22 Դեկտեմբեր, Հիսնակի Ե Կիրակի
Եվ ես ձեզ ասում եմ. անիրավ մամոնայից ձեզ բարեկամներ արեք, որպեսզի երբ այն պակասի, հավիտենական հարկերի տակ ընդունեն ձեզ (Ղուկաս 16:9):
Գերադասելի է ընկերանալ փողի հետ, քան փողին ծառա լինել։ Գումարը, ըստ էության, անհրաժեշտություն չէ մարդու համար, սակայն, ըստ որոշ հանգամանքների, մարդը պետք է օգտագործի գումարն իր կարիքները հոգալու և իրեն անհրաժեշտը ձեռք բերելու համար։ Մարկոսի Ավետարանի 4:19-ում ասվում է. «սակայն այս աշխարհի հոգսերը և հարստության պատրանքները ներխուժում և խեղդում են խոսքը»։ Հակադարձելով սրան՝ Ժողովող 10:19-ում գրված է.«… բայց արծաթն է լուծում ամեն բան»։
Ոմանք ասում են, որ փողն ամեն չարիքի արմատն է։ Աստվածաշունչն ասում է, որ «վնասակար բաների» պատճառը ոչ թե փողն է, այլ՝ փողասիրությունը։ Հարուստ Սողոմոն թագավորը նկարագրում է մի քանի վնասակար բաներ, որոնց բախվում են փող սիրող և կռապաշտ մարդիկ։ Նա ասում է. «Արդարև, կուռքերի անունն ու նրանց պաշտամունքը հենց բոլոր չարիքների սկիզբն են, պատճառն են ու վախճանը» (Իմաստ. Սող. 14:27): Մեկ այլ վնասակար բան էլ անհանգստությունն է. «Քաղցր է աշխատավորի քունը, քիչ ուտի նա, թե շատ։ Բայց կուշտ լինելը չի թողնում, որ հարուստը հանգիստ քնի» (Ժողովող 5:11): Մյուս վնասակար երևույթն անբավարարության զգացումն է. «Արծաթ սիրողը չի կշտանա արծաթից, ոչ էլ հարստություն սիրողը՝ իր եկամուտներից. ուստի դա ևս ունայնություն է» (Ժողովող 5:9):
Դրախտում մարդն ուներ իրեն անհրաժեշտ ամեն ինչ և երբ ուներ այդ ամենը, նրա ունեցվածքը չէր գնահատվում քիչ կամ շատ չափով։ Մարդիկ պետք է գիտակցեն, որ իրենց կյանքը որոշվում է ոչ թե իրենց ունեցվածքով, այլ առ Աստված սիրով և այդ սերը կյանքի կոչելով։ Ճիշտ է՝ հարստություն ունենալն օգնում է մարդուն համառորեն դիմադրել կյանքի ցանկացած մարտահրավերի և փոփոխության, հնարավորություն է տալիս անկախանալու և ամեն ինչ անելու մեր պատկերացմամբ։ Բայց հավերժական կյանքն Աստծո և ինչու ոչ մարդկանց հետ ճիշտ հարաբերություններով լի կյանքն է, իսկ հարստությունը հեռացնում է մեզ Աստծուց և, ի վերջո, հանգեցնում է հավերժական մահվան։ Ինչպես Քրիստոս ասաց. «Ի՛նչ օգուտ կունենա մարդ, եթե այս ամբողջ աշխարհը շահի, բայց իր անձը կործանի» (Մատթ. 16:26): Հարստությունը չի փրկի հարուստին, եթե նա հափշտակում է, խաբում և զրկում։ Հարուստները կարող են գայթակղվել իրենց իսկ հարստությամբ, մի ճակատագիր, որից աղքատները փախչում են։ «Երանի ձեզ, որ աղքատ եք, որովհետև ձերն է Աստծո արքայությունը» (Մատթ. 5:3): Սա ապագա վարձատրության խոստում չէ, այլ ներկա իրականության հայտարարություն։ Աղքատը հարստություն չունի Աստծուն սիրելու ճանապարհին կանգնելու համար։ Բայց այդ նույն աղքատին իր չքավորությունն էլ չի փրկի, եթե նա չի կարողանում գոհանալ իր կյանքով և արդյունքում ոչ միշտ է հարստանում, բայց միշտ դառնում է անիրավ։
Այսօր գումարով կարելի է վաճառել ու գնել ամեն ինչ, մինչև իսկ՝ մարդու մարմինն ու անգամ հոգին։ Քրիստոս չէր ասում, թե հարուստը չի մտնելու Աստծո Արքայություն, այլ մտնելու է, բայց դժվարությամբ։ Այն հարուստները, որոնք անտարբեր չեն և մտածում են իրենց հոգիների փրկության մասին, ճանապարհին բաշխում են իրենց ունեցվածքը, որովհետև գիտեն, որ Աստծո արքայություն տանող դուռը բավականին նեղ է նյութական բարիքներով մտնելու համար։ Հարուստ է նա, ով ունի և տալիս է նրան, ով դրա կարիքը ունի։ Հարուստ թե աղքատ, մարդու կյանքը և հոգին Աստծո ձեռքերում են։ Հարստություն դիզե՛ք երկնքում. օգտագործելով անցողիկը՝ ձեռք բերեք անանցը։ Աղքատնե՛ր, հարստացե՛ք Կենդանի Աստծո շնորհներով, որովհետև մարդուն ոչինչ չի փրկի, եթե նրա հարստությունը Ինքը՝ Աստված չէ։
Աննա Փարսոյան
«Զորավոր» երիտասարդաց միության անդամ