25 Նոյեմբեր, Բշ
Մաշտոցը Հայ եկեղեցու արարողությունները բովանդակող ծիսական ժողովածու է: Այն կոչվում է նաև Ծիսարան:
Մաշտոցում ընդգրկված են Հայ եկեղեցու խորհուրդների և ծեսերի կարգը, օրհնություններ, աղոթքներ, երգեր և աստվածաշնչյան ընթերցվածներ:
Մաշտոցի կազմավորմանն ու հարստացմանը մասնակցել են Գրիգոր Ա Լուսավորիչը, Սահակ Ա Պարթևը, Հովհաննես Ա Մանդակունին, Մաշտոց Ա Եղիվարդեցին, Գրիգոր Բ Վկայասերը, Ներսես Շնորհալին, Գրիգոր Տաթևացին և ուրիշներ: Այս գրքի մեջ ընդգրկված են թարգմանություններ Բարսեղ Կեսարացու, Գրիգոր Նազիանզացու, Եփրեմ Ասորու, Կյուրեղ Երուսաղեմացու կանոններից, քարոզներից և աղոթքներից, ինչպես նաև հայ հեղինակների ծիսական բովանդակությամբ ինքնուրույն նյութեր:
Այս գիրքը գոյություն ուներ առաջին դարերից սկսած, բայց հույն և ասորի լեզուներով: Հինգերորդ դարում Սուրբ Մեսրոպը Ծիսարանը հայերենի թարգմանեց և կարգավորեց, որն էլ նրա անունով կոչվեց Մաշտոց: Իսկ, ըստ 13-րդ դարի պատմիչ Կիրակոս Գանձակեցու, գրքի անվանումը կապված է Մաշտոց Ա Եղիվարդեցի կաթողիկոսի հետ, ով դասակարգել է այն: Առաջին կազմողը եղել է Սուրբ Սահակ Պարթև հայրապետը: Մաշտոցը հետզհետե ճոխացվել է աղոթքներով և շարականներով:
Հայ եկեղեցում գործածվում են երեք տեսակի Մաշտոցներ՝
1. Փոքր կամ Ձեռաց Մաշտոց
2. Մայր Մաշտոց
3. Հայր Մաշտոց
Փոքր Մաշտոցը բովանդակում է քահանայի կողմից կատարվող ծեսերը, խորհուրդները՝ մկրտություն, դրոշմ, պսակ և այլ արարողություններ, որոնք նշված են այս գրքում:
Մայր Մաշտոցը պարունակում է բացի Փոքր Մաշտոցի արարողություններից, նաև եպիսկոպոսներին վերապահված կանոններ. ձեռնադրության, դպիրների, սարկավագների, քահանաների, վարդապետական աստիճաններ տալու, գավազանի տվչության և այլ կանոններ՝ եկեղեցու հիմնման և օծման, եկեղեցու գմբեթի խաչի, Սուրբ Սեղանի, եկեղեցու սուրբ պատկերների և այլնի օծման կարգերը, քահանայի թաղման կարգը:
Հայր Մաշտոցը ընդգրկում է միայն կաթողիկոսին վերապահված չորս ծեսերը՝ կաթողիկոսական օծում, թագավորական օծում, եպիսկոպոսական ձեռնադրություն և Մյուռոնօրհնեք:
Հարուստ և բազմազան է Մաշտոցի երաժշտական ցանկը: Ի տարբերություն մյուս եկեղեցական գրքերի, Մաշտոցը ի սկզբանե նախատեսված էր նաև արտաեկեղեցական կենցաղավարման համար: Այստեղից էլ նրա մշտական շփումը ժողովրդական ծիսականության և բանահյուսության հետ: Ձեռագիր Մաշտոցներում կանոնների ընթերցվող նյութերի միջև ընդգրկված են խազագրված սաղմոսներ, շարականներ, գանձեր և տաղեր:
Առաջին տպագիր Մաշտոցը լույս է տեսել 1667թ-ին, Ամստերդամում, Ոսկան Երևանցու ջանքերով:
Կազմեց Կարինե Սուգիկյանը