Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Քահանայից տարեկան հավաքը

Հունիսի 3-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, տեղի ունեցավ Հայոց Եկեղեցու թեմերում և կառույցներում սպասավորող քահանաների տարեկան հավաքը: «Հայոց Ցեղասպանության հետևանքները հայոց ազգային և հոգևոր կյանքում» խորագրի ներքո գումարված հավաքին ներկա էին 235 հոգևորականներ: Հավաքին մասնակցում էին նաև Արցախի, Վիրահայոց, Ավստրալիայի և Իրաքի հայոց թեմերի ներկայացուցիչներ:

Մինչ ժողովը, Մայր Տաճարում եկեղեցականաց դասը թեմակալ առաջնորդների գլխավորությամբ մասնակցեց Գիշերային ժամերգության, այնուհետև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում ժողովն սկսեց իր աշխատանքը:

Միասնական Տերունական աղոթքից հետո վերջին տարում ի Տեր ննջած քահանա հայրերի հոգիների խաղաղության համար աղոթք վերառաքվեց առ Բարձրյալն Աստված:

Այնուհետև ողջույնի և բացման խոսք ասաց Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանը:

Հավաքին զեկույցներով հանդես եկան Արարատյան Հայրապետական թեմից Արժանապատիվ Տ. Եսայի քահանա Արթենյանը («Եղեռնի ազդեցությունը հայ քահանայի հովվական ծառայության վրա»), Կոտայքի թեմից Արժանապատիվ Տ. Զոհրապ քահանա Մանասյանը («Եղեռնի ազդեցությունը հայ ահամայնքային կյանքի վրա») և Արագածոտնի թեմից Արժանապատիվ Տ. Եփրեմ քահանա Զարգարյանը («Եղեռնի ազդեցությունը հայ ընտանիքի վրա»):

Ներկայացված զեկույցների քննարկումից հետո քահանայից ժողովը հանդես եկավ հայտարարությամբ.

«Մենք` քահանայից տարեկան հավաքի 235 մասնակիցներս, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և նախագահությամբ համախմբվեցինք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում` հոգևոր խորհրդածության նյութ ունենալով «Հայոց Ցեղասպանության հետևանքները հայոց ազգային և հոգևոր կյանքում» թեման:

Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի նվիրական տարում գումարված այս ժողովին գոհություն և փառք ենք հայտնում Երկնավորին եղբայրական համախմբման այս հնարավորության համար, ինչպես նաև Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսության հայցով աղոթք ենք բարձրացնում Հայրենիքի և Հայ Եկեղեցու պայծառության և անսասանության համար:

Մասնավորապես արծարծեցինք Եղեռնի ազդեցությունը հայ քահանայի հովվական ծառայության, համայնքային կյանքի և ընտանիքի վրա: Արձանագրեցինք, որ ներկայիս հայ հասարակության կյանքում և Հայ Եկեղեցու

հովվական ծառայության մեջ առկա շատ մարտահրավերներ ու խնդիրներ հետևանք են Հայոց Ցեղասպանության եղերական ոճրագործության: Հատկապես ժողովրդի հոգևոր և աշխարհիկ առաջնորդների, այդ թվում` 4000 հայ եկեղեցականների կոտորածը, հոգևոր-մշակութային արժեքների ոչնչացումը հանգեցրեցին ժողովրդի հայրենազրկմանն ու բռնի տարագրմանը, ծխական կյանքի կազմալուծմանը, Սփյուռքի գաղթօջախների ձևավորմանը: Եկեղեցու հոգեխնամ առաքելության իրագործմանը մեծ հարված հասցրեցին նաև ստալինյան բռնապետության տարիները:

Փառք ենք վերընծայում առ Բարձրյալը, որ պատմական Հայրենիքի արևելյան փոքրիկ հատվածում և Սփյուռքի բազում գաղթօջախներում Տիրոջ ողորմությամբ և Ս. Հարության լույսով վերընձյուղվեց հայոց կյանքը: Առկա աշխարհաքաղաքական դժվարին պայմաններում, աշխարհը հուզող մարտահրավերներին հանդիման, գիտակցելով Հայրենիքի և աշխարհասփյուռ ժողովրդի նկատմամբ մեր հավաքական պատասխանատվությունը, կարևորում ենք.

