Գրքեր

Մարդու ձեռքում է իր երջանկությունն ու փրկությունը

Աստվածային լույսի ներքո ապրող քրիստոնյայի համար կյանքն այլ իմաստ ու նպատակ ունի: Նա գիտի, որ շրջապատող հանգամանքները կարող են իրեն որպես «խրատատու» հանդիսանալ և օգնել կյանքի ճանապարհով համբերությամբ ու սիրով քայլել: Նա գիտի՝ որտեղ էլ գտնվի, իրեն շրջապատում են փրկության հնարավորությունները: Անկախ նրանից, թե կյանքն ինչ պայմաններ է դնում իր առջև, նա միշտ կարող է հոգեպես աճել ու կատարելագործվել: Հոգևոր կյանքը ենթադրում է մեղքերի դեմ պայքար. քրիստոնյան ջանում է Աստծու օգնությամբ տեսնել իր մեղքերը և ապաշխարությամբ ու Հաղորդությամբ ձերբազատվել դրանցից: Մարդուն Աստծուց բաժանող մեղքերն ամենուր պառակտումներ են առաջ բերում, այդ պատճառով  մեղքի նկատմամբ ամեն մի հաղթանակ մեծ նվաճում է:

Եկեղեցու հայրերը նշում են, որ հաղթահարելով մեղքը՝ քրիստոնյան օգնում է նաև իրեն շրջապատող մարդկանց, նպաստում նրանց հոգու լավագույն հատկությունների բացահայտմանը՝ վերջիններիս մղելով բարի գործերի: Մեղքը հաղթահարողը բարությամբ է վարակում իր շրջապատին և կոտրում է այն մտածելակերպը, որ մեղքն է աշխարհի տիրակալը: Մեծագույն ուրախություն է, երբ մարդն իր և ուրիշի մեջ տեսնում ու բացահայտում է բարին և նպաստում բարու դրսևորմանն ու տարածմանը: Բարին գործելը կամք ու ջանքեր է պահանջում: Պողոս առաքյալը, խոսելով ներքին պայքարի մասին, ասել է. «Բարին, որ կամենում եմ անել, չեմ անում, այլ անում եմ չարը, որ չեմ կամենում անել: Ուրեմն, եթե իմ չուժածն է, որ անում եմ, այլևս ես չէ, որ անում եմ այն, այլ իմ մեջ բույն դրած մեղքը»  (Հռոմ. 7:19-21):  

Մեղքը հաղթահարելով՝ մարդը ձեռք է բերում իրական և ոչ պատրանքային երջանկություն: Ուստի կարևոր է, որ մարդ ուշադիր լինի, թե ինչն է իրեն ներսից իշխում և գործողությունների մղում: Մեղքը հաղթահարելը բարիք է, իսկ սեփական փրկության մասին հոգալը՝ հանրային բարիք: Իր մեղքերի նկատմամբ անտարբեր անձը չի կարող հասարակությանն այն օգուտը բերել, որ կարող էր, քանի որ զղջումն ու ապաշխարությունը հասարակական բարիք են: Կատարելագործման ուղին է, որ մերձավորին ծառայելու մեծ հնարավորություն է տալիս: Այդ մասին են վկայում սրբերի վարքագրությունները: Շատերն էին դիմում սրբերին, և նրանք օգնում էին յուրաքանչյուրին՝ ըստ իր կարիքի: Սրբերը ծառայեցին հասարակությանն ամենակատարյալ ձևով. նրանք իրական բարիք բերեցին աշխարհ, քանի որ իրենց փորձով գիտեին, թե ինչ է բարին, հետևաբար, կարող էին այն սովորեցնել ուրիշներին:  

Մարդը ներքնապես նորոգվում է ոչ թե ապշեցուցիչ սխրանքների, այլ առօրյա կյանքում դրսևորած բարի մտքերի, խոսքերի ու գործերի միջոցով: Քրիստոնյայի կարևորագույն նպատակներից է իր մեջ Երկնքի Արքայության ստեղծումը, որ կյանքի է կոչվում մեղքի դեմ պայքարով: Մեղքերը հաղթահարելով՝ մարդիկ հաղթահարում են պառակտումները, համախմբվում են և միաձայնության գալիս՝ կյանքի կոչելով Աստծու կամքը: Սա այն միասնությունն է, որի համար աղոթեց Քրիստոս: Փրկության ուղին գործուն և ոչ պասիվ ուղի է: Որքան էլ հարմարավետ լինեն կյանքի պայմանները, եթե մարդն իր մեջ չհաղթահարի մեղքերը, իրական երջանկության չի հասնի: Երբ Երկնքի Արքայությունը մարդու ներսում է, ապա որքան էլ արտաքին մարդը քայքայվի, ներքին մարդը միշտ նորոգվում է: Մեղքի դեմ պայքարը հոգևոր աճի նշան է, որ քրիստոնյայի կյանքում երբեք չի դադարում: Ամեն պահի մարդն ընտրում է բարին կամ չարը: Բարու կամ չար ճանապարհների ընտրությունը մարդու ներքին պայքարի բովանդակությունն է:

Ցավալի է, երբ մարդիկ փրկության հետ կապված կարևոր քայլերը տեղափոխում են ծերության տարիք՝ մոռանալով, որ անորոշ է ապագան: Մեղքը, որ ապրում է մարդու մեջ, մթագնում է նրան և ստիպում ինքն իր առջև արդարանալ, իսկ մեղսալից արարքներն արդարացնելը փրկության թշնամին է: Մարդն անտարբեր է մեղքի հանդեպ, քանի դեռ չի գիտակցել, որ այն զրկում է իրեն ներկայիս և հավիտենական երջանկությունից: Մարդը մեղքը համարում է իր բնությունը՝ մոռանալով, որ իր նախածնողներն ստեղծվել են առանց մեղքի: Այսինքն՝ Աստծու պատկերով և նմանությամբ ստեղծված մարդու համար անբնական է մեղսալից էությունը: Այն գիտակցությունը, որ մեղքը օտար է մարդուն և թե ինչ կործանիչ հետևանքներ ունի, չափազանց կարևոր է մեղքի դեմ պայքարում: Կյանքի յուրաքանչյուր պահը անհրաժեշտ է գործածել՝ ձեռք բերելու համար գանձեր, որ անկորնչելի են, ձեռք բերելու համար երջանկություն, որ իրական է: Հանուն ընդհանուրի երջանկության՝ անհրաժեշտ է մեղքերի դեմ պայքարել, քանի որ մարդը ստեղծվել է երջանկության տենչով և կարող է սովորել իր երջանկության համար պայքարել: Իսկ փրկարար այս քայլերի հետաձգումը ձեռնտու է միայն փրկության թշնամուն: Վերջ ի վերջո, մեղքի դեմ պայքարելը և իրական երջանկության ու փրկության հասնելը մարդու ձեռքում է:

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

 

13.07.23
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․