Մայր Աթոռ Ս. Էջմիածնում սկսվեց Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի Գործադիր կոմիտեի հնգօրյա նիստը

Հունիսի 8-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, մեկնարկեց Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի Գործադիր կոմիտեի հերթական նիստը: ԵՀԽ Գործադիր կոմիտեի հնգօրյա ժողովն այս տարի որոշվել է անցկացնել Հայաստանում` Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի, ինչպես նաև Ամենայն Հայոց Կաթողիկոսի` ԵՀԽ-ում համանախագահության առիթով:

Նիստը բացվեց միասնական աղոթքով: Ընթեցվեց Ս. Գրիգոր Նարեկացու աղոթամատյանից մեկ հատված, ապա նիստի մասնակիցները լռության րոպեով հարգեցին Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը:

Բացման խոսքով հանդես եկան ԵՀԽ Կենտրոնական կոմիտեի մոդերատորներ դոկտ. Ագնես Աբումը և Սասիմայի միտրոպոլիտ պրոֆ. Գեննադիոսը:

Այնուհետև ժողովականներին իր օրհնությունն ու պատգամը բերեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Գոհունակությամբ ողջունելով ԵՀԽ Գործադիր կոմիտեի հանդիպման շրջանակներում Քրիստոնեական Եկեղեցիների շուրջ քառասուն ներկայացուցիչների ներկայությունը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում` Նորին Սրբությունը նշեց. «Մեր ժողովրդի և մեր երկրի կյանքում 2015 թվականը նվիրական է Ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման խորհրդով: Այս առիթով Հայաստան այցելեցին կրոնական, պետական ու միջազգային բազմաթիվ պատվիրակություններ, այդ թվում և՝ հոգևոր առաջնորդներ: Մենք խոր մխիթարություն ապրեցինք, երբ Մեր հոգևոր եղբայրները, բարեսեր անհատներ իրենց զորակցությունը բերեցին մեր ժողովրդին՝ հարգանքի տուրք մատուցելով Հայոց Ցեղասպանության 1.5 միլիոն նահատակների հիշատակին և արտահայտելով իրենց նվիրվածությունը առանց բռնությունների աշխարհ կերտելու տերունապատվեր առաքելությանը: Հայոց Ցեղասպանության հիշատակի հանդեպ նման վերաբերմունքը Մենք ընդունում ենք նաև որպես ջանք և վճռականություն՝ պայքարելու մարդկության դեմ գործված ու գործվող ոճիրների, որոնցից շատեր մեր օրերում շարունակում են ուղեկցվել կրոնի և Աստծո անվան շահարկմամբ՝ որպես կրոնական ֆունդամենտալիզմի դրսևորումներ: Այս պահին, երբ մենք այստեղ համախմբվել ենք` խթանելու էկումենիկ հարաբերությունները, քննարկելու Եկեղեցիների միասնական պատասխանները աճող անհավասարության, աղքատության, պատերազմների վտանգի, կլիմայի փոփոխության և դրանց հետևանքների մասին, շատ քրիստոնյաներ, հատկապես Մերձավոր Արևելքում՝ Սիրիայում, Իրաքում, Լիբիայում և աշխարհի այլ մասերում կյանքով են վճարում իրենց հավատքի համար: Հիշյալ հարցերը կենտրոնական տեղ ունեն մեր առաքելության մեջ: Տասնամյակներ առաջ ստեղծված Եկեղեցիների Համաշխարհային Խորհուրդը վաղուց ի վեր շահեկան դերակատարում է ստանձնել՝ նպաստելու աշխարհում մշտամնա խաղաղության ու արդարության հաստատման, ոճրագործություների կանխարգելման, ժողովրդավար ու իրավահավասար հասարակության կերտման գործին: Կառույց, որն իր ստեղծման առաջին իսկ օրերից ստանձնել է չափազանց պատասխանատու ու վեհ առաքելություն, որի հիմքում ընկած են քրիստոնեական սերն ու համամարդկային արժեքները»:

Վեհափառ Հայրապետն իր երախտագիտությունը հայտնեց Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդին և նրա Գլխավոր քարտուղար դոկտ. Օլավ Թվայթին՝ հայ ժողովրդին ու Հայոց Եկեղեցուն մշտապես ցուցաբերվող բազմակողմանի աջակցության համար, որ դրսևորվել է նաև Հայոց Ցեղասպանության ճանաչման ուղղությամբ գործադրված ջանքերում: «Գոհունակությամբ պիտի նշենք, որ 100-ամյակի միջոցառումներին մեր աղոթքներին միացան բազմաթիվ հոգևոր առաջնորդներ ու էկումենիկ կառույցների ղեկավարներ: Ի թիվս բազմաթիվ օտարերկրյա հյուրերի ներկա էին Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի, Եվրոպական Եկեղեցիների Կոնֆերանսի, Մերձավոր Արևելքի Եկեղեցիների Խորհրդի, Ամերիկայի Եկեղեցիների Ազգային Խորհրդի գլխավոր քարտուղարները: Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում կարևոր նշանակություն ունի նաև առաջիկայում Ժնևում կայանալիք էկումենիկ գիտաժողովը՝ ԵՀԽ բարձր հովանու ներքո», - ասաց Գարեգին Բ Կաթողիկոսը:

