Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սկսվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը

Հոկտեմբերի 28-ին Վեհարանի ժողովասրահում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, սկսվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը ընդլայնված կազմով:

Ժողովը բացվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի ողջույնի խոսքով: Իր հայրապետական օրհնությունը բերելով ժողովականներին` Նորին Սրբությունը հույս հայտնեց, որ ինչպես նախորդ ժողովների ընթացքում, այնպես և այս ժողովին տեղի կունենան արդյունավետ քննարկումներ Հայոց Եկեղեցուն և ժողովրդին հուզող զանազան խնդիրների առնչությամբ:

Վեհափառ Հայրապետը ողջունեց նաև ժողովին Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքության պատրիարքական տեղապահ Գերաշնորհ Տ. Սահակ եպիսկոպոս Մաշալյանի ներկայությունը, ով առաջին անգամ է այս հանգամանքով մասնակցում ԳՀԽ ժողովին և զեկույց է ներկայացնելու Պատրիարքարանին առնչված հարցերի և Կ. Պոլսի Հայոց Պատրիարքի ընտրության գործընթացի առնչությամբ:

Քառօրյա ժողովի ընթացքում կքննարկվեն Եկեղեցու վարչական, կանոնական ու հովվական կյանքին և կրթական ու սոցիալական առաքելությանն առնչված հարցեր: Մասնավորապես զեկույցներ կներկայացվեն 2020 թվականին գումարվելիք Ազգային-եկեղեցական Ժողովի (ԱԵԺ) կազմակերպման ընթացքի, ԱԵԺ օրակարգային նյութերի նախապատրաստման նպատակով ստեղծված յոթը հանձնախմբերի կատարած աշխատանքի վերաբերյալ: Գերագույն հոգևոր խորհուրդը զեկույց կլսի Մայր Տաճարի հիմնանորոգության առնչությամբ: Կքննարկվեն Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդաց Միության գործունեության զորացման ուղիները:

28.10.19
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․