Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Հայոց Ցեղասպանության նահատակների սրբադասման արարողությունը

Ապրիլի 23-ին, Մայր Աթոռ Ս. Էջմիածնում` Ս. Տրդատի բաց խորանին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հանդիսապետությամբ, կատարվեց Հայոց Ցեղասպանության նահատակների սրբադասման արարողությունը:

Սրբադասման արարողությանը ներկա էր հայոց պետական ավագանին` գլխավորությամբ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի: Արարողությանը ներկա էին նաև Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու թեմակալ առաջնորդներ, Գերագույն հոգևոր խորհրդի անդամներ, աշխարհասփյուռ թեմերի պատվիրակներ, բարերար հայորդիներ, հասարակական, մշակութային գործիչներ, դիվանագիտական առաքելությունների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի և սրբադասման արարողության առիթով Հայաստան ժամանած Քրիստոնեական Եկեղեցիների հոգևոր պետեր ու պատվիրակություններ, միջեկեղեցական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Հայոց Ցեղասպանության նահատակների սրբադասման արարողության անցկացման հովանավորությունն ստանձնել էր Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը:

Արարողությունն սկսվեց հայրապետական հանդիսավոր խաչվառազարդ թափորով, որով Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը Մայր Տաճարից տասներկու եպիսկոպոսների ուղեկցությամբ «Խորհուրդ խորին» շարականի երգեցողության ներքո առաջնորդվեցին Ս. Տրդատի բաց խորան:

Հայրապետական ամպհովանին կրում էին «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի պատվո նախագահ Գաբրիել Չեմբերջյանը, Շարժայի բանկի ընդհանուր տնօրեն Վարուժան Ներգիզյանը, Լիբանանի խորհրդարանի նախկին անդամ և նախարար Շահե Բարսումյանը և Չինաստանի հայ համայնքի նախագահ Հենրի Արսլանյանը:

Թափորի մեջ տարվում էին համաքրիստոնեական սրբություններ և մեծանուն սրբերի 14 մասունքներ` Ս. Գեղարդը, Ս. Գրիգոր Լուսավորչի Աջը, Կենաց Փայտով խաչ-մասունքարանը, Սկևռայի մասանց պահարանի կրկնօրինակը, Ս. Ստեփանոս Նախասարկավագի մասունքով Աջը, Ս. Հռիփսիմե կույսի մասունքով Աջը, Ս. Անանիա առաքյալի մասունքով Աջը, Ս. Սահակ Պարթև Հայրապետի մասունքով Աջը, Ս. Սարգիս Զորավարի մասունքով Աջը, Ս. Գևորգ Զորավարի մասունքով Աջը, Ս. Թադեոս և Ս. Սանդուխտ կույսի մասունքներով խաչ-մասունքարանը, Ս. Հովհաննես Մկրտչի մասունքով խաչ-մասունքարանը, Ս. Գրիգոր Նարեկացու և այլ սրբոց մասունքներով մասունքարանը և Զեյթունի Ավետարանը: Բոլոր այս սրբոց մասունքների հետ թափորի մեջ եկեղեցականները կրում էին նաև Հայոց Ցեղասպանության նահատակների մասունքները պարունակող երկու մասունքարանները:

Բաց Խորանի մոտ երգչախումբը «Հրաշափառ» շարականով ազդարարեց թափորի մուտքը, ապա միասնական Տերունական աղոթքով սկսվեց սրբադասման բուն արարողությունը:

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության միաբան Գերաշնորհ Տ. Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանն ընթերցեց Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների վկայաբանությունը: Այնուհետև «Ուրախ լեր» շարականի երգեցողությանը հաջորդեց Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի կողմից Եպիսկոպոսաց ժողովի հռչակագրի ընթերցումը, որում ասվում է.

 

«ՀՌՉԱԿՈՒՄՆ ՍՐԲՈՑ ՆԱՀԱՏԱԿԱՑ, ՈՐՔ ԿԱՏԱՐԵՑԱՆ ՅԸՆԹԱՑՍ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ ՀԱՅՈՑ ՎԱՍՆ ՀԱՒԱՏՈՅ ԵՒ ՎԱՍՆ ՀԱՅՐԵՆԵԱՑ

Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ.

Մենք՝ Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Կաթողիկոս Ամենայն Հայոց և Արամ Ա Կաթողիկոս Մեծի Տանն Կիլիկիո,

Սուրբ Երրորդության շնորհաբաշխ զորությամբ, Տեր Հիսուս Քրիստոսից տրված և Հայաստանյայց առաջին լուսավորիչներ սուրբ Թադեոս և սուրբ Բարդուղիմեոս առաքյալներից փոխանցված իշխանությամբ, Սուրբ Աստվածամոր, Հայոց երկրորդ Լուսավորիչ Սուրբ Գրիգորի և ամենայն սրբոց բարեխոսությամբ, Եպիսկոպոսաց Ժողովի որոշմամբ և մեր ժողովրդի քրիստոնեական կյանքի վկայությամբ՝

ՍՐԲԱԴԱՍՈՒՄ ԵՆՔ

Հայոց Ցեղասպանության նահատակներին և

ՀՌՉԱԿՈՒՄ ԵՆՔ

Ապրիլ 24-ը «Յիշատակ Սրբոց նահատակաց, որք կատարեցան յընթացս Ցեղասպանութեան Հայոց վասն հաւատոյ եւ վասն Հայրենեաց»:

Եվ արդ, Սուրբ Նահատակներ, անմոռաց հիշմամբ,

Օրհնաձայն հայցմամբ աղաչում ենք ձեզ,

Ընդունեք մեր աղոթքները և բարեխոսեցեք մեզ համար,

Որպեսզի և մենք անդադար ձայնով և աներկյուղ սիրով

Փառք վերառաքենք Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն,

Այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. Ամէն»:

 

Սրբադասման հռչակումից անմիջապես հետո «Էջ Միածինն ի Հօրէ» շարականի երգեցողության ժամանակ Մայր Աթոռի «Էօռնեկյան» դպրոցի աշակերտների կողմից երկինք բաց թողնվեցին աղավնիներ:

Այնուհետև Մայր Աթոռի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության միաբան Գերաշնորհ Տ. Բաբկեն արքեպիսկոպոս Չարյանի կողմից սուրբգրային ընթերցումներից հետո տեղի ունեցավ Հայոց Ցեղասպանության նահատակների սրբապատկերների քողազերծումը և օրհնությունը:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն աղոթքից հետո Սրբալույս Մյուռոնով օծեցին երկու սրբապատկերները: Սրբոց մասունքների և սրբապատկերների խնկարկումից հետո խորանին գտնվող եկեղեցականները համբուրեցին նորաօծ սրբապատկերները:

Ապա երգչախումբը հանդիսավոր կերպով կատարեց Հայոց Ցեղասպանության նահատակներին նվիրված «Հրաշացան պակուցմամբ» շարականը, որի հեղինակն է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության լուսահոգի միաբան Գերաշնորհ Տ. Զարեհ արքեպիսկոպոս Ազնավուրյանը:

Արարողությունն ամփոփվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի` Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսության հայցով:

Այս պատմական առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը իրենց հայրապետական պատգամը հղեցին աշխարհասփյուռ հայությանը:

Հավարտ արարողության` ժամը 19:15-ին, ազդարարվեց լռության րոպե, որին հաջորդեցին Մայր Տաճարի 100 գուժկան զանգերը, ապա տոնական ղողանջը` ի պանծացումն Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների:

 

 

23.04.15
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․