբոշխնենք երկնքի սյուքը, քանի որ «մենք Աստծու զարմից ենք»:

Ուրեմն, ո՜վ հավատացյալներ, Սուրբ Ծննդյան տոնի առթիվ եկե՛ք հովիվների մաքուր հավատքով և Արևելքի մոգերի երկնային իմաստությամբ հավաքվենք մանկացած Աստվածորդու՝ Հիսուս Քրիստոսի շուրջը և մեր մտքերում պահենք մեր աստվածային ծագման հանգամանքը, ուխտե՛նք անաղարտ պահել մեր երկնային անմահ ու սուրբ դրոշմը և երկնային հրեշտակների հետ փառաբանենք Ամենասուրբ Երրորդությանը՝ Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն, հավիտյանս. ամեն:

 

 

Տեր Ղևոնդ եպս. Դուրյան, «Պարզ քարոզներ», Զ հատոր,

Արևելահայերենի վերածեց Գևորգ սրկ. Կարապետյանը

 

05.12.22
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․