Իր խոսքում Վեհափառ Հայրապետն առանձնացրեց քրիստոնյաների կյանքում հաճախ տեղ գտնող տարաձայնությունները, կարևորեց մարդկությանը հուզող հիմնախնդիրների վերաբերյալ Քրիստոնեական աշխարհի միասնական դիրքորոշումը և դրանում էկումենիկ համագործակցության անհրաժեշտությունը: «Սիրելիներ, Դուք Հայաստան եք ժամանել աշխարհի տարբեր երկրներից և ներկայացնում եք Քրիստոսի Եկեղեցու տարբեր ճյուղերը: Ձեզ բարի գալուստ ենք մաղթում մի երկրում, որն ունի հազարամյակների պատմություն, հինավուրց կրոն ու հարուստ մշակույթ: Այստեղ ապրում է հյուրընկալ մի ժողովուրդ, ով մեծապես կարևորում է համերաշխությունն ու համագործակցությունը կրոնների ու քաղաքակրթությունների միջև: Մեր Տեր Հիսուս Քրիստոս ասում է. «Թող բոլորը մեկ լինեն, … որ աշխարհը հավատա» (Հովհ. ԺԷ 21): Քրիստոս է Եկեղեցու գլուխը, իսկ մենք, լինելով Նրա հիմնադրած Եկեղեցու մարմնի անդամները, ամենայն պարտավորվածությամբ ու սրբությամբ պիտի պատասխանատու լինենք ոչ միայն ինքներս մեր առջև, այլև մեր եղբայրների, որպեսզի կատարած լինենք մեր Տիրոջ պատգամը՝ սիրել միմյանց այնպես, ինչպես Նա մեզ սիրեց:

Ցավոք, քրիստոնյաների կյանքում երբեմն տեղ գտնող տարաձայնությունները, անհաշտ մրցակցության դրսևորումները ստվերում ու խոչընդոտում են այն տեսլականը, որի համար Եկեղեցին աղոթում է և որին ձգտում է էկումենիկ համագործակցության և երկխոսության միջոցով: Այս նպատակով է, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հույսով ու լավատեսությամբ է հետևում Եկեղեցիների միջև հարաբերությունների զարգացմանը՝ ավելի զարկ տալու համար համատեղ կրթական և սոցիալական ծրագրերին, հիմնախնդիրների վերաբերյալ մեր միասնական դիրքորոշման արտահայտմանը: Կամոքն Աստուծո էկումենիկ երկխոսության ու գործակցության փորձառությունը նոր հեռանկար է ստեղծել ամենքիս համար, երբ Քրիստոսի Եկեղեցու տարբեր անդամներ կարողանում են ըմբռնումով մոտենալ միմյանց տարբերություններին և կենտրոնանալ ընդհանրությունների վրա», - նշեց Նորին Սրբությունը:

Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը, վերստին ողջունելով ԵՀԽ Գործադիր կոմիտեի ժողովի գումարումը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում, մաղթեց, որ Բարին

Աստված արդյունավոր աշխատանք պարգևի Գործադիր վարչության ժողովին՝ ի նպաստ Եկեղեցիների միջև եղբայրական հարաբերությունների զորացման և աշխարհը հուզող համապարփակ խնդիրների հաղթահարման:

Այնուհետև, ժողովի օրակարգի հաստատումից հետո, նիստի մասնակիցներին ԵՀԽ գործունեության հաշվետու տարեկան զեկույցը ներկայացրեց ԵՀԽ Գլխավոր քարտուղար դոկտ. Օլավ Թվայթը:

Առաջիկա օրերին ժողովականները կքննարկեն էկումենիկ հարաբերությունները խթանող հարցեր, կանդրադառնան աղքատության, պատերազմների, կլիմայի փոփոխության և, հատկապես, Մերձավոր Արևելքում հավատքի համար իրենց կյանքով վճարող քրիստոնյաների հիմնախնդիրներին, կփորձեն գտնել Եկեղեցիների միասնական պատասխաններ մարդկության առջև ծառացած մարտահրավերներին:

Ժողովի բացման արարողությանը ներկա էին Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, ԵՀԽ Կենտրոնական կոմիտեի ֆինանսական հանձնախմբի մոդերատոր Գերաշնորհ Տ. Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանը, Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների պատասխանատու Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը, Մայր Աթոռի Վարչա-տնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը և Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի փոխտնօրեն Հոգեշնորհ Տ. Գարեգին աբեղա Համբարձումյանը:

08.06.15
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․