ա. Հայրենիքի բոլոր բնակավայրերում և Սփյուռքի նորաստեղծ գաղթօջախներում ծխական կյանքի վերակազմավորումը` համաձայն Հայ Եկեղեցու կանոնների ու կարգերի.

բ. քրիստոնեական դաստիարակությանն ու ազգային ինքնության պահպանությանը նպաստող հովվական ծրագրերի իրականացումը.

գ. հայ ընտանիքի առջև ծառացած արժեհամակարգային, սոցիալական մարտահրավերների հաղթահարման նպատակով Եկեղեցու կողմից մասնավոր քայլերի նախաձեռնումը.

դ. հայոց պատմական վանքերի ու եկեղեցիների վերականգնումը և աղոթատներ չունեցող բնակավայրերում նոր եկեղեցիների կառուցումը.

ե. Մայր Աթոռի սոցիալական ծառայության գրասենյակի և թեմերի պատկան կառույցների կողմից հայրենաբնակ ժողովրդին, սիրիահայ կարիքավոր ներգաղթյալներին ի նպաստ իրականացվող սոցիալական բազմաբնույթ ծրագրերի շարունակական ընթացքը:

Ցավով ենք նկատում այն, որ մարդկության կյանքում այսօր շարունակվում են բռնություններն ու հակամարտությունները: Դատապարտելով աստվածապարգև կյանքի, մարդու արժանապատվության և մարդկության խաղաղ համակեցության դեմ ուղղված ամեն բռնարարք` մտահոգություն ենք հայտնում Մերձավոր Արևելքում, մասնավորապես Սիրիայում և Իրաքում, դրսևորվող կրոնական անհանդուրժողականության, քրիստոնյաների նկատմամբ տեղ գտնող հալածանքների համար: Կոչ անելով ամենքին սիրո, համերաշխության և գործակցության` աղոթում ենք համայն աշխարհում խաղաղության վերահաստատման համար:

Մեր աղոթքն ենք բարձրացնում նաև առ Աստված մեր ժողովրդի բարօրության, ազգային-եկեղեցական կյանքի առաջընթացի և Հայրենիքի խաղաղության ու անսասանության համար»:

Ժողովն ամփոփվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության խոսքով: Նորին Սրբությունն իր ուրախությունն արտահայտեց հավաքի առիթով Մայր Աթոռ ժամանած քահանաների ներկայության համար:

Անդրադառնալով եկեղեցական կյանքում արձանագրված հաջողություններին, մասնավորապես, հոգևոր սպասավորների պատրաստությանը, աստվածպաշտության կանոնավոր կազմակերպմանը, քարոզչական, սոցիալական ծրագրերի իրականացմանը և եկեղեցաշինությանը`

Վեհափառ Հայրապետն իր գնահատանքը հայտնեց հոգևոր դասի ներկայացուցիչներին իրենց ազգանվեր ծառայության համար:

Նորին Սրբությունն ընդգծեց նաև, որ Եկեղեցին տակավին շատ անելիքներ ունի, քանի դեռ Եկեղեցին չի կերտվել յուրաքանչյուր հայորդու հոգուց ներս, քանի դեռ յուրաքանչյուրն իր կյանքը չի ապրում` խարսխված Քրիստոսի Ավետարանի պատվիրանների ու պատգամների վրա, որպեսզի հոգևոր կյանքի զորությամբ հնարավոր լինի դիմակայել ազգային կյանքի բոլոր դժվարությունները:

Իր խոսքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձավ նաև Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման արարողություններին` գոհունակությամբ նշելով, որ թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում դրանք հոգևոր վերարթնություն բերեցին, կերտեցին ազգային միասնականության ոգին ու գիտակցությունը: Հայոց Հովվապետը եկեղեցականներին հորդորեց աճող սերնդին կրթել նույն ոգով, որով նահատակության պսակ ընդունեցին Հայոց Ցեղասպանությանը զոհ գնացած հայորդիները. նահատակություն, որ ազգային ինքնության համար էր:

Վերջում Գարեգին Բ Կաթողիկոսը հոգևոր սպասավորներին պատգամեց նույն նախանձախնդրությամբ շարունակել իրենց ծառայությունը` ի զորացումն հավատացյալների հավատքի և Եկեղեցու պայծառության:

Ժողովի մասնակիցները հավաքի ավարտին Մայր Տաճարում մասնակցեցին Երեկոյան ժամերգության:

03.06.15
